Եգանյանը կոռեկտ չի համարում ՌԴ օրենսդրություն մեկնաբանելը

Եգանյանը կոռեկտ չի համարում ՌԴ օրենսդրություն մեկնաբանելը

Հայտնի վերլուծաբան, գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն օգոստոսի 30-ին մեկնել է Մոսկվա՝ հոր գերեզմանին այցելելու։ Վաղ առավոտյան, ժամանելով Շերեմետեւո օդանավակայան, նա սահմանապահ ծառայությունից տեղեկացել է, որ իր մուտքը ՌԴ մինչեւ 2030 թվականն արգելված է, եւ այս մասին հայտարարություն է երեկ տարածել։ Ռուս սահմանապահները հղում են կատարել ՌԴ մուտք գործելու կարգի մասին օրենքին։ Դրա 26-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանվում է այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են ՌԴ տարածքում ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ հենց այս կետն է իր մուտքի արգելքի հիմքը։



Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց՝ ցավում է, որ նման բան է կատարվել Ստեփան Գրիգորյանի հետ, մանավանդ, որ նրա կազմակերպությունն ակտիվ աշխատում էր եվրոպական միգրանտների խնդիրներով։ «Այո, կա նման կետ։ Այդ դրույթը վերջերս են ավելացրել իրենց օրենքում։ Ցանկացած երկիր իր օրենսդրությունը ծառայեցնում է իր խնդիրների լուծման համար, նայած, թե ինչպես է գնահատում այդ խնդիրները, ինչպես է դրանք տեսնում, ըստ դա՝ փորձում է լուծել իրավական ճանապարհով։ Մեկնաբանել այլ երկրի օրենքը, իմ կողմից կոռեկտ չէ»,- ասաց Գագիկ Եգանյանը։ 



- Դուք Ձեր պրակտիկայում հանդիպե՞լ եք երկրորդ նման դեպք։
- Ոչ, առիթ չի եղել։ Պարտադիր էլ չէ, որ ես հանդիպեմ կամ տեղյակ լինեմ նման դեպքերի։ Դա կապված է այլ երկրի կողմից ընդունված օրենսդրության կիրարկման հետ։



- Մեր կառավարությունն այս դեպքում պետք է ոչինչ չանի՞, գոնե հայտնի նրանց, որ վիրավորական է համարում նման վերաբերմունքը դաշնակից երկրի քաղաքացիների նկատմամբ։
- Ես այս գործի մանրամասներին չեմ տիրապետում։ Բայց օրենքը, որն ընդունվում է որեւէ երկրի կողմից, չեմ կարծում, որ սելեկտիվ կիրառվի առանձին երկրների համար։ Այդ հարցերը ՀՀ պետական մարմինների իրավասությունից դուրս են։



- Ձեր գնահատականը ո՞րն է։
- Այլ երկրի օրենսդրությունը մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում։ Իրենց կոնտեքստում պետք է տեսնել, իրենց աչքերով պետք է նայվի։



- Բայց սա կարող է նախադեպ դառնալ, եւ ամեն անգամ ՀՀ այն քաղաքացիները, որոնք գոնե «բարեւ» են ասել եվրոպական կողմնորոշում ունեցող ՀԿ-ների անդամներին, անցանկալի դառնան ՌԴ-ում։ Մեր կառավարությունը պետք է հանգիստ նստի՞։
- Կառավարության հանգիստ նստելու հարց չկա։ Երկիրն օրենք է ընդունել եւ կիրառում է, բայց ես տեղյակ չեմ այս գործի մանրամասներին եւ լիարժեք մեկնաբանություն տալ չեմ կարող։



- Նման դեպքերում քաղաքացին ի՞նչ պետք է անի, այս դեպքում Ստեփան Գրիգորյանն ի՞նչ անի։
- Նա, կարծում եմ, բավականին իրազեկ է։ Պետք է դիմի արտգործնախարարություն՝ կարծում եմ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ