Մարդաորս՝ օրը ցերեկով. բերման ու ծեծի ենթարկվածները

Մարդաորս՝ օրը ցերեկով. բերման ու ծեծի ենթարկվածները

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։



Չարենցի այս տողերը կարծես գրված լինեն հենց այս օրերի համար, բայց մի կողմ դնելով լիրիկան, ինչպես Խորենացու փողոցի, այնպես էլ Ազատության հրապարակի «դաշտից» անցնող երկու օրերի երեկոյան ժամերին բերման ու ծեծի, նվաստացումների ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ, ովքեր կամ պարզապես իրենց բնակարանում էին, լուսանկարում էին, կամ ծառի ստվերին կանգնած կամ էլ առավելագույնը երթի էին մասնակցում:



Հարկ է հիշեցնել, որ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ով օրինահարգ է, ով օրենքը չի խախտում, նա որևէ խնդիր չունի: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ: 



Այսպես, թերևս առաջին բերման ենթակվածներից էր քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը: Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները գնացել են Միքայել Նազարյանի բնակարան՝ նրան փնտրելու։ Սակայն Միքայելը տանը չի եղել, և ոստիկանները բերման են ենթարկել Միքայելի հորը և եղբորը։ Այնուհետև՝ ժամը 08։00-ի սահմաններում Միքայելին գտել են Աշտարակում բնակվող իր բարեկամի տանը և բերման ենթարկել Աշտարակի ոստիկանական բաժին։ Միքայելի փաստաբանի տեղեկություններով՝ Միքայելին ոստիկանական բաժնում պարզաբանել են, որ բերման են ենթարկել, որպեսզի Երևան չգնա։ Միքայելին, սակայն, 30 ժամ անց բաց թողեցին, բայց երեկ նրան սպասվում էին արդեն հարվածներ և հեռախոսի անհետացում: Միքայելն այժմ փորձաշրջան է անցնում լրատվականներից մեկում և Սարի թաղ գնացել է՝ այնտեղի կրակոցները լսելուց հետո. «Երբ գնացինք, իրավիճակն արդեն լարված չէր, սակայն ոստիկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրեցին մտնել մի տուն, մինչեւ իրավիճակը առավել կհանգստանա, և կկարողանանք դուրս գալ փողոց: Որոշ ժամանակ անց արդեն որևէ ձայն կամ խնդիր չկար, դուրս եկանք, որպեսզի վերադառնանք Խորենացի փողոց: Սպասում էինք ճանապարհը բացվեր, երբ մեր դիմացով անցավ կարմիրբերետների ջոկատը: Էդ ընթացքում մենք ոչինչ չէինք խոսում, պարզապես կանգնած էինք: Մի քանի րոպե անց նույն ոստիկանները վերադարձան ու հարձակվեցին մեզ վրա: Սկսեցին ծեծել՝ առանց որևէ բան ասելու: Քիչ հեռվից մի վիրավոր ոստիկան սկսեց գոռալ, որ մենք կապ չունենք էդ բախումների հետ և որ մեզ չծեծեն: Ինձ էդպես ծեծված թողեցին ու գնացին»:



ՀԽ անդամ Դավիթ Սանսարյան - «Աշոտ Կարապետյանը հրավիրեց խոսելու, ասաց՝ չեք գնալու այստեղից: Ես էլ ասացի, որ ինքը չի որոշելու, թե մենք ինչ ենք անելու: Ես առաջարկել էի, որ քայլեցինք դեպի այստեղ: Եկան բռնի ուժով տեղափոխեցին մեքենա: Դուռը փակեցին, ինձ, Անդրանիկ Ասլանյանին ու Արթուր Մինասյանին սկսեցին հարվածել: Սա աննախադեպ էր, այս գազանությունը չի եղել երբեք: Ձեռնաշղթաները ամենացածր օղակով ոսկորներս ճզմելով հագցրել էին ու անմարդկային ձևով ծեծում էին բոլորիս: Մոտ մի 15 անգամ գլխիս են հարված հասցրել, ինչի հետևանքով ուղեղի ցնցում եմ ստացել: Դա խոշտանգում էր, Քրեական օրենսգիրքը շատ հստակ հոդված ունի այդ մասին: Ինձ քարշ տալով մեքենայից գցեցին դուրս և կրունկով խփեցին գլխիս: Ամբողջ ընթացքում սեռական բնույթի հայհոյանք էին տալիս ու մի ֆրազ էին ասում՝ այսուհետ չի լինելու այն, ինչ եղել է: Բերեցին ջուր լցրեցին վրաս ու ծաղրում էին, որ սրանք վախից են էս օրը ընկել: Դա արդեն ներքին զորքերի սպորտային դահլիճում»:





Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյան - «Ես պաշտպանվում էի: Կողային վնասվածքներ եմ ստացել՝ սալջարդ, ուսային հատվածում բավականին մեծ՝ կոշիկի տեղով վնասվածք եմ ստացել, դեմքիս՝ կապտուկներ, աչքերիս մեջ՝ արյուն, շրթունքներս՝ պատռված: Հիվանդանոց եմ գնացել: Առողջությանս սպառնացող վնասվածքներ չկան, ուղղակի վնասվածքներ են: Ոչ մի կարգավիճակ չեմ ունեցել, բացատրություն չեմ տվել: Մեքենայից բերել են, իջեցրել են, քաշքշուկ չի եղել, նստել եմ մեքենան, հենց իջեցրել են ու մոտեցրել՝ դռան դեմից սկսեցին խփել: Մեքենայի մեջ երեքով էինք՝ ես, ընկերս ու մի հատ աղջիկ»:





Ակտիվիստ Անդրանիկ Ասլանյան - Չներկայացած «կարմիրբերետավորները», ըստ Անդրանիկ Ասլանյանի, ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին, փորձել են ստորացնել. «Հետո ընթացքում սկզբից խփում էին՝ առանց նառուչնիկ էինք, ձեռքերներս ոլորել, խփում էին, քֆուր էին տալիս, թքեցին Դավիթի վրա: Ինձ պառկացրել էր գետնին բատինկեն դեմ էր տվել բերանիս, բա՝ հըլը պաչի: Մինչև Դավիթաշենի էդ չաստը հասնելը մեզ ամբողջ ճանապարհին ծեծել են: Քացով գլխիս, մեջքիս: Խփում էին, ասում էի՝ պատասխան եք տալու խփելու համար, էլի էին խփում»:





Շահեն Հարությունյան - «Առավոտյան եկան մեր տուն՝ զուտ բարեկամական զրույցի, հետո սպասեցին մինչեւ երկուսը, դրանից հետո եկան նոր մարդիկ՝ անչափահասների բաժնի պետը եւ ուրիշներ եւ տարան: Տարան, անիմաստ ձգձգում եւ այլն, եւ այլն, մի կես ժամ պահեցին, բաց թողեցին: Արդեն երեկոյան, երբ Ազատության հրապարակում էին, մոտեցան ինձ ոստիկանները, բավականին հարգալից ասացին, որ գնամ իրենց հետ, ես էլ նույն վերաբերմունքը ցուցաբերելով իրենց հետ մոտեցա ոստիկանական մեքենային: Հատուկ հանցագործների համար նախատեսված մեքենայում ինձ ծեծեցին: Ծեծողները թե «հրեշտակներն» էին, թե կարմիրբերետավորները»: Շահենը  նաև ասաց, որ ծեծն այն աստիճան է եղել, որ մինչև այսօր գլխի հատվածի ուռածությունը չի իջել, թերևս չի սիրում խոսել այդ մասին, բայց մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ պայքարող տղա ենք, այդպես էլ է լինում:



Քաղաքացիական ակտիվիստ Հովհաննես Ղազարյան - «Առավոտ 7:30-ի կողմերը մտա Ազատության հրապարակ, տեսա արդեն մի քանիսին մեքենայի մեջ են գցել: Հեռախոսս հանեցի, որ նկարեմ, մոտիկացավ մի մլիցա ասաց՝ էդ ինձ ե՞ս նկարում, արա: Հետո հեռախոսս խփեց գցեց գետնին ջարդեց, մի քանի հարված հասցրեց, գցեցին գետնին էլի շարունակեցին խփել: Քարշ տալով տարան մեքենայի մեջ գցեցին, մի քանի հարված հասցրեցին այնտեղ արդեն ոտքով, ու հետո ամբողջ ճանապարհին հայհոյելով, հատկապես մեջն էլ աղջիկ կար մերոնցից, հասանք տեղ... Հանելուց էլ մի երկու անգամ տվին ակնոցս ընկավ ջարդվեց ու մտցրին ներս... Ասեմ որ ամբողջ ընթացքում ձեռքերներս ձեռնաշղթաներով է եղել»:



Քաղաքացիական ակտիվիստներ Լևոն Զաքարյանը և Արտուշ Չիբուխչյանը ոստիկանների հետ բախման հետևանքով նույնպես մարմնական լուրջ վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այս միջադեպերի ժամանակ ծեծի էր ենթարկել նաև ակտիվիստ Փայլակ Թևանյանը, վերջինիս վիճակը այնքան ծանր է, որ մինչ այսօր չի կարողանում քայլել:





Խորենացի փողոցից  բերման էին ենթարկվել Կարո Եղնուկյաի դուստրերը և նրանց ընկերները՝ պաստառ պատրաստելու համար, Վարուժան Ավետիսյանի կինը, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը և մի հաշմանդամ տղա՝ այնտեղ կանգնելու համար: Ոստիկանները լուռումունջ գալիս էին, գրկում մարդկանց և նստեցնում ավտոմեքենան: