Հայրենասեր տղերք են, անելանելի վիճակը բերել հանգեցրել է այս վիճակին

Հայրենասեր տղերք են, անելանելի վիճակը բերել հանգեցրել է այս վիճակին

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը չի դատապարտում.«Ուրիշ ձեւ չկա, այդ մարդիկ միգուցե լավագույն ձեւը չեն ընտրել, բայց բոլոր դեպքերում ինչ ուրիշ հնարավորություններ կան ոչ միայն իրենց, այլ ազգի, երկրի համար» ,-մեզ հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։



-Պարոն Բոստանջյան, իրավիճակի ծայրաստիճան սրվել է, ինչպե՞ս պետք է դրանից անարյուն դուրս գալ:



-Փաստորեն, հայրենասեր տղերք են, անելանելի վիճակը բերել հանգեցրել է այս վիճակին։ Իշխանությունները պետք է կարողանային եզրահանգման գային, բայց դա բացառված է, երբեք չի լինի, որովհետեւ եզրահանգման եկողը սկզբից կգար, մինչդեռ իշխանությունների սկզբունքը մեկն է՝ կեղեքել, թալանել, իսկ այդ պարագայում ինչ բանակցել, ի՜նչ քաղաքական ճանապարհ։



-Ձեր կարծիքով հիմա ո՞ր կողմը պետք է զիջման գնա, չէ՞ որ լավ վիճակում չեն նաեւ ապստամբները, իշխանությունն էլ չի խուսափում առճակատումից։



-Պարզ է, որ առճակատում է արդեն գնում, բայց ես չէի ուզենա մտածել, որ այս փակուղային իրավիճակը առաջին հերթին ստեղծվել է տղաների պատճառով։ Տղաներն ինչ անեն, իրենք էլ բոլորի նման սոված, անեկամուտ, անաշխատանք, պարզապես իրենց երկիրը, հայրենիքը սիրում են, ուզում են լավ ապրել։ Գուցե սխալ են, որ զինված ճանապարհով են գնում, հասկանում են, որ այդ ճանապարհով մեր վիճակը ավելի կբարդանա, բայց առանց բարդանալու էլ հարցեր չեն լուծվում։ Ես կարող եմ ասել, որ իշխանության համար հարմար շանս է ստեղծվել աննկատ հեռանալու, ինչը չեն անում։



-«Սասնա ծռեր» խմբի ապստամբությունը ահաբեկչություն է որակվում շատերի կողմից, սակայն փաստ է, որ այն կրկին ոտքի է հանել ժողովրդի դժգոհ հատվածին, ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի զիջումներ կորզել իշխանություններից։



Փաստ է, որ շարժումը ճիշտ հունով չի գնում։ Ցավոք ստացվել է այնպես, որ չկա կազմակերպվածություն, ինչը պահանջում է նման իրավիճակը։ Փաստորեն սա իմպուլսիվ բողոք է։Օրինակ` շատերը, հիմնական գործը թողած, կոչ են անում հաց տանել-հասցնել տղաներին, մինչդեռ այստեղ առնվազն ուրիշ խնդիր է, ուրիշ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այդ մարդիկ գնացել են նման զոհողության, այո, թող ջուր էլ չլինի, հաց էլ չլինի, թող երկիր լինի։



-Իսկ ի՞նչ պետք է արվի, որ չի արվում։



Չեմ կարող ասել, թե ինչ պետք է անել, իսկապես անկանխատեսելի է լուծումը։ Բայց կարծում եմ, որ «լավ է ուշ, քան երբեք» տարբերակով իշխանությունները գնային ոչ միայն զինված տղաներին, այլեւ ամբողջ հասարակությանը, որն ուզում է նսեմացած չլինել, աշխատանք ունենալ, մի քիչ եկամուտ ունենալ։ Մինչեւ անգամ ՀՀ-ում ճնշող մեծամասնություն արդեն իսկ դադարել է արժանապատիվ ապրելու մասին մտածել, բայց գոնե չմեռնելու մասին է մտածում։ Իշխանությունն այս պահերին պետք է զիջումների գնա, դա միանշանակ է։