Երևի նա ավելի վախեցած կամ անհանգստացած է եղել, ուղղակի վիճակից ելնելով` թողել են

Երևի նա ավելի վախեցած կամ անհանգստացած է եղել, ուղղակի վիճակից ելնելով` թողել են

Երեկ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինյալներին բուժօգնություն ցուցաբերել փորձող Շտապօգնության աշխատակիցները պատանդ են վերցվել: Հենց երեկ էլ բուժաշխատողներից մեկին՝ Դավիթ Տոնոյանին ազատ էին արձակել։ Ընդհանուր վիճակի, տեղի ունեցածի շուրջ զրուցեցինք Շտապ օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։



-Դեպքերից հետո ի՞նչ հաճախականությամբ եք Ձեր աշխատողների հետ խոսել, իրենց ինչպե՞ս են զգում։



Մոտ մեկ ժամ առաջ եմ իրենց հետ խոսել։



-Իրենց ինչպե՞ս էին զգում



Ոչինչ:



-Զինյալ տղաների հետ խոսե՞լ եք։



Չէ, կապի դուրս չեն եկել:



-Պահանջները իրենց շարունակո՞ւմ են նույնը մնալ։ Երեկ Արմեն Մուրադյանը գնացել էր դեպքի վայր, սակայն նրան ներս չէին թողել։



Պահաջները չեն փոխվել բոլորովին, ասում են՝ միայն դա է մեր պահանջը:



-Ձեր աշխատակիցները ինչ-որ բան հայտնո՞ւմ են, իրենց ինչպե՞ս են վերաբերում, ի՞նչ խնդիրներ կան։



Ոչինչ չեն ասում:



-Վիրավորների վիճակը ինչպե՞ս է։



Ոչինչ, միջին ծանրության։ Այդ հիվանդը պետք է վիրահատվի: 



-Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու՝  խնդրին լուծում տալու համար։



Ես ո՞նց կարող եմ ասել, միակ բանը, որ պետք է կազմակերպվի՝ մեր անձակազմը ներսից դուրս գալն է։ Մենք առաջին օրվանից անընդհատ աշխատել ենք, անընդհատ եղել ենք այդ տարածքում, հերթապահել ենք, մեր ծառայությունները մատուցել ենք, աշխատել ենք` ոչ մի խնդիր ընդհանրապես ոչ մեկ չունենա, մենք արել ենք մեր հասանելի աշխատանքը, այն, ինչ պարտավոր ենք անել և ինչ-որ թեկուզ պայմաններ մեզ ներկայացնելը կամ մեր միջոցով ներկայացնելը մնացածներին՝ անթույլատրելի է։ Ամեն մարդ պետք անի իր գործը, բայց վերջին խոսակցության ժամանակ, երբ ես խոսեցի, խնդրեցի գոնե կնոջը բաց թողնել, բայց նրանք ինձ կտրուկ պատասխան տվեցին, որ այլևս դրա մասին չենք խոսում։ Ամեն դեպքում դա սարսափելի և անթույլատրելի պահվածք է, որը ոչ մի ձևով չենք կարող հասկանալ։ Ընդամենը առաջարկը չեզոք տարածքում օգնություն ցուցաբերելն էր, ի վերջո այդ գնդում տարբեր բնավորության մարդիկ կան։ Ի՞նչ է նշանակում` բժիշկներին կանչում են, որ տեղափոխեն հիվանդանոց և այլևս բժիշկներին չեն թողնում դուրս գալ և ներկայացնում են պայմաններ։ Չհաշված, որ բժիշկները չեն կարող մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերել հիվանդներին, որովհետև այնտեղ վիրաբուժական միջամտության կարիք կա։



-Ինչպե՞ս եղավ, որ ձեր շտապօգնության բժշկին բաց թողեցին։



Չգիտեմ, երևի նա ավելի վախեցած կամ անհանգստացած է եղել, ուղղակի վիճակից ելնելով` թողել են։ Խոսեցի և ասացի, որ գոնե կնոջը թողեք, դա իրենց մոտ էլ ավելի մեծ ագրեսիա է առաջացնում։



-Բժշկի հետ խոսե՞լ եք, ի՞նչ է պատմում։



Շատ չենք ուզել իրեն նորից խոսեցնել, դեպրեսիոն վիճակի մեջ է, հանգստանա, կխոսենք։



-Եթե այս խմբին բաց թողնեն, հաջորդ անգամ կրկին կանչ լինի նրանց կողմից, կգնա՞ք դուք:



Ես չեմ կարող ասել, ինձ թվում է՝ նախնական պայմանավորվածություն պետք է ունենանք և երաշխիքներ, որ նման բան ընդհանրապես չի կրկնվի, որովհետև նման ձևով հարց չեն լուծում։ Եթե մենք խոսում ենք մարդասիրության, հայրենասիրության մասին նման դրսևորում ուղղակի անընդունելի է։