«Հրապարակի» եւ Սեյրան Օհանյանի վեճը դեռ չի ավարտվել

«Հրապարակի» եւ Սեյրան Օհանյանի վեճը դեռ չի ավարտվել

Պաշտպանության նախարարի կնոջ՝ դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի դատական վեճը «Հրապարակ» թերթի հետ դեռ չի ավարտվել։ Սպառելով ներպետական ատյանները, մենք դիմում ենք ՄԻԵԴ՝ հույսով, որ եվրոպական արդարադատությունը խոսքի ազատության տարրական սկզբունքների գիտակցում ունի եւ իր որոշմամբ հանդուրժողականություն կներշնչի մեր պաշտոնյաներին ու նրանց կանանց։ Այնպես որ, մենք դեռ չենք «պարտվել», չնայած ՊՆ-ից սնվող որոշ կայքեր եւ հայցվորն անձամբ համացանցում այս առիթով էժանագին էյֆորիա են բարձրացրել, իսկ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ընկել է google-ի բախչեքը, որ տեսնի, թե հանեցի՞նք արդյոք «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը «Հրապարակի» կայքից, ինչպես որոշել էր դատարանը։ Մենք տեղեկացանք, որ նա դիմել է ԴԱՀԿ ու փորձել կայքից հանել տալ նաեւ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածը, սակայն նրան բացատրել են, որ դատական վճռում միայն մեկ հոդված է նշված՝ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որը, ի կատարում դատարանի վճռի, արդեն հանվել է կայքից։



Այդ հոդվածում, որը մոտ 10 հազար մարդ է կարդացել եւ բազում կայքեր են արտատպել, Սեյրան Օհանյանի ընտանիքին հորդորել էինք թեթեւ տանել հանրության հետաքրքրությունը նույնիսկ սկանդալային լուրերի դեպքում, եւ բազմաթիվ օրինակներ էինք բերել արեւմտյան հանրային գործիչների կյանքից, խորհուրդ էինք տվել համակերպվել հանրության պրպտող հայացքի հետ։ Բայց Անգելա Մերկելն ու Սարկոզիի կինն ո՜ւր, մեր Օհանյանի կինն ուր։ Եվ հոդվածը ճիշտ հակառակ էֆեկտն ունեցավ։ Ռուզաննա Խաչատրյանը երկարատեւ դատավարություն նախաձեռնեց, որը տեւեց մեկ տարուց ավելի, եւ այդ ամբողջ շրջանում Պնախարարի եւ նրա տիկնոջ ընտանեկան եւ հանրային կյանքը բուռն քննարկումների թիրախում հայտնվեց, ընդ որում, ավելի հաճախ՝ ոչ հրապարակային։ Մեզ զանգում էին, քաջալերում, տարբեր մարդիկ հորդորում էին չընկրկել, շարունակել, շատերն ասում էին, որ դատարանների որոշումները, իհարկե, լինելու են հօգուտ պաշտպանության նախարարի, եւ ոչ ոք այլ բան մեր դատարաններից չի էլ սպասում։ Եվ անգամ, ծանոթանալով վճռի տեսքին, գործից հասկացողներն ասում էին, որ սա հաղթանակին համազոր է՝ այսքան պարզունակ եւ ոչինչ չասող տեքստ դժվար էր պատկերացնել։



Մենք տպագրեցինք դատարանի պահանջած «հերքում» կոչվող տեքստը, որն անհասկանալի շարադրանք էր, մոտավորապես այսպիսին․ «Թերթի 5-րդ էջում, այսինչ հոդվածում՝ www.hraparak.am կայքում, որում հայտնվում էր, որ մամուլը գրել է էսինչ բանը (հետո մեզ բոլորիս հայտնի եւ Ռուզաննա Խաչատրյանի չսիրած երկար նախադասություն-պարբերությունն էր՝ նրա անցյալի մասին հիշատակությամբ), չեն համապատասխանում իրականությանը»։ Չի բացառվում, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը լավ էլ նկատած լինի, որ տեքստն անիմաստ է, ճիշտ չէ կազմված, որ շարահյուսությունը սխալ է, բովանդակությունը՝ անհստակ, ինչը պատիվ չի բերում դոկտորի կոչում ունեցող Խաչատրյանին ու նրա բազմափորձ փաստաբանին։ Բայց, չցանկանալով հակառակվել նախարարի կնոջ ճաշակին ու տեքստային մտածողությանը, նա անտեսել է սխալները, ինչպես նաեւ բացարձակ ապօրինի եւ որեւէ իրավական ակտով չհիմնավորված պահանջ է բավարարել՝ հեռացնել հոդվածը կայքից։ Եթե Ռուզաննա Խաչատրյանը հայցադիմումում գրած լիներ՝ «Հրապարակ» թերթի այսինչ համարի 5-րդ էջը հրապարակայնորեն այրել, կարծում եմ, Ռուբեն Վարդազարյանը սա էլ կգրեր իր վճռում, իսկ վերաքննիչն ու վճռաբեկը միաձայն կպաշտպանեին նրան։ Ստացվում է, որ Ռուզաննա Խաչատրյանին խանգարում էին «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի իրեն չվերաբերող դրվագները՝ Անգելա Մերկելի, Կառլա Բրունիի, Մոնիկա Լեւինսկու հրապարակային կյանքին վերաբերող, իսկ նրան տհաճ տեքստն այն մասին, թե ինչ են գրել ԶԼՄ-ներն իր անցյալի վերաբերյալ, մենք կրկին վերատպեցինք՝ այս անգամ դատարանի վճռով, եւ չի բացառվում, որ մի մարդ, որը վաղուց մամուլ չի կարդացել, Ռուզաննա Խաչատրյանին ծանոթ չէ, մեր դատից էլ անտեղյակ է, հանկարծ վերցնի «Հրապարակի» համարը՝ «հերքում» կոչվող տեքստով, կարդա ու ասի. «Մի րոպե, էս ինչե՞ր են կատարվել, որ ես չգիտեմ»։ Ապա ակտիվորեն սկսի փնտրել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, գա «Հրապարակի» խմբագրություն, վերցնի թերթը, որը, փառք դատավորին, չի այրվել, եւ դառնա այս նյութի հերթական ընթերցողը։ Եվ ով է այս պարագայում հաղթողը լինելու, ով պարտվողը՝ չգիտեմ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ