Ոստիկանության լրատվականի տարօրինակ, զավեշտալի պատասխանները

Ոստիկանության լրատվականի տարօրինակ, զավեշտալի պատասխանները

Ոստիկանությունում վաղ առավոտից խառն են։ Թերևս հասկանալի է՝ երկրում խառը վիճակ է։ Բայց նրանց այդ խառը վիճակը բարդացնում է մեր՝ լրագրողների աշխատանքը։ Նախ ոստիկանության լրատվականից շատ դժվարությամբ են զանգերին պատասխանում։ Եթե պատասխանում էլ են, ապա տալիս են, մեղմ ասած, զավեշտալի, տաֆտալոգիկ պատասխաններ՝ պտտվելով ի շրջանս յուր։ Եվ սա կրկին դժվարեցնում է մեր աշխատանքը, քանզի նրանց խուսափողական, ոչինչ չասող պատասխաններից չենք կարողանում հստակ ինֆորմացիա ստանալ։ Չգիտես՝ դիտմա՞մբ են անում, թե՞ ուղղակի այդքան են կարողանում, ուղիղ հարց ես տալիս, ուրիշ բան են հասկանում։ Օրինակ՝ քիչ առաջ փորձեցինք նրանցից տեղեկություն ստանալ, թե այս պահի դրությամբ քանի՞ հոգի է բերման ենթարկվել և քանիսի՞ նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն։ Ահա թե ինչպես է պատասխանում մեր հստակ հնչեցրած հարցերին ոստիկանության լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։



-Այս պահի դրությամբ քանի՞ հոգի կա բերման ենթարկված ոստիկանական բաժանմունքներում։



-Երբվանի՞ց։



-Երեկվանից մինչ հիմա։ Այս պահի դրությամբ քանի՞ հոգի կան, որ ազատ արձակված չեն և գտնվում են ոստիկանական բաժանմուքններում։



-Դուք կոնկրետ ասեք՝ որտեղից բերման ենթարկված։



-Խոսքը վերջին երկու օրվա ընթացքում միտինգների, ցույցերի ժամանակ փողոցից, տներից բերման ենթարկած քաղաքացիների մասին է։



-Երկվա ցույցի տեղից բերման ենթարկվածները բոլորն էլ ազատ են արձակվել։



-Իսկ կա՞ն, որ դրանից առաջ կամ դրանից հետո են բերման ենթարկվել և դեռևս պահման վայրերում են։



-Բերման ենթարկված... ախր ու՞մ մասին է խոսքը, միգուցե ինչ-որ հանցանքով է բերված, կասկածանքով... Էդ բերվածների մասին դեռ նախորդ օրն ասել ենք, որ բոլորն էլ ազատ են արձակվել։ Իսկ երեկ միտինգի տեղից բերվածները բոլորն էլի ազատ են արձակվել էլի շատ կարճ ժամանակ անց։



-Իսկ նրանցից քանիսի՞ նկատմամբ է վարչական արձանագրություն կազմվել։



-Արձանագրություններ կազմվել են, ազատ են արձակվել բոլորն էլ։



-Իսկ դա ի՞նչ է ենթադրում իրենից, որոշակի գումարի չափով տուգա՞նք պետք է մուծեն։



-Արձանագրություն է դեռևս կազմվել։ Վարչական վարույթը կիրականացվի, հետո կպարզվի։



-Իսկ ինչի՞ հիման վրա է այդ արձանագրությունը կազմվել։



-Էդ արարքի համար, ինչ համար որ բերվել են իրենք բաժին։



-Օրինակ՝ մարդ, որ փողոցում կանգնած է եղել, և նրան բերման են ենթարկել, ո՞րն է եղել դրա հիմքը։



-Կոնկրետ ու՞մ մասին է խոսքը, Դուք կոնկրետ ասեք՝ ում մասին եք խոսում, որ ես կարողանամ պատասխանել՝ էդ մարդը ինչ է արել։



-Հարյուրավոր մարդկանց մասին է խոսքը, ես անվանական բոլորին չեմ կարող նշել։ Հայտնի դեմքերից, օրինակ, Դավիթ Սանասարյան, Վաղինակ Շուշանյան և այլն, որոնք որ խաղաղ ցուցարար են եղել, նրանց հետ նաև այլ տարբեր մարդիկ, որոնք ակցիայի են մասնակցել։ Նրանց ինչու՞ են տարել ոստիկանություն և ի՞նչ հիմքով է նրանց նկատմամբ վարչական արձանագրություն կազմվել։ Նաև ասացին, որ նրանց ծեծել են ոստիկանները։ Կոնկրետ ովքե՞ր են եղել ծեծողներն ու ինչու՞ են ծեծել։



-Ծառայողական քննություն կա նշանակված։



-Ո՞ր դեպքերով կոնկրետ։



-Դուք ո՞ր դեպքի մասին եք խոսում։



-Իսկ Դուք ո՞ր դեպքի մասին եք ասում։



-Դե, երեկվա դեպքերով նշանակված է ծառայողական քննություն։



-Քանի՞ դեպքով։



-Քանի ահազանգ որ ստացել ենք, այդքան բոլոր դեպքերով ծառայողական քննություն կա նշանակված։



-Հասկանալի է՝ քանիսի՞ նկատմամբ է նշանակված ծառայողական քննություն, քանի՞ դեպքով։



-Միջադեպով է նշանակված ծառայողական քննություն՝ երեկվա այդ օպերայի հրապարակում տեղի ունեցած։



-Մե՞կ միջադեպով, թե՞ մի քանի։



-Էդ բոլոր գործողությունները մի պահի չեղա՞վ երեկ։



-Ես չգիտեմ, Դուք եք ոստիկանության ներկայացուցիչը, Դուք պետք է ասեք։ Հարցս հստակ է, պարոն Գաբրիելյան, քանի՞ հոգու նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, ո՞ր միջադեպերի, քանի՞ դեպքերի հիման վրա է, որ ծառայողական քննություն է սկսվել։ Եթե կարող եք, նաև անվանական նշեք



-Օրվա հատվածը գոնե ասեք՝ որ դեպքերի մասին եք խոսում...



Հ.Գ. Թերևս ամուր նյարդեր է պետք ունենալ նման պաշտոնյայից քո հստակ շարադրված ուղիղ հարցին հստակ և ուղիղ պատասխան ստանալու համար։ Զարզանդ Գաբրիելյանի պատասխաններից ակնհայտ երևում էր, որ նա կա՛մ չէր կարողանում ընկալել մեր պարզ ու հստակ հարցերի բուն էությունը, դրա համար ի շրջանս յուր պտտվում էր, կա՛մ նրան հանձնարարված է հնարավորինս ցրել, հստակ տեղեկատվություն չտրամադրել, դրա համար էլ նա իրեն այսպես էր պահում։ Ամեն դեպքում խոստացավ մեր որոշ հարցերի պատասխանները ճշտել և քիչ ուշ տրամադրել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ