Հերմինե Նաղդալյանը վաճառել է «Սիսիան Բուատը»

Հերմինե Նաղդալյանը վաճառել է «Սիսիան Բուատը»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան Բուատ» ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին։ Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ։



Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին։ Փաստորեն, այս աղմուկից հետո Հերմինե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը։ Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր կուտակվեցին։



«Սիսիան Բուատ» ՍՊԸ ներկայիս տնօրեն Տիգրան Անդրեասյանը հրաժարվեց տեղեկություններ ներկայացնել նոր սեփականատիրոջ մասին, անգամ Կարեն Գրիգորյանի անունն այստեղ վախենում են արտասանել։ Սակայն հետաքրքիր է ոչ թե Կարեն Գրիգորյանը, այլ այն, թե ինչու է Հերմինե Նաղդալյանը վաճառել ընկերությունը, գուցե բարձրացված աղմուկից հետո նրան հարազատ ՀՀԿ-ի ղեկավարությո՞ւնն է ստիպել ազատվել դրանից։ Քանի որ բարձրաստիճան այս տիկինը չի պատասխանում հասարակ մահկանացուների հեռախոսազանգերին, այս հարցն ստիպված էինք ուղղել «Սիսիան Բուատի» նախկին տնօրեն Արմեն Անդրեասյանին (նա նոր տնօրենի հետ ազգակցական կապ չունի, նույն ազգանունը զուգադիպություն է` Ս․ Ս․):



«Ես չեմ կարող ասել, թե արդյոք դա կապվա՞ծ էր մամուլում բարձրացած աղմուկի հետ, թե՞ տիկին Նաղդալյանն այլ նպատակ ուներ։ Բայց կարծում եմ, որ ոչ ոք չէր կարող ստիպել Հերմինե Նաղդալյանին վաճառել կազմակերպությունը»,- ասաց նախկին տնօրենը։ Ըստ նրա՝ ճանապարհի շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է, եւ «Սիսիան Բուատին» ու իրեն պետք է շնորհակալ լինեն, քանի որ կազմակերպությունն ամենեւին էլ պատասխանատու չէ Զանգերից մինչեւ Գորիս ընկած մայրուղու որակի համար։



«Իրականում ճանապարհը մենք չենք արել, տրանսպորտի նախարարությունն է մեզ խնդրել փոսալցման աշխատանքներ կատարել։ Այդ օրերին ձյուն եկավ, բայց մենք շատ արագ աշխատում էինք ու մինչեւ ապրիլի վերջ հասցրինք։ Երեւի Հայաստանում ինչքան ճանշին կա, միաժամանակ աշխատեին, այդքան արագ փոսերը չէին լցնի։ Մեկ ամսում 52 կիլոմետրի վրա փոսալցում ենք կատարել, 250 մլն. դրամի գործ ենք արել, բայց մինչ օրս մեր գումարները չեն տվել։ Ամոթ է, մարդկանց գոնե գովեն՝ սեւացնում են»։ Փոսալցումը չի կարող փրկել ճանապարհը, եթե այն տասնյակ տարիներ չի հիմնանորոգվել, մանավանդ՝ Հայաստանի կլիմայական պայմաններում։



«Չի կարող ճանապարհը 6 տարուց ավելի դիմանալ, եթե ոչ մի անգամ հիմնանորոգում չի արվել»։ Տրանսպորտի նախարարությունում խոստացել են վճարել «Սիսիան Բուատին», բայց ավելի քիչ չափով, քան աշխատանքների արժեքն է՝ ընդամենը 150 մլն. դրամ։ Պատճառաբանությունն այն է, որ բյուջեում փող չկա։ «Հենց դրա համար էլ, երեւի, վաճառել են»,- «Սիսիան Բուատի» վաճառքի իր վարկածն է առաջ քաշում Արմեն Անդրեասյանը։ Սիսիան-Գորիս ճանապարհային հատվածը վերջին անգամ նորոգվել է 2014 թվականին։ Այդ տարի մրցույթով ընտրվեց կազմակերպություն, որը մոտ 4 կմ հիմնանորոգում կատարեց։ Մոտ 4 կիլոմետր էլ նորոգվել է 2013 թվականին։ Մայրուղում կան հատվածներ, որոնց 20-25 տարի շինարարի ձեռք չի կպել։ Ճիշտ է, ճանապարհի սպասարկման համար ամեն տարի հատկացումներ են արվում, որոնք օգտագործվում են աղբահանության, ջրերի եւ քարերի հեռացման, առուների մաքրման համար։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ