Գասպարյան Վովան սպառնացել էր ինձ, թե շտուրմով կվերցնեմ. Պավլիկ Մանուկյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Գասպարյան Վովան սպառնացել էր ինձ, թե շտուրմով կվերցնեմ. Պավլիկ Մանուկյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Զենքը վայր կդնենք հաղթանակից անմիջապես հետո: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը: Մեկնաբանելով, թե ինչու ընտրեցին հենց այս գունդի գրավումը, ասաց. «Գասպարյան Վովան սպառնացել էր ինձ, թե շտուրմով կվերցնեմ, դա իմ երազելի բանը կլիներ, ես դրան վաղուց էի սպասում, ես ցույց կտայի, թե գրոհն ինչպես է լինում», – նշեց նա։ 



Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են իրենք վերաբերվել իրենց մոտ գտնվող ոստիկաններին՝ Պ. Մանուկյանն ասաց, որ վերաբերվել են այնպես, ինչպես հարազատ եղբայրներին կվերաբերվեին, նույնիսկ՝ Վալերի Օսիպյանին. «Պարոն Օսիպյանն ապշած էր, և ես կարծում եմ՝ ինքն այստեղից հետո երկար տարիներ կփորձի հասկանալ՝ ի՞նչ է ներկայացնում հայոց ժողովուրդը»:



Խոսելով ՊՊԾ գնդում գտնվող մեծ քանակությամբ զենքի և այնտեղի պայմանների մասին՝ Պ. Մանուկյանն ասաց. «Օ՜, ինչ պայմաններ, ինչ համազգեստ, ստեղի շվայտ ու ցոփ կյանքը, այնտեղի մեր զինվորի… Այս բոլորը նրանցն է»,- ասաց նա՝ ցույց տալով իր շորերը:
Նա ասաց, որ այսօր գունդ են այցելել նաև զինված խմբի անդամ այն տղաների ծնողները, որոնք օրեր առաջ ասուլիսում հայտարարել էին, թե իրենց որդիներին առանց իրենց կամքի են այնտեղ տարել: Պ. Մանուկյանի խոսքով՝ այդ ծնողներից ոմանք անգամ ցանկություն հայտնեցին մնալ իրենց հետ՝ նույն տարածքում:



«Մենք չէինք եկել այստեղ ինչ-որ պատանդներով պատսպարվելու, մենք եկել ենք նպատակը ի կատար ածելու, եթե նրանք ինչ-որ սխալ քայլ կանեն, ես Ձեզ վստահեցնում եմ՝ երկրորդ պատժիչ գործողությունը կլինի, այժմ չենք ուզում: Մենք ինչի համար այս գնդում արեցինք, ասեմ, որ այս գունդը դարձել էր իմ ժողովրդի գլխին որպես չարիք: Դուք տեսնում էիք, թե նրանք ինչպես էին վարվում ժողովրդի հետ, ինչպես էին քացի տալի, ինչպես էին անարգում: Թե ինչպիսի ցվայտ ու շոփ կյանքով ենք սրանք ապրել այստեղ, մենք արդեն տեսնում ենք, թե ինչ պայմաններ են ստեղծված սրանց համար: Եթե հայ զինվորը սրա մեկ տասներորդ մասով ապահովված լիներ, մենք այդպիսի խայտառակ տեսարան չէինք ունենա: Հետագա քայլերը՝ մենք կմեռնենք, բայց առանց հաղթանակի այստեղից դուրս չենք գա»:



Պավլիկ Մանուկյանը ներկայացրեց նաև մի նկար, որը գտել էին «Հատուկ» գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբյանի սենյակից, որտեղ ներկայացված է օրակարգը, իսկ նկարը չմեկնաբանեց, քանի որ ինքնին խոսուն էր:



Անդրադառնալով նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա Ծռեր» խմբի տղաներից մի քանիսը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նա ասաց, որ Բալասանյանը իրավունք չունի խոսելու «Սասնա Ծռեր»-ի անունից և դա չի համապատասխանում իրականությանը: Նրանց պահանջները շարունակում են մնալ նույնը:



Ի դեպ, Բալասանյանի հայտարարությունից հետո Վարուժան Ավետիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ ՊՊԾ գնդի տարածքում այսօրվա հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, ոստիկանի վարքագիծ է դրսևորել, ուստի իրենք հրաժարվում են նրա միջնորդական առաքելությունից: Վիտալի Բալասանյանը հայտարարել էր նաեւ, թե թե Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, սական Արցախյան հերոսի հետ Սեֆիլյանին տեսակցած Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը եւս հերքել էր այդ լուրերը` նշելով, որ Սեֆիլյանը նման բան չի ասել: 



Լուսանկարները՝ Աննա Պապիկյանի