«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը այս գիշեր դարձավ հայ ժողովրդի ապսատմբությունը (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը այս գիշեր դարձավ հայ ժողովրդի ապսատմբությունը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայրաքաղաքում հուլիսի 17-ից լարված իրավիճակ է։ Քննարկումների եւ խոսակցությունների կիզակետում Խորենացի փողոցն է: «Սասնա Ծռեր» խմբի տղաներին ոգևորելու, ոգեկոչելու նպատակով ամեն երեկո Խորենացու փողոցը վերածվում է մարտնչող «խելագարներ»-ի դաշտի: Ինչ ասես չտեսավ պատմահայր Մովսես Խորենացու անունը կրող փողոցը: Մարդիկ էլ ասում են՝ Խորենացու փողոցում պիտի գրվի նոր «Պատմություն Հայոց»-ը: Թերևս այսօրվա հավաքը տարբերվում էր մնացած օրերից:



Ովքե՞ր ելույթ ունեցան



«Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան. «Ինչ որ տեղի է ունեցել, հազար տարին մեկ է տեղի ունենում, երևի չեք նկատել, Փոքր Մհերը քարայրից դուրս է եկել, ժողովուրդ: Նույնիսկ ԱԱԾ պետն է ասել՝ դուք ստեղ պետություն եք ստեղծել փաստորեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ զենքը չկրակի»:



«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյան. ««Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ շատ սուղ հաղորդակցության հնարավորությունների պայմաններում ձեզ յուրաքանչյուրիդ և մեր ամբողջ ժողովրդին փոխանցում եմ հենց իրենց՝ «Սասնա ծռերի» ջերմ ողջույնները: Նրանք վստահ են մեր ժողովրդի բարձր կորովի առկայությամբ, իրենք ընդամենն ուզում են բարձր կորովի պայմաններում գտնվող մեր հայրենակիցները կասկած անգամ չունենան, որ իրենք իրենց համարած են արդեն հաղթանակած»:



«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյան. «Փորձում են ահաբեկել և մեր ապստամբ ազատամարտիկներին, և քաղաքացիներին: Ընդ որում, օգտագործվում է նաև տեխնիկա, հատկապես ուղղաթիռներ, այսօր շատ օգտագործեցին: Ցավալին այն է, որ տեղեկատվություն կար, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս: Այսօր ևս մի տեղեկություն սփռվեց, իբրև թե Կադիրովը Հայաստան տղաների հետ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել»: 



Եվ այլք...



Իրազեկման երթ



Թերևս իններորդ օրն է, ինչ Խորենացի փողոցը չի դատարկվում և ելույթներ, գորոծողություններ են տեղում լինում, այսօր առաջին անգամ հավաքվածները, որոնց թիվը քառակի, հնգակի անգամ շատ էր նախորդ հավաքների համեմատ, երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով: Մոտ 5-6 հազար հոգի՝ մի մարդ դարձած «Պավլիկ», «Ժիրայր», «Հայաստան», «Սերժ հեռացիր», «Սասնա Ծռեր», «Հերոսներ» և նմանատիպ այլ վանկարկումներով, ոտքերը գետնին խփելով, քայլում էին առաջ: Իսկ նրանց առաջնորդում էր տղամարդկանց պատը, որը կազմված էր Ալեք Ենիգոմշյանից, Դավիթ Սանասարյանից, Արմեն Մարտիրոսյանից, Արմեն Հովհաննիսյանից, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանից և այլոցից:



«Միացում» վանկարկումը թերևս տվեց իր արդյունքը, մասնակիցների շարքերը գնալով ավելանում էին: Ճանապարհին տեղ առ տեղ կանգ առնելով՝ սպասում էին, որպեսզի վերջից միանան, համակարգելով ու միաբերան դարձած, կոչ անելով՝ անցնող-դարձողին, պատշգամբներից հետևողներին, դիտորդներին նրանք «պատգամում» էին՝ միանալ:
Փորձը ցույց է տվել, որ այսպիսի երթերի ժամանակ մեծաթիվ ոստիկաններ են հսկում ընթացքը, անգամ առաջանում են խոչընդոտներ՝ այս կամ այն ճանապարհը փակելով, բայց այսօր նրանք բարի էին, ավելի, քան երբևէ: Ոչ այդքան մեծաթիվ ոստիկաններ ուղեկցում էին մասնակիցներին լուռ ու մունջ: Չկային այստեղ ինտրիգներ, սադրանքներ, թերևս մեկ անգամ Արմեն Մարտիրոսյանին հասած տեղեկություններով՝ մարդկանց վերջին շարքերից հեռացնում են:



Փաշինյանն էլ միացավ



Երթի մասնակիցները բուռն ծափերով դիմավորեցին Փաշինյանին, որը երկու օր առաջ լքել էր հարթակը Խորենացի փողոցում։ Փաշինյանը հայտնեց , որ երթին մասնակցում է որպես քաղաքացի, ոչ որպես ՔՊ ներկայացուցիչ. «Ժողովրդի կամարտահայտումը պետք է տեղ ունենա և ժողովրդի կամարտահայտումը պետք է բերի քաղաքական արդյունքների… Կարծում եմ, որ առաջիկայում շատ մանրամասն պարզաբանումներ պետք է հնչեն, որպեսզի մինչև վերջ և թափանցիկ ձևով պարզ լինի, թե տեղի ունեցած բանակցությունները, որը ընթացել են, ինչի մասին են եղել և կոնկրետ ինչ խնդիրներ են քննարկվել»:



Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Խորենացի փողոցում անելիք չունի այնտեղ հնչած հայտարարություններից հետո։ Հուլիսի 22-ին, սակայն, նա կրկին գնացել էր Խորենացի փողոց եւ ջանքեր գործադրել բախումներից խուսափելու համար։ Հուլիսի 23-ին նա կրկին լքել էր հարթակը՝ հայտնելով, որ տարաձայնություններ ունի նախաձեռնող խմբի հետ



Հասան Խորենացի



Նույն վանկարկումներով, նույն ոգևորությամբ երթի մասնակիցները վերադարձան Խորենացի փողոց: Երթն անցավ առանց միջադեպերի, թեև մարդկանց թիվը բազմահազար էր: Արմեն Մարտիրոսյանը տեղում հայտարարեց՝ ոստիկաններից 5 մետր հեռու կանգնել. «Մենք այլևս քիչ չենք, մենք շատ ենք ու մեզ հայ են ասում»:



Երգիչ Եղիշե Պետրոսյանը մինչեւ երթի մեկնարկը ասել էր, որ ով ծանոթ զուռնչի-դհոլչի ունի, թող հրավիրի վաղը Խորենացի փողոց, այստեղ պետք է հնչի արդեն ուրիշ երաժշտություն: Իսկ քիչ առաջ իր խոսքում ասաց. «Սա հողի վիբրացիայով անցնում է մեր տղաներին, չմոռանաք՝ վաղը մենք պետք է ունենաք դհոլչիներ, զուռնաչիներ, տասը կլինի, երեսունը կլինի, բերեք, լավ կլինի»:



«Սիրելի ժողովուրդ, «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը այս գիշեր դարձավ հայ ժողովրդի ապստամբությունը: Հաղթանակի պահը մոտենում է, լինենք զգոն, լինենք վճռական, մենք արդեն հաղթում ենք: Խնդրում եմ, պահանջում եմ բոլորից՝ ոչ մի բախում չստեղծել ոստիկանների հետ, բացի, եթե իհարկե բախումը սկսվի իրենց կողմից, այդ ժամանակ կտեսնեն, թե ինչ կլինի ժողովդի ոխը: Ժողովուրդ, այս գիշեր ով կարող է, ցանկանում է, մնում է այստեղ: Կոչ եմ անում՝ բոլոր հայաստանցիներին վաղը երեկոյան հավաքվել այդ հրապարակում, վաղը այստեղ 50 հազար մարդ պետք է լինի….»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:



Իսկ ելույթները շարունակվում են, մարդկանց թիվն էլ չի նվազում…