Ինձ համար Հանրապետականի ցուցակն էլ է նույնը, Դաշնակցության ցուցակն էլ

Ինձ համար Հանրապետականի ցուցակն էլ է նույնը, Դաշնակցության ցուցակն էլ

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը կարծում է, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններում մարզպետը որեւէ մեկին սատարելու խնդիր չունի։ Նկատենք, որ Գյումրիում աշնանն սպասվող քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է իր ցուցակի առաջին համարում գրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունը։ ՀՅԴ-ական մարզպետի հարաբերությունները բավականին ջերմ են Բալասանյանի հետ, եւ հենց այդ տեսանկյունից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է սատարի հենց Բալասանյանին։



«Բայց մարզպետն ի՞նչ խնդիր ունի որեւէ մեկին սատարելու»,-ասաց նա։



- Դուք քաղաքական ուժ եք ներկայացնում, նաեւ տվյալ մարզի ղեկավարն եք, Գյումրին էլ Ձեր ղեկավարած մարզի ամենախոշոր քաղաքն է ու մարզկենտրոնը։



- Ես բազմիցս, էդ հարցն ինձ ուղղել են, ասել եմ, որ մարզպետը պիտի իրականացնի օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ անկախ իմ կուսակցական պատկանելությունից, թե ես որ կուսակցության ներկայացուցիչ եմ։ Ես ունեմ կոնկրետ ընտրությունների հետ կապված լիազորություններ, իրավասություններ, ես պիտի կատարեմ դրանք։



- Իսկ այդ լիազորությունների շրջանակում ինչո՞վ պիտի աջակցեք այս կամ այն թեկնածուին։



- Ո՞ւմ պիտի աջակցեմ։ Էդ Դուք եք ասում աջակցելու մասին։ Ես ընդամենը, ինչ որ ինձանից կախված է՝ որպես մարզպետի, որ ես նշանակեմ ընտրությունների օրը եւ այլն, եւ այլն, էդ ամբողջը, ինչ որ ինձ օրենսդրությամբ վերապահված է, ես դրանք եմ անում։ Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին... իմ կուսակցությունը՝ Դաշնակցությունը, ունի իր ավագանու ցուցակը, պիտի իր ավագանու ցուցակով գնա, ես էլ, որպես մարզպետ... ինձ համար Հանրապետականի ցուցակն էլ է նույնը, Դաշնակցության ցուցակն էլ է նույնը, մեկ այլ կուսակցության ցուցակն էլ է նույնը։ Ես ընդամենը, որպես մարզպետ, պիտի կարողանամ ապահովել հավասարությունն էդ ամբողջի։



- Ձեր կուսակցությունը չի՞ նեղանա, որ Ձեզ համար Հանրապետականի ցուցակն էլ է նույնը, Դաշնակցության ցուցակն էլ։



- Ինչի՞ պիտի նեղանան։ Ես որպես մարզպետ եմ ասում։



- Բայց Դուք մարզպետ եք նշանակվել քաղաքական համագործակցության արդյունքում՝ որպես դաշնակցական։



- Դա ի՞նչ կապ ունի, ինձ մարզպետ են նշանակել, որ օրենսդրությո՞ւն խախտեմ։



- Քաղաքական աջակցության մասին է խոսքը, պարոն Սիմոնյան։



- Ես ասում եմ՝ ես էդ պահին քաղաքական աջակցության խնդիր չունեմ։ Այդ քաղաքականությունն իրականացնում է իմ կուսակցությունը, ինքն ինչպես որոշի, էդպես էլ կանի՝ որպես Հայ հեղափոխական դաշնակցություն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ