«Ամերիաբանկը» 3 մլն. դրամ է վճարել՝ ավտոկայանատեղին սեփականացնելու համար

«Ամերիաբանկը» 3 մլն. դրամ է վճարել՝ ավտոկայանատեղին սեփականացնելու համար

Երեւանում պարադոքսալ երեւույթներ են տեղի ունենում։ Մարդիկ գումար են վճարում, որ կանգնելու տեղ ունենան դրա համար հատկացված վայրերում, մեկ ուրիշն էլ գումար է վճարում, որ դու այնտեղ չկանգնես։ Խոսքը տարբեր օբյեկտների կողմից սեփականաշնորհված ավտոկայանատեղիների եւ այդ չարաբաստիկ կարմիր գծերի մասին է։ Բավական չէ վարորդներն ամբողջ օրը դժգոհում են այդ մասնավոր բիզնեսից, դեռ գումարն էլ վճարում են ու չեն կարողանում կանգնել։ Ինչո՞ւ, որովհետեւ հաճախ դրանց տիրացել են այն խանութների, հիմնարկների տերերը, որոնց դիմաց գտնվում են։



Վերջիններս թույլ չեն տալիս, որ մարդիկ իրենց մեքենաները կայանեն այդ տարածքում, եթե, իհարկե, իրենց խանութի հաճախորդ կամ հիմնարկի աշխատող չեն։ Շատ կազմակերպություններ էլ ուղղակի սեփականացնում են իրենց հարմար տարածքները քաղաքի ավագանու որոշմամբ ու դարձյալ թույլ չեն տալիս, որ «կողմնակի» անձինք կայանեն իրենց մեքենաներն այդտեղ։ Օրինակ՝ Շահումյան հրապարակին կից գործող «Ամերիաբանկը», որն իրենով է արել մի ամբողջ ավտոկայանատեղի եւ միայն իր մեքենաներն է թողնում այնտեղ կայանել կամ բանկի հաճախորդներին։



Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիմունքներով եւ ում որոշմամբ են տրամադրվում մայրաքաղաքում առկա ավտոկայանատեղիները մասնավոր ընկերություններին, օրինակ՝ բանկեր, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ եւ այլն։ Ի՞նչ ֆինանսական պարտավորություններ են առաջացնում դրանք եւ որքա՞ն են կազմում։ Ի՞նչ հիմունքներով եւ ի՞նչ հիմնավորմամբ է Շահումյան հրապարակին հարող ավտոկայանատեղին տրամադրվել «Ամերիաբանկին»։ Արդյոք դրա դիմաց նշյալ բանկը գումար վճարո՞ւմ է եւ որքա՞ն։ Բացի ֆինանսականից, ուրիշ ի՞նչ պարտավորվածություններ ունի բանկը։



Ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից մեզ ասացին, որ ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու իրավունքը տրվում է Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.93-Ն որոշման հիման վրա։ Ծառայողական ավտոկայանատեղիի կազմակերպչի կողմից վճարվում է տեղական տուրք, որի դրույքաչափը, ինչպես եւ ցանկացած տուրքի տեսակի համար, յուրաքանչյուր տարի սահմանվում է Երեւանի ավագանու կողմից։ Ընթացիկ տարվա համար՝ այլ մեքենաների կայանման սահմանափակմամբ իրավունքով կայանատեղերի 1 ավտոտեղի համար կազմակերպչի կողմից վճարվում է տարեկան 100 հազար ՀՀ դրամ տեղական տուրք, իսկ առանց այլ մեքենաների կայանման սահմանափակմամբ կայանատեղերի 1 ավտոտեղի համար՝ 80 հազար ՀՀ դրամ։ Ըստ այդմ՝ կոնկրետ Շահումյան հրապարակում ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունքն «Ամերիա» ՓԲԸ-ին տրվել է Երեւան քաղաքի ավագանու 25.12.2013թ. հ.104-Ա որոշմամբ, իսկ 2016թ. ընթացքում դրա շահագործումը շարունակելու իրավունքը տրվել է Երեւան քաղաքի ավագանու 23.12.2015թ. հ.452-Ա որոշմամբ։ Հիշյալ ընկերության կողմից համայնքային բյուջե վճարվող տարեկան տուրքի չափը կազմում է 3.0 մլն. ՀՀ դրամ։



Ինչ վերաբերում է տարատեսակ սպասարկման եւ առեւտրի օբյեկտների դիմաց դրանց տերերի կողմից «կարմիր գծերում» կայանմանը խոչընդոտելուն, ապա քաղաքապետարանից հղում արեցին օրենքին՝ նշելով. «Համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհահատվածներում կազմակերպված ընդհանուր օգտագործման վճարովի ավտոկայանատեղերում այս կամ այն անձի կողմից, ապօրինի կերպով, մեքենաների կայանման արգելումն անթույլատրելի է եւ լրացուցիչ այլ մեկնաբանության կարիք չունի»։



«Չնայած այն հանգամանքին, որ հարցի կարգավորումը բացառապես ՀՀ ոստիկանության գործառույթների եւ լիազորությունների շրջանակներում է, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, կայանատեղերում տեղադրվող արգելքներն ու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների անցկացմանն օժանդակելու համար ոստիկանությանն են միացել նաեւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները»,-հավելեցին քաղաքապետարանից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ