Կարո Եղնուկյանին գաղտնալսել են

Կարո Եղնուկյանին գաղտնալսել են

Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի և նրա կնոջ, մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել, ավելի ուշ՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։



Նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը «Հրապարակին» հայտնեց, որ Կարո Եղնուկյանը  հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ իրեն հստակ չեն բացատրել, թե ինչի հիման վրա են իրեն ձերբակալել: Իսկ թե ում ցուցմունքի հիման վրա են կալանավորել Կարո Եղնուկյանին, փաստաբանը ասաց. «Ցուցմունք չի եղել, գաղտնալսվել է և դրա հիմա վրա պարզվել է, որ հեռախոսային զրույցներ է ունեցել ներսի՝ «Սասնա Ծռեր» խմբի տղաների հետ»։  Նրա խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ տղաները Եղնուկյանին հայտնել են, որ ոստիկանական տեղաշարժ է լինում, որը վերջինս հրապարակել է՝ դրանով կանխելով հարձակումը, նման երկու դեպք է եղել։ Փաստաբանը նշեց, որ խափանման միջոց կալանքի ընտրության հարցը բողոքարկելու են Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում: