Սոցինտերնը քայլեր է ձեռնարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

Սոցինտերնը քայլեր է ձեռնարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:



Սերժ Սարգսյանը եւ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երեւանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ զրույց են ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:



Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին եւ որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, եւ ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է:



Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ: Սոցինտերնի գլխավոր քարտուղարը Սարգսյանից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով եւ Սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը: Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ համակարծիք լինելով Սերժ Սարգսյանի հետ, որ որքան բաց ու անկեղծ լինեն հանդիպումներն ու քննարկումները եւ հստակ՝ արտահայտվող դիրքորոշումները, այնքան օգտակար կլինեն գործին:



Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել կազմակերպության անդամ ՀՅԴ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցության մասին, որը, նրա խոսքով, տարեցտարի ամրապնդվում է:



Հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի համար կարեւորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում եւ կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի շարունակական կառուցողական դիրքորոշումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: