Անպտուղ վեճերի երկիր

Անպտուղ վեճերի երկիր

Տիգրան Մեծով քայլում եմ, բավականին հեռվից կանացի վեճի ձայն եմ լսում։ Մոտենալուն զուգահեռ, ձայներն ավելի զիլ են դառնում, վիրավորանքները՝ ավելի հատու, թամաշա անողները՝ լիքը։ Առաջին հայացքից համակրելի, մտավորական կանայք են, անգամ վիճելիս մաքուր գրական հայերենով են արտահայտվում, եւ զայրույթի միակ դրսեւորումը, փառք աստծո, միայն բղավոցն է։ Կողքից փորձում են հանգստացնել՝ անիմաստ է։ Զուգահեռ խոսում են, իրար հերթ չտալով՝ վիճում։ Հանգստացնողներից մեկին հարցնում եմ՝ ի՞նչն է վեճի պատճառը։ Հեչ՝ ստից բան, մեկը մի բառ է ասել, երկրորդն արձագանքել է, ու բանը հասել է դիվանբաշուն։ Դեռ երկար ու աննահանջ վիճում են՝ ամբողջ փողոցի ու բոլոր անցորդների աչքի առաջ, իսկ ես մտածում եմ՝ ինչքա՜ն լարված են մարդկանց նյարդերը, որ չնչին առիթը կարող է նման հոգեմաշ, առողջությունը քայքայող, անպտուղ վիճաբանության թեմա դառնալ։ Գալիս եմ խմբագրություն, բացում եմ Ֆեյսբուքը, եւ գլխիս լցվում են այն կանանց վեճի «ֆեյսբուքյան» բազում տարատեսակները՝ լաչառ տղամարդիկ, հոգնած կանայք, կյանքից անբավարար երիտասարդներ, սրան-նրան հաճոյանալու համար կոկորդ պատռող պնակալեզներ, իրենց պաշտոնական պարտականություններին վրադիր՝ շեֆերին փիառ անող մանր չինովնիկներ, սուտի հայրենասերներ, ասֆալտի ֆիդայիներ, ինտերնետային ընդդիմադիրներ, նույն անձի տասնյակ ֆեյքեր․․․ բոլորը բոլորի հետ վիճում են, հայհոյում, վարկաբեկում, վիրավորում, սեփական կարծիքը կամ հրահանգված դիրքորոշումը որպես վերին ճշմարտություն ներկայացնում։ Փողոցում՝ կռիվ, համացանցում՝ կռիվ, քաղաքական դաշտում՝ կռիվ, մամուլում՝ կռիվ։ Այնպիսի տպավորություն է, կարծես հավերժ պատերազմի մեջ լինենք։ Եվ ամենակարեւորը՝ բոլորս մոռացել ենք, որ մահկանացու ենք, իսկ կյանքը մի ակնթարթ է։