Չեմ վճարելու, դատի տվեք, թե կարող եք

Չեմ վճարելու, դատի տվեք, թե կարող եք

Ամեն ստից խախտումի համար մարդկանց մի տուգանեք:
Սերժ Սարգսյան



Այսօր ամենատարբեր ՀԿ-ներ են գործում, որոնք, իբր, կոչված են վարորդների եւ ավտոսիրողների շահերը պաշտպանելու: Ոգեւորվելու առիթ, սակայն, չկա: Այդ ՀԿ-ներն էլ, զանազան կուսակցությունների նման, գոյություն ունեն, որպեսզի ամեն առիթով ծլեն, խնդիրները սղալեն ու գնան տուն, մինչեւ հաջորդ առիթը:



Արտաքին քաղաքական զարգացումները, ինչպես նաեւ վերջին շրջանում ներքին խնդիրների սրացումները մարդկանց ուշադրությունը շեղել են այնպիսի քրոնիկ հիվանդությունից, ինչպիսին պետական կառույցների ու նրանց «վերադաս» ձեռներեցների կողմից մարդկանց գրպանից լրացուցիչ փող տանելն է: Պարզ կողոպուտ օրը ցերեկով՝ այլ կերպ չես անվանի հատկապես մայրաքաղաք Երեւանում տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի միջոցով ավազակությամբ զբաղված պետական ստույգ օղակների գործունեությունը: Այդ հաբռգած օղակներն էլ հաբռգած են, որովհետեւ ունեն առավել հաբռգած տերեր՝ ի դեմս այն կազմակերպությունների, որոնց ճնշման տակ էլ օրենքի ուժ ստացավ թե տեսախցիկների, եւ թե կարմիր գծերի միջոցով մարդկանց կողոպտելու այս խայտառակությունը:



Տեսանկարահանող սարքերի եւ նշագծումների օգնությամբ երթեւեկության կարգավորումը ողջ աշխարհում համարվում է առաջադիմություն: Հայաստանում այն վերածվել է քաղաքացուն կողոպտելու, ստորացնելու, իրավապահ մարմինների եւ, այսպես կոչված, արդարադատության ձեռքը տալու գործիքի: Տարբերությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ պետական օղակներն ու պաշտոնյաներն են ընդունում, որ մեզ մոտ դա արվում է հայկական ձեւով, այսինքն՝ հափռելու, հոշոտելու, տակները լցնելու խիստ ազգային տրամաբանության շրջանակներում:



Որեւէ մեկը թող չփորձի ինձ համոզել, որ նորմալ երկրի կառավարությունը կհանդուրժեր, որ մի բիրդան աղա կողոպտեր 80 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն՝ տուգանելով նրան 10-100 հազար դրամի չափով: Իսկ Հայաստանում դա միանգամայն նորմալ է համարվում, որովհետեւ մեր կառավարությունն էլ իր մասնաբաժինը (թեեւ չնչին) ունի այդ կողոպուտից:



Ո՞ւմ բողոքես այս այլանդակության համար: Նախագահին ու վարչապետի՞ն՝ անհույս է, ոստիկանությա՞նը՝ անիմաստ է, վարորդների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների՞ն՝ միամտություն է… Մնում է քարն առնես՝ տաս տեսախցիկին կամ այն տեղադրողի եւ այդ ամենին «օրենքի ուժ» տվողների գլխին: Կա՞ այլ առաջարկ: Սիրով պատրաստ ենք քննարկել…



Իսկ մինչ այդ մի քանի դիտարկում, որ արել ենք սեփական փորձից ելնելով՝ մեր ստացած «ակտերում» առկա շոպլիկությունների եւ Երեւանում երթեւեկությունը կարգավորելու ուղղությամբ «կատարվող աշխատանքների» իրական պատկերների համադրության եւ հակադրության եղանակով:



Վերջերս լայն տարածում է գտել սխալ կանգառ կատարելու համար տուգանքը՝ սովորաբար 5 հազար դրամի չափով: Ըստ երեւույթին, մտածում են՝ գումարը մեծ չէ, մարդիկ, քաշքշուկից զզված, կվճարեն: Բայց երբ շրջում ես Երեւանի փողոցներով, բոլորովին այլ զգացողություններ են արթնանում մեջդ: Եվ ամենաառաջին զգացողությունն այն է, որ քո պետությունը մի խումբ չարչիների հետ քեզ էն կենդանու տեղն է դրել ու ձեռքը մտցրել է գրպանդ՝ այնտեղից 5 հազար տանելու համար:



Անցնում եմ Հանրապետության հրապարակի եւ Աբովյան փողոցի հատման հետիոտնային անցումով: Տուրիստական փոխադրումներ կատարող ինչ-որ կազմակերպություն իր մեքենաները, պատված գովազդներով, բերել-կանգնեցրել է հենց անցումի պռնկին՝ փակելով Աբովյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող վարորդների տեսադաշտը եւ վտանգի ենթարկելով հետիոտների կյանքը: Այս մասին մենք մի առիթով գրել էինք, մի քանի օրով հարցը կարգավորեցին, բայց հիմա նորից նույն վիճակն է:



Աբովյան փողոցի աջ եւ ահյակ մայթեզրին կայանած մեքենաները բլոկադայի են ենթարկել հետիոտնային անցումը: Նույն վիճակն է նաեւ Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց հատման լուսացույցի մոտ: Հետիոտնային անցումն այստեղ պաշարված է կամ տաքսիներով, կամ կառավարության շենքում աշխատող պաշտնյաների մեքենաներով, որոնք անգամ հասարակական տրանսպորտի կանգառն են զավթել: Քիչ ավելի վերեւ՝ ֆիննախի դռան դիմաց, իսկական պոռնոգրաֆիա է: Այստեղ հետիոտնային անցումը գրեթե չի երեւում կայանած ավտոմեքենաների տակ: Անցնե՞նք Վազգեն Սարգսյան փողոցով՝ նույն պոռնոգրաֆիան է՝ այս անգամ արդեն դատախազության եւ նախարարությունների նոր շենքի աշխատողների ավտոմեքենաների պատճառով: Իսկ ինչպե՞ս են Աբովյան փողոցում իրենց «արաբական ձիերը» կայանում մեր ջիպազգի հայրենակիցները՝ շեղ, ուղիղ, փողոցի մեջտեղում, ինչպես պատահի: Իսկ Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, նրանց կողքով մի կերպ անցնելով, անվրդով շարունակում է ճանապարհը:



Դատելով այն հանգամանքից, որ սրանք ամենօրյա պատկերներ են, կարելի է վստահ ասել, որ նշված վայրերում ոչ մեկի չեն տուգանում, իսկ պետավտոտեսուչներն էլ չտեսնելու են տալիս ախպեր-տղերքի բիզնեսներն ու ավտոմեքենաները: Մինչդեռ քեզ ակտ են ուղարկում այն բանի համար, որ դու Պուշկինի փողոցում (միակողմանի) 5 մետրից պակաս հեռավորության վրա ես կանգնել հետիոտնային անցումին, այն էլ՝ անցումից հետո, որտեղ ոչ մեկի տեսադաշտը չես փակել, ոչ մեկի կյանքը վտանգի չես ենթարկել:



Երեւանում քիչ չեն կարմիր գծերը, որոնք հետիոտնային անցումներից հեռու են ընդամենը 1, 2, 3 մետր: Մոտենում ես խաչմերուկին, փորձում ես վերադասավորվել աջ, որպեսզի աջ դարձում կատարես, իսկ կարմիր գծերը եւ դրանց ներսում կայանած ավտոմեքենաների շարանը ձգվում են մինչեւ խաչմերուկ, ինչի պատճառով ստիպված ես լինում հատել երկրորդ եւ առաջին երթեւեկության գոտիները բաժանող հոծ գիծը: Բայց այս դեպքում՝ խնդիր չկա, կարծես, հատեք այն, աջ դարձեք երկրորդ շարքից, որովհետեւ լավ ախպերը կարմիր գծեր է քաշել ու այնտեղ փող է աշխատում:



Ո՞ւմ հայտնի չէ, թե ինչ է կատարվում, օրինակ, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի դռան մոտ: Շեղ կանգնած ավտոմեքենաներ, երկրորդ շարքում կայանած տաքսիներ, վթարային լույսերը ստից միացրած ամենատարբեր տրանսպորտային միջոցներ, իսկը՝ արեւելյան բազառ, բայց մեր ավտոտեսուչները դարձյալ չեն նկատում: Ասում եմ՝ տեսախցիկ տեղադրեք ու տուգանեք, ինչո՞ւ չեք անում: Յա՜ա՜ա՜, բա որ Սամվել Ալեքսանյանը զայրանա՞: Փոխարենը կարող են հանգիստ խղճով տուգանել մեկ ուրիշին, որն Ամիրյան փողոցում շեղ կանգնել է ընդամենը մեկ ավտոմեքենայի լայնությամբ փոսիկում եւ չի խանգարում երթեւեկությանը: Ինչպիսի՞ սրատեսություն:



Մեկ այլ առիթով ինձ բավականին զվարճացրեց Տարոն Մարգարյանը, որի ղեկավարած հիմնարկի բաժիններից մեկը վերահսկում է կարմիր գծերը: Տուգանել էին, շատ չէ, ընդամենը 5 հազար դրամ այն բանի համար, որ Տերյան փողոցում իմ ավտոմեքենայի ստվերն ընկել էր կարմիր գծերի ներսը: Լուսանկարից անգամ պարզ երեւում էր, որ ավտոմեքենայիս առաջին անիվները դուրս են կարմիր գծերից: Երբ գրեցի այս մասին, Տարոն Մարգարյանի մամուլի գծով պատասխանատուներից մեկը խմբագրությունը դղրդացրել էր իր զանգերով: Գտել էր հեռախոսահամարս ու անձամբ զանգեց ինձ՝ պարզելու, թե այդ ինչ հաշիվ է: Ինչ գրել էի, նույն բանն ասացի իրեն, խոստացավ հետաքրքրվել, պարզել, զանգահարել ինձ: Բայց գնաց-կորավ: Այսինքն՝ նա էլ սովորական հայ չինովնիկ է, որի համար կարեւորն իր շեֆին հետագա աղմուկներից հեռու պահելն է, ոչ թե քաղաքացու հարցով հետաքրքրվելը:



Ի՞նչ անել: Ե՞լք է, արդյոք, տուգանքները ցուցադրաբար եւ զանգվածաբար չվճարելը: Բոլորին նման կոչ անել եւ նման պատասխանատվություն վերցնել՝ ես չէի համարձակվի, որովհետեւ նման իրավիճակներում, սովորաբար, շահում են ոչ ամենախեղճերը: Սակայն պաշտոնապես հայտարարում եմ, որ ես չեմ վճարելու այն ակտերի համար, որոնք համարում եմ անարդար եւ կողոպտիչ: Դատի տվեք, եթե այդքան համարձակություն ունենաք: Ես վստահ եմ, որ Հայաստանում չի գտնվի մի դատավոր, որ ձեր օգտին որոշում կկայացնի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ