ՀՀԿ-ական գյուղապետի որդին թոշակառու կի՞ն է ծեծել

ՀՀԿ-ական գյուղապետի որդին թոշակառու կի՞ն է ծեծել

Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Եւ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Ղզրոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին։ «Ամսի 21-ին` երեկոյան, դուրս եկա տանից, գնում էի հորեղբորս տուն։ Տանից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բոքսով խփեց գլխիս։ Ես ընկա գետնին, հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել։ Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղեն էր՝ Արթուր Ղզրոյանը։ Գյումրիում է աշխատում, գազի գրասենյակում։ Մի կերպ ինձ հավաքեցի, վեր կացա, գնացի հետևից, փախավ, մի ընկեր էլ իրեն միացավ, երկուսով վազեցին», - պատմում է թոշակառուն։



Սկզբում նա չի բողոքել։ «Մեր գյուղացի է, մտածեցի` կգան, կընդունեն մեղքը, ներողություն կխնդրեն, կանցնի, կգնա», - ասում է Սվետլանա Վարդանյանը։ Բայց ներողություն խնդրող չեղավ։ Դրա փոխարեն Սվետլանա Վարդանյանին, ինչպես ինքն է վստահեցնում, գյուղապետը սպառնալիքներ է տվել․ «Հանկարծ տղիս գլխից մազ պակասի, կկորցնեմ, սաղ սրբերդ կուրանամ, ում ուզում եք, բողոքեք, անգամ՝ ՀՀ նախագահին, 1000 հոգի կբերեմ, կասեն, որ թոշակ չեն ստացել, քեզ նստացնել կտամ»։ Վարդանյանները վստահեցնում են, որ գյուղապետը այստեղ-այնտեղ հպարտացել է ոստիկանների շրջանում իր կապերով։ «Աներձագը քննիչ է Շիրակի մարզի կայազորային քննչականում։ Ինքը հայտարարում է, որ ինքը շատ մոտ է Արթիկի միլիպետի հետ, և իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել»։



Նախկինում Սվետլանա Վարդանյանը փոստի աշխատող է եղել, թոշակ է բաժանել, իսկ թոշակի գնալուց հետո վերջերս մարզպետարանից առաջարկ է ստացել՝ տեղի դպրոցում հաշվապահ աշխատել։ Վարդանյանի ընտանիքում կարծում են, որ հենց այս առաջարկն է պատճառ դարձել, որ նրա դեմ բռնություն կատարեն։ «Նրանց թվում էր, թե մայրիկս աշխատելու է Միշա Ղզրոյանի մրցակցի՝ գյուղապետի մյուս թեկնածուի օգտին», - պատմում է Սվետլանայի դուստրը` Աննան։



Սարատակի գյուղապետի երկրորդ թեկնածուն անկուսակցական Գուրգեն Եղոյանն է։ «Եղոյանի խնամին մեզ հեռավոր բարեկամ է գալիս։ Երևի կարծել են, որ մաման նրա համար քարոզչություն է անելու, բայց մայրս նման բանով չի զբաղվել»։ Սվետլանա Վարդանյանը երկու անգամ բուժզննում է անցել։ Առաջինը՝ Գյումրիում, որտեղ դատաբժիշկը թեթև մարմնական վնասվածք է ախտորոշել։ Երկրորդը՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պրոֆեսոր Զոհրաբյանի մոտ, որը ախտորոշել է ուղեղի ցնցում։



Զրուցեցինք Սարատակի գյուղապետի հետ։ «Ես նման պատմությունից տեղեկություն չունեմ, դա անհեթեթություն է։ Այդ կինը հայտարարել է, որ իրեն ծեծել են, բայց ես նրա հայտարարությունը շատ քիչ եմ համարում։ Կարող եք, եկեք հարցրեք գյուղի բնակիչներից՝ ինքը ով է, ինչ վիճակի է, ինչ կարող է անել։ Իմ տղան Ղուկասյանի և Ամասիայի շրջանի գազի գրասենյակի գլխավոր ինժեներն է, լուրջ մարդ է, հոգեկան խանգարում չունի»։



-Հիմա ես ձեզ ասեմ հաջորդը՝ այդ կին կոչեցյալին խոսք են տվել, որ դու անկարգ բաներ կկազմակերպես, մենք քեզի դպրոցի հաշվապահ կուտանք։ Նրան հաշվապահ են հրավիրել, որ ինքը անկարգություն անի, էս կողմը խանգարի, գյուղի մթնոլորտը փչացնի, թե չէ, այդ կնգան սիրուն աչքերի համա՞ր պետք է հրավիրեին։



-Այսինքն, գյուղի մթնոլորտը փչացնե՞լը նկատի ունեք, ընտրություննե՞րը «փչացնելը»։



- Հարաբերությունները։ Մարդկանց մեջ ավելորդ բաներ շինել, հերոսանալու այն կողմի մոտ, թե տես, ես ինչ եմ ի վիճակի ձեզի համար անելու, որ ինձ ծեծել են։ Եկեք խոսեք մեր բնակիչների հետ, ձեզ կպատմեն, թե նա ով է։



-Դուք ոստիկանությունում բարեկամներ ունե՞ք։ 



-Իսկ դուք չունե՞ք։



- Նա ասում է, որ դուք սպառնացել եք, ասել եք, որ կպատժեք, եթե բողոքի։ 



-Եթե մարդը ի վիճակի է այդ կարգի զրպարտանք անի, աջ տարեք, ես այդ մարդուն ավելորդ եմ համարում տեսնեմ։ 



-Բայց դուք նրանց տուն չ՞եք գնացել ձեր որդու հետ, փորձել եք բարիշել, որ չբողոքի։ 



-Ինչ՞ի համար բարիշեմ։ Ես կռվե՞լ եմ, որ բարիշեմ։ Ինչ ուզում եք, գրեք, սաղ սուտ է։ 



- Ձեր կարծիքով, ինչ՞ու են այդ կնոջը ծեծել։ Ի վերջո, ձեր գյուղում է դեպքը եղել։  



-Այդ կնոջը հարց տվեք։ Եթե մեկին կծեծեն, ուրեմն, ինքն իրենով մի բան արել է, չ՞է, որ մարդկանց ստիպում է, որ իրեն ծեծեն։ Բայց մեզի ոչ էրել է, ոչ էլ կռնա էնէ։ Ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ կռնա էլ բան  էնէ։ 



Մենք սպասում էինք, որ 10 տարվա գյուղապետը, որը հոկեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների օրը կրկին է փորձելու ուժերը, գոնե ձևականորեն կտրտնջա կատարվածի առիթով, կասի՝ «ցավում եմ, որ հանցագործություն է կատարվել իմ համայնքում», կամ նման բան։ Բայց որ նա կխրախուսի հանցագործությունը, չէինք կարող պատկերացնել։ Ոստիկանությունը և իրավապահները, նաև ՀՀԿ-ն, որը պատրաստվում է առաջադրել այս մարդուն որպես գյուղապետի թեկնածու, մտածելու բան ունեն։ Ի դեպ, Սարատակի գյուղապետը մեծագույն հարգանք է սերմանում իր համայնքում ազատ խոսքի նկատմամբ։ Սվետլանա Վարդանյանին, որը հայտնել է գյուղապետին, որ մամուլին է դիմելու, նա ասել է․ «Այ կլյաուզնիկ, գրում են, գրեն։ Էդ թերթերը ոչ ոք չի կարդում, «պերերիվ» են փաթաթում մեջը, տանում։ Ինչքան ուզում ես, բողոքի»։ 



Սյուզան Սիմոնյան