Ժամանակը ցույց կտա` ով ումից է հոգնել. մեկնարկեց «Ռեֆորմիստների» հիմնադիր հանրագումարը (ֆոտո)

Ժամանակը ցույց կտա` ով ումից է հոգնել. մեկնարկեց «Ռեֆորմիստների» հիմնադիր հանրագումարը (ֆոտո)

Այս պահին Հիլթոն հյուրանոցում տեղի է ունենում «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը: Մինչ մեկնարկը, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին անդամ Վահան Բաբայանը, ով «Ռեֆորմիստների» հիմնադիրներից է, ասաց, որ իրենց կուսակցությունը պետականամետ կուսակցություն է լինելու:



«Չի լինելու ընդդիմադիր կուսակցություն` ի տարբերություն նոր ստեղծվող բազմաթիվ ընդդիմադիր, հեղափոխություններ անող կուսակցությունների: Մենք ռեալ պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահի և կառավարության իրականացրած բարեփոխումներին, ինչպես նաև՝ մենք ինքներս փորձելու ենք մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:



Բաբայանի կարծիքով` ժողովուրդը հոգնել է ընդդիմադիր այդ անվանումներից և նման կոչերից, որոնք որ արդյունք չեն տալիս:



Hraparak.am-ի հարցին, թե ժողովուրդը իշխանություններից էլ է հոգնել, Բաբայանն ասաց. «Դա Ձեր կարծիքն է... տարբեր են կարծիքները, բոլոր տիպի կարծիքներն էլ, իհարկե, գոյություն ունենալու իրավունք ունեն: Կապրենք, կտեսնենք: Ժամանակը ցույց կտա` ով ումից է հոգնել, ում խոսակցություններն են քամիներ, ումը` իրականություն, և ով ինչ տեղ կզբաղեցնի նոր խորհրդարանում»:



Նշենք նաեւ, որ կուսակցության նախագահ ընտրվեց Վահան Բաբայանը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ