Մերձլրագրողական տրտինգներ՝ ի փառաբանումն ոչ անհայտ տիկնոջ

Մերձլրագրողական տրտինգներ՝ ի փառաբանումն ոչ անհայտ տիկնոջ

Միայն հիմարները երբեք չեն պարտվում



Նապոլեոն Բոնապարտ



Մարդ կա Հայաստանի պաշտպանության դիրքերում է, մարդ էլ կա՝ ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի: Ընդ որում, էական չէ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տիկինն ունի՞ այդ մարդու պաշտպանության կարիքը, թե՞ չունի: Մեր համոզմամբ՝ Ռուզաննա Խաչատրյանն արդեն այնքան պաշտպան ունի, որ Մենուա Հարությունյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ խնամակալությունը կարող է ձանձրալի լինել նրա համար:



Բայց ի՞նչ կարող է անել տիկին Ռուզաննան, երբ նշված մեծապատիվ մուրացկանն ամեն անգամ ոտքի տակ է ընկնում: Հո զոռով չի՞ լռեցնելու:



Օրերս, երբ դատարանը, Ռուզաննա Խաչատրյանի հայցը մերժելու ելք չգտնելով, «Հրապարակին» պարտավորեցրեց մի հերքում հրապարակել, որից նույնիսկ չի հասկացվում, թե ինչն են հերքում, Մենուան դարձյալ ծլեց և իր ՖԲ տնամերձում մի հրճվալից գրառում կատարեց՝ ավետելով Ռուզաննա Խաչատրյանի Աուստեռլիցը՝ այսպես կոչված հաղթանակը «Հրապարակի» հանդեպ: Հրճվել-չհրճվելն իր խնդիրն է, իհարկե, միայն թե հասկանալի չէ՝ ինչի վրա է այդպես հրճվել Մենուան, մի՞թե դատավորի կատարած մեխանիկական աշխատանքի, ով չակերտների մեջ է առել «Հրապարակի» նյութից մի հատված և վերջում ավելացրել՝ «չի համապատասխանում իրականությանը»:



Հայաստանում օրական առնվազն մի 100 դատ է լինում: Մենուա Հարությունյանը, չգիտես ինչու, ընտրել է հենց Ռուզաննա Խաչատրյան-«Հրապարակ» դատը և հրճվում է հենց այդ դատի արդյունքով: Ես նույնիսկ մտածում եմ՝ Ռուզաննա Խաչատրյանն, արդյոք, Մենուա Հարությունյանի քեռակի՞նը չէ, կամ մի ուրիշ բարեկամ, որ Մենուան այդպես թռչկոտում է ուրախությունից: Ուրախությունից թռչկոտելը դեռ մի կողմ, Մենուան դատարանի վճռից նույնիսկ հայերեն մտածելու և գրելու կարողությունն է կորցրել:



Կանգ չառնելով Մենուայի մտքի սխալների վրա (դրանք առանձին հրապարակման թեմա են)՝ նշենք, որ երկրորդ դասարանի աշակերտը նրան կարող է բացատրել, որ բաղադրյալ հատուկ անունների կամ առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով, կամ՝ բոլոր բաղադրիչները: Ինչո՞ւ է Մենուան «Պաշտպանության Նախարարի տիկին» «հատուկ» անվան առաջին երկու բաղադրիչը գրել մեծատառով, իսկ երրորդը թողել փոքրատառ: Տիկին Ռուզիկը չի՞ նեղանա:



Դե իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ Մենուան իր այս ցնծության մեջ չի կարողանում անտարբեր մնալ իմ բեղերի հանդեպ: Իսկ դա արդեն այլանդակ աննորմալություն է, ավելի հասկանալի բառով՝ պաթոլոգիա, որովհետև ես տիկին Ռուզիկի լրագրողական հարեմի անբեղ-անմորուս ներկայացուցիչներին չեմ արտոնել կախվել իմ որևէ տեղից և մանավանդ բեղերից:



Էդիկ Անդրեասյան