Լեհերը Հայաստանին մերժելու քաղաքավարի տարբերակ են գտել

Լեհերը Հայաստանին մերժելու քաղաքավարի տարբերակ են գտել

«4+4+4» ձեւաչափի շրջանակներում ձեռք բերված կոնսենսուսի կետերից մեկն ընտրողների իդենտիֆիկացիան էր մատնահետքերի միջոցով։ Մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունները պետք է ներդրվեր մատնահետքերի մշակման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտար բացառել ուրիշի փոխարեն քվեարկությունը։ Կառավարությունը հաշվարկել էր, որ մատնահետքերի ներդրման եւ ցուցակների կազմման էլեկտրոնային համակարգը մշակելու համար կպահանջվի 16 մլն. եվրո։ Իսկ ԿԸՀ նախագահ Մուկուչյանն էլ ասաց, որ եթե ընդդիմության հետ համաձայնությունների շրջանակներում օրենքի փոփոխությունները չսկսվեն սեպտեմբերի մեկից, ապա կարող են բարդություններ լինել։ Սեպտեմբերի մեկը մոտենում է, բայց դեռ ոչինչ պարզ չէ։



Ի սկզբանե խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնությունների արդյունքում որոշվել էր, որ քաղաքացիների նույնականացումն իրականացվելու է 10 մատների մատնահետքերի էլեկտրոնային մշակման արդյունքում։ Կառավարությունը 22.5 մլն. դրամ հատկացրեց ոստիկանությանը, որ սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտերի եւ կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի հայտերի մուտքագրման ժամանակ ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ վերցնեն եւ համակարգչային սերվեր ու ծրագրային փաթեթ ձեռք բերեն։ Տեխնոլոգիան ներդնելու ժամկետ որոշվեց՝ մինչեւ օգոստոսի 20-ը: Հայաստանի ոստիկանությունը կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տպագրումը պատվիրեց «PWPW S.A.» լեհական ընկերությանը։



Այս ընկերությունը Հայաստանում քաջ հայտնի է դեռեւս 2010 թվականից, որպես բիոմետրիկ անձնագրեր եւ ID քարտեր պատրաստող ընկերություն։ Այն ժամանակ հայտարարված մրցույթին մասնակցում էր 8 ընկերություն, բայց ընտրվեց հենց PWPW-ն, եւ մամուլում, եւ փորձագետների շրջանում այն ժամանակ քիչ չէին խոսակցություններն այն մասին, որ այդ մրցույթն արդար չանցկացվեց, եւ որ PWPW-ն ծառայությունների որակի առումով չի փայլել ու հաղթել է բացառապես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի լոբբինգի շնորհիվ։ Կային կարծիքներ, որ մրցույթի առաջադրանքն ի վիճակի են կատարել նաեւ հայկական ընկերությունները, բայց վարչապետի ջանքերի շնորհիվ ընտրվեց լեհական կազմակերպությունը։ Հետագայում էլ՝ 2013 թվականին, Տիգրան Սարգսյանն օրենք ընդունեց, որի համաձայն, պարտադիր կենսաթոշակային համակարգից օգտվող շուրջ 270 հազար քաղաքացիների՝ ID քարտերից օգտվելը պարտադիր է։ Սա պատճառաբանվեց հաշիվների անվտանգության նկատառումներով, իրականում, սակայն, նախկին վարչապետը լեհական ընկերությանն ապահովեց լրացուցիչ եկամտով։ ՀՀ քաղաքացիները, որոնք ստացան լեհական ընկերության քարտերը, շատ արագ համոզվեցին, որ դրանց որակն այն չէ։ Մասնավորապես, թոշակառուները, որոնք ID քարտերից առավել հաճախ են օգտվում, վստահեցնում են, որ փաստաթղթի վրայի նկարն արագ ջնջվում է։ Բազում հավակնորդներից ժամանակին հենց այս ընկերությունն ընտրվեց, եւ հիմա էլ նա է, որ հրաժարվում է 10 մատի մատնադրոշմների մշակման համակարգ ստեղծելուց՝ պատճառաբանելով, որ ժամանակը քիչ է։ Ընդդիմությունը մեղմացրեց մոտեցումը՝ ոչ թե 10, այլ երկու մատների մատնահետքը թող մշակվի։ Բայց սա էլ, պարզվեց, չի ստացվի։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Հրապարակին» օրերս հայտնեց, որ սա եւս հնարավոր չի լինելու հասցնել։ «Ժամանակի խնդիր կա»,- ասաց նա։ Օգոստոսի 25-ին համացանցում տարածվեց արդարադատության նախարարի հայտարարությունն այն մասին, որ միջազգային կազմակերպությունները կտրամադրեն 16 մլն. եվրոն, բայց, միեւնույն է, նոր համակարգի ներդրման հետ կապված բարդություններ կան։ «Բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ»,- ասել է նախարարը։ Մեր տեղեկություններով, սակայն, հարցը գումարը չէ։ Լեհական ընկերությունը, որը պատասխանատու է մատնահետքերի մշակման տեխնոլոգիայի ներդրման համար, ուղղակի չի ցանկանում իրականացնել այդ աշխատանքը։ Ըստ Լեհաստանի դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրի, լեհերը քաղաքավարի պատճառաբանություն են գտել Հայաստանին մերժելու համար, եւ դրա իրական պատճառը «Սասնա ծռերի» հետ կապված վերջին դեպքերի արդյունքում ՀՀ վարկանիշի անկումն է ու անվստահությունը Հայաստանի իշխանության նկատմամբ։ ՀՀԿ-ական գործիչները լեհերի այս վարքը գնահատում են որպես ՀՀ իշխանության նկատմամբ վստահության ապացույց։ Հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, օրերս պատասխանելով «Հրապարակի» հարցերին, լեհական ընկերության մասին ասաց. «Իշխանությունը կամքը դրսեւորել է, եթե ընդառաջ չեն գնում, նշանակում է՝ վստահում են մեր իշխանությանը, ասում են՝ վստահում ենք, դուք առանց դրա էլ ազատ ընտրություններ կանցկացնեք»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ