ԵՊՀ «Սև շենքի» դիմաց «Երազը» մխրճվել է գազոնի մեջ (լուսանկարներ)

ԵՊՀ «Սև շենքի» դիմաց «Երազը» մխրճվել է գազոնի մեջ (լուսանկարներ)

Այսօր՝ կեսօրին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում՝ ԵՊՀ հայտնի «Սև շենքի» դիմաց։ Հայկական արտադրության հնամաշ ու կիսախարխուլ «Երազ» ավտոմեքենան վերևից իջնելիս եկել ու մխրճվել էր գազոնի մեջ։



Hraparak.am-ին ներկաներից ասացին, որ պատճառը արգելակների անսարքությունն է եղել. «Արգելակները չեն պահել, եկել մտել է գազոնի մեջ, մի կերպ կանգնել»։



Ասացին նաև, որ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, բայց մինչև հիմա մեքենան դեռ այնտեղ կանգնած էր։ ԱՊՊԱ գործակալները ժամանել, հեռացել էին, սակայն պետավտոտեսուչները դեռ այնտեղ էին։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Միակ «տուժածը» գազոնի թփերն էին, որոնց բախվելով՝ Երազն արմատախիլ էր արել։ Քաղաքապետարանից հավանաբար պետք է հաշվարկեն հասցված վնասը, որ վարորդը փոխհատուցի։



Նկատենք, որ հայկական երբեմնի ավտոինդուստրիայի միակ վկան հանդիսացող այս «Երազ» մեքենաները տեղով փորձանք են մեր ճանապարհներին։ Նրանց երկու սերունդ գոյություն ունի, այս մեկը առաջին սերնդի ներկայացուցիչն է, և սրանց մոտ արգելակները երբեք նորմալ չեն աշխատել։



Արգելակների խափանման պատճառով վթարներ այս տարիներին «Երազ»-ների հետ բազմաթիվ են եղել, բայց մարդիկ մինչև հիմա շարունակում են «արխային» վարել այս ավտոմեքենաները։ Այսօրվա վթարի ենթարկված «Երազի» տեսքից էլ երևում է, որ այն ուղղակի իր դարն ապրել է, էլի լավ է, որ կարողացել է տեղից պոկվի և մինչև Աբովյան փողոց հասնի «բնական» ճանապարհով։ Ափսոս՝ կանգնելը նրա մոտ ստացվեց ոչ թե բնական, այլ բնությանը վնաս պատճառելու ճանապարհով։



Հայերի մոտ միայն մեքենայի անունը մտածելն է լավ ստացվել՝ «ЕрАз»՝ Ереванский автозавод, որը հայերեն «Երազ» է դարձել։ Հայկական «Երազի» արտադրությամբ ու անկախության տարիներին դրա կասեցմամբ էլ հայկական ավտոմոբիաշնությունը մինչ օրս երազ մնաց հայերի համար:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ