Տրիումվիրատը մեռա՞վ

Տրիումվիրատը մեռա՞վ

Արցախի դեմ ալիեւյան խունտայի ագրեսիայից մեկ ամիս է անցել: Սահմանին դեմ առ դեմ կանգնած են զորքեր, հակառակորդը չի դադարեցնում սպառնալիքները: Իրավիճակը լայնածավալ պատերազմից «հինգ րոպե պակաս է»: Բաքվում մինչեւ 40 տարեկան պահեստազորայիններ են գերժամկետային ծառայության «կամավորագրվում»:



Մեկ ամսում ի՞նչ է արել Տրիումվիրատը՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը: ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների երրորդական-չորրորդական մակարդակի ներկայացուցիչները, որոնց «համանախագահ» ճոռոմ որակումն է տրված, եղել են Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում, հետո՝ Վիեննայում, հետո հայտարարել, որ դարձյալ կայցելեն տարածաշրջան:



Գալիս են որ ի՞նչ անեն… Տրիումվիրատն իր «ներկայացուցչականությամբ» վաղուց է սպառվել: Ո՞վ գիտի՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում ինչ «հեղինակություն» է Իգոր Պոպովը կամ ԱՄՆ պետդեպում՝ Ջեյմս Ուորլիկը: Այս հարցում Ֆրանսիացի համանախագահը «սայլի հինգերորդ անիվ է»:



Տրիումվիրատը ռեանիմացնելու մի հնարավորություն կա, եթե Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները նշանակեն լիազոր ներկայացուցիչներ: Կամ միջնորդություն իրականացնեն համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Եթե նման որոշում չի ընդունվում, ուրեմն Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ԼՂ կարգավորման կոնսոլիդացված մոտեցումներ չունեն:



Ինչից որ այսքան տարի զգուշանում էինք, ինչում որ փորձում էինք համոզել միջնորդներին, արդեն եղել է՝ Ադրբեջանը դիմել է ագրեսիայի եւ հետքայլ չի անելու: Ալիեւը մի ճանապարհ ունի՝ խորացնել ճգնաժամը: Դա կարող է լինել լայնածավալ ագրեսիայի կամ «սողացող» պատերազմի ձեւով: Ամենայն հավանականությամբ, կընտրվի երկրորդ ճանապարհը:
Այն ռիսկեր չի պարունակում: Մյուս կողմից էլ հյուծում է հայկական կողմերին: Բոլոր առումներով: Տրիումվիրատը կոնսոլիդացված միջամտություն չի ցուցաբերելու:



«Խեղդվողների փրկությունը միայն իրենց գործն է»: Իսկ առանձին նախաձեռնությունը մյուսի կողմից լռելյայն տորպեդահարվելու է:



Արժե՞ ջատագովել մի ինստիտուտ, որն ստեղծված է ոչ թե խնդիր լուծելու, այլ «ոչ ինձ, ոչ քեզ» իրավիճակը հնարավորինս երկարաձգելու համար: Ի՞նչ տեղի կունենա, եթե Տրիումվիրատը դադարի «միջնորդել»:



Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան անցնելու են Ադրբեջանի կողմը, միասնաբար գրոհելու են Արցա՞խը: Կամ եռյակից մեկն Ադրբեջանին է ռազմական օգնություն ցուցաբերելու, մյուսը՝ Հայաստանին, երրորդը խաղից դու՞րս է գալու: Թուրքիան միանալու է ադրբեջանական ագրեսիայի՞ն, վտանգելու է Հայաստանի արեւմտյան սահմաննե՞րը…



Այս սցենարներից ցանկացածը կարող է գործել նաեւ Տրիումվիրատի ֆորմալ կենդանության օրոք: Այստեղ ավելի կարեւորվում են երկկողմ հարաբերությունները: Իսկ դրանք հստակելու համար հարկ է քայլ անել…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ