Ի՞նչ էր անում կարկուտի դեմ իմ Սինամ տատը. անվճար խորհուրդ

Ի՞նչ էր անում կարկուտի դեմ իմ Սինամ տատը. անվճար խորհուրդ

Այս օրերին, երբ տեսա, թե ինչպես մեր նախարարներն ու անգամ մեծարգո վարչապետն ընկան մարզերը և ինչ տանջանքներ են կրում խեղճ ժողովրդի կրած վնասները հաշվելու և ով գիտի նաև փոխհատուցելու համար, հիշեցի մի անցած-գնացած պատմություն՝ կապված իմ մշեցի Սինամ տատի հետ:



Սինամը 118 տարի ապրեց: Ուրեմն խնդրում եմ նրա մեթոդը, որով պայքարում էր ահավոր տարերքի դեմ, ընդունել ի գիտություն և կիրառել: Սինամը ոչ ինստիտուտ էր ավարտել, ոչ տնտեսագետ էր ոչ էլ մանավանդ գյուղատնտես և օդերևութաբան: Սինամը շատ էլ գլուխ չէր հանում Հայաստանի մարզային բաժանումներից, բայց որ մարզում էլ լիներ՝ նրա մեթոդը աշխատում էր՝ կամ հեղեղից էր փրկվում տվյալ բնակավայրը, կամ կարկուտից: Սինոն (փաղաքշաբար այդպես էինք անվանում մեր մեծ տատին) երբեք չէր վրիպում:



Մի անգամ, երբ գյուղից եկել էր մեր տուն, այն ժամանակվա բաժանումով՝ Արագածի շրջանից Գուգարքի շրջան, մեկ էլ երկինքը սևացավ ու քամի բարձրացավ, կայծակներն սկսեցին շանթել երկնակամարը: Հետո այնպիսի մի որոտ լսվեց, որից տան գերաններն անգամ դողացին: Տատս մեզ՝ թոռներիս, քաշեց փեշերի տակ, իսկ Սինամը, կռացած, դողդոջ ձեռքերով փայտին հենված, քայլեց դեպի խոհանոց...



Համակ ուշադրությամբ հետևում էի իմ քաջ Սինամ տատին, որ բոլորիս նման տան հեռավոր անկյունում չծվարեց: Նա վերցրեց աղի տուփը (այն ժամանակ ստվարաթղթե տուփով էր աղը և խոշոր), անվարան բացեց մուտքի դուռը և մի քանի բուռ աղ նետեց դուրս՝ ինչ-որ անհասկանալի բառեր շշնջալով: Այդ պահին կարկուտի առաջին խոշոր հատիկները սկսեցին կտկտացնել տանիքն ու լուսամուտները:



Սինամն, իր գործն արած, նույն անվրդով քայլվածքով աղը դրեց տեղն ու գնաց էլի նստեց այնտեղ, որտեղ նստած էր մինչ արարողությունը:



Այդ օրը կարկուտ չեկավ, անձրևեց, և այգի ու մարգ մի լավ ջրվեցին: Այդ օրվանից ես այն զգացողությունն ունեմ, որ Սինամ տատս ամենակարող էր, և ինձ այլևս ոչ մի գիտնական չի կարող հակառան ապացուցել:



Ափսոսում եմ միայն, որ չեմ կարող ասել, թե աղ նետելիս ինչ ասաց Սինամը: Նա ինչ-որ բան շշնջաց, ինչ-որ բան խնդրեց կամ հրամայեց: Տարիներ անց հաճախ եմ կրկնել Սինամի արածը, որ կանխեմ արհավիրքը: Պատկերացրեք՝ օգնում է: Ամեն բուռ աղի հետ դիմում եմ տարերքին՝ սա էլ Սինամի կողմից քեզ:



Հարգելի պաշտոնյաներ, մեծարգո վարչապետ, փորձեք, միևնույն է, ժամանակակից հակակարկտային կայանքները չեն օգնում, իսկ երբ դուք մարզերն եք գնում, ձեզ տեսնելով, կարկուտն ավելի է կատաղում:



Էդիկ Անդրեասյան