Գյումրիի ցուցակներ, ով ով է-2

Գյումրիի ցուցակներ, ով ով է-2

Ո՞վ ով է, ո՞ւմ բարեկամն ու ծանոթը, ո՞ւմ «պրոտեժեն» կամ թշնամին, եւ ինչպե՞ս է լինում, որ ոխերիմ թշնամիները միավորվում են ընդհանուր պայքարում, իսկ բարեկամներն արհեստական «գրիմ» են դնում ու տարբեր ցուցակներ մտնում՝ քաղաքն իրենցով անելու նպատակով։ Այնպես, որ խորանալուց հետո քիչ է մնում ասես. «Մենք բոլորս Բալասանյանն ենք»։ Բայց իզուր այսպես սկսեցի․ Բալասանյանը կորոշի՝ իրեն Դինքի հետ ենք համեմատում։

Սերժ Սարգսյանի եղբայրը միավորեց ոխերիմ թշնամիներին



ՏԻՄ ընտրություններում Գյումրու ԲՀԿ ցուցակը գլխավորում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Ֆաբրիցուսկեւիչ Գրիգորյանը կամ Ապարը, ինչպես անվանում են նրան Գյումրիում։ 2012 թվականին նա ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում էր, բայց ընտրությունից հետո 28 ԲՀԿ-ականների թվում ինքնաբացարկ հայտնեց ու դուրս եկավ ԲՀԿ ցուցակից։ Այն ժամանակ ներքին պայմանավորվածություն կար կուսակցությունում, որ ԲՀԿ-ին քիչ ձայն բերած թեկնածուները պետք է ինքնաբացարկ հայտնեն, որպեսզի խորհրդարան գնան նրանք, ովքեր շատ են տառապել կուսակցության համար, ավելի մեծ ներդրում են կատարել ու ավելի շատ ձայն բերել։ 2015 թվականին Ապարն ընդհանրապես լքեց այս կուսակցության շարքերը։ Բայց այսօր կրկին ԲՀԿ-ով է մտել ցուցակ։ Վարդեւան Գրիգորյանը 2015-ին մամուլի տեսադաշտում հայտնվեց ռեկտորի պաշտոնից իր ազատման կապակցությամբ։ Ասում էր, որ ինքնակամ է գնում, սակայն ոչ ոք չհավատաց, քանի որ նրա փոխարեն նշանակվեց մեկը, որը վաղուց աչք ուներ այդ պաշտոնին՝ ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, մարզպետարանիի նախկին կրթության վարչության պետը։ Աշխատանքից ազատելուց հետո Ֆաբրիցուսկեւիչին չնեղացրին՝ թողեցին մանկավարժականում, ֆիզկուլտ ամբիոնում, որպես պրոֆեսոր։ Հայտնի է նաեւ, որ նա բիզնեսմեն է, փոքր ՀԷԿ է աշխատեցնում։ Գյումրեցիները չեն մոռացել Ապարի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանությունը՝ 2014 թվականին, ինչ-որ մութ սիրային պատմության արդյունքում։ Զարմանալի նյուանս. մահից առաջ հանգուցյալը եղել էր գրբացի մոտ, որը գուշակել էր նրա մահը։ Մարդասպանը՝ ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ Կուտունյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի քրոջ փեսան է։ Հուղարկավորությունից հետո նա ներկայացել էր մեղայականով։ Հետագայում դատարանն արդարացրեց մարդասպանին՝ որոշելով, որ նա աֆեկտի տակ է կատարել այդ արարքը։ Այնպես որ, Կարինե Ավդալյանի եւ նրա արանքում անմեղ արյուն էր։ Բայց վերջերս նույն Վարդեւան Գրիգորյանը եւ պրոֆեսոր Կարինե Ավդալյանը միավորվեցին։ Նրանց գրավոր առաջարկով է Գյումրու ավագանին կայացրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը։ Այսպես, ոխերիմ թշնամիներին միավորեց սերն առ ՀՀ նախագահի եղբայր։



ԲՀԿ ցուցակը՝ որպես «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն



ԲՀԿ երկրորդ համարը՝ «Գազպրոմ Արմենիայի» տեղամասերից մեկի պետ Արմեն Բադեյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներից է։ Սկզբում որոշվել էր, որ նա է գլխավորելու ԲՀԿ ցուցակը։ Նաիրա Զոհրաբյանն այս մասին նույնիսկ հայտարարեց, բայց հետո Արմեն Բադեյանը դուրս եկավ։ Երեւի ԲՀԿ-ում հարմար չգտան գազի տեղամասի պետին քաղաքապետ կարգել։ Առանց այդ էլ ԲՀԿ ցուցակն ասես «Գազպրոմ Արմենիայի» դուստր ձեռնարկություն լինի։ «Գազի» աշխատողները հիմնականում Մարտունիկի՝ ԱԺ պատգամավոր Գրիգորյանի ժողովուրդն են, նրա հորեղբորորդու՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի աշխատակիցները։ Ի դեպ, այս մասին մամուլում հրապարակումներ են եղել, թե ինչպես են Մարտուն Գրիգորյանն ու նրա հորեղբորորդին ծիծաղաշարժ փոքր գումարներ մուծում օգտագործած գազի դիմաց, այն դեպքում, երբ ողջ քաղաքը ճռռում է բարձր վարձավճարների պատճառով։ Երրորդ համարը «Լենտեքս» ՍՊԸ գլխավոր ինժեներ Սուսաննա Աստոյանն է, որը խելոք, համեստ կին է, գյումրեցիների կողմից սիրված։ Երեւի, որպեսզի կին լինի ցուցակում, «բերման» են ենթարկել։ ԲՀԿ ցուցակի քիչ թե շատ հայտնիներից է «Հինգշաբթի» թերթի հաշվապահը, որին ճանաչում են նաեւ որպես Վարդեւան Գրիգորյանի օբյեկտների հաշվապահ։



Կաշխատի կանանց համերաշխությունը



Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ավագանու ցուցակը թոշակառուների համախմբում է։ Համախմբվածներից ամենատեսանելին առաջին համարն է՝ բիզնեսմեն Հովհաննես Ասոյանը, ջրմուղի նախկին աշխատող, ավագանու նախկին անդամ՝ պարկեշտ, խելոք եւ չվարկաբեկված անձ, ըստ ճանաչողների։ Մի շրջան նա հեռացավ այս «ոլորտներից», ընտանիքը տեղափոխեց Երեւան։ «Նեղացած չեմ եղել, ուղղակի պետական պաշտոններից եմ հեռացել, ձեռներեցությամբ եմ զբաղվել»,- ասում է նա։ ՀԱԿ-ի ցուցակում առավել ճանաչված են մեր գործընկերները՝ լրագրողներ Արման Գալոյանը, որը Երեւանում է բնակվում, բայց ծնունդով գյումրեցի է, եւ Սյուզին՝ մարզային «Շրջապատ» թերթի անկուսակցական խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը։ Նա 45 տարեկան է։ Ամուսնու հետ, որը մասնագիտությամբ դիզայներ է, աշխատել է նաեւ «Ցայգ» շաբաթաթերթում՝ որպես տնօրեն։ Հետո հիմնել է «Շրջապատը»՝ պրոբլեմներից ու սուր հարցերից չխուսափող ազատ լրատվամիջոցը, որը, սակայն, միայն Գյումրիում է հայտնի։ Վստահեցնում է, որ ՀԱԿ ցուցակում կան տարբեր տարիքի մարդիկ, սակայն հիմնականում ՀԱԿ երիտասարդական կորիզն է, «նոր սերունդը՝ եռանդով լցված»։ Ինչպե՞ս եք պայքարելու «Բալասանյան դաշինքի» եւ մյուսների դեմ, որոնց թվում ծպտյալ բալասանյանականների մի ամբողջ բանակ է։ «Նախ, կարծում եմ, կաշխատի կանանց համերաշխությունը, երկրորդն էլ՝ ՀԱԿ-ն այստեղ վաղուց ունի իր էլեկտորատը եւ կարող է առաջ գնալ իր ուժերով»։ Սյուզին նախկինում ՀԱԿ թիմում կամ վստահված անձանց թվում չի եղել․ «Առաջին անգամ եմ, հիմնականում սկզբունքային եւ անկողմնակալ լուրեր եմ տվել»։ ՀԱԿ ցուցակից ճանաչելի է Մուշեղ Սաղաթելյանի եղբայրը՝ Շոթան, որը Պետրոս Մակեյանի հետ 2008-ին դատապարտվեց ընտրական գործընթացին խոչընդոտելու համար, ապա ազատվեց համաներումով։



99՝ Բալասանյան + 90՝ Բաղդասարյան



«Հայկական վերածնունդում» նախկին ՕԵԿ-ականներ են, որոնց հիմնականում հավաքել է առաջին համարը՝ ծնունդով գյումրեցի ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Ցուցակն ընդամենը 9 մարդով է պակաս «Բալասանյան դաշինքից»՝ 90 հոգի։ Շատ են ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես, օրինակ, Եվրոպական ակադեմիայի ռեկտոր Հասմիկ Եղիազարյանը, որը ժամանակին կրթության բաժնի պետ է աշխատել։ Նույն ընտանիքի անդամները տարբեր կուսակցություններում են։ Ահա, այսպիսի «կուսակցականացված» քաղաք է Գյումրին։ «Հայկական վերածնունդի» 22-րդ համարը գործարար Հաբեթնակ Հակոբյանն է, իսկ նրա որդին՝ Հակոբ Հաբեթնակի Հակոբյանը, «Գործարար» կուսակցության ցուցակի 5-րդ համարն է։ ՀՅԴ-ն, որը Գյումրիում միշտ պարտվել է, երրորդ անգամ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին, համամասնականով՝ առաջին անգամ։



Դաշնակցության ցուցակը գլխավորում է Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը։ «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Չեգեւարան՝ Կուբայի հեղափոխությունն իրականացնողը, Սալվադոր Ալիենդեն բժիշկ է, Մարատը, ֆրանսիական հեղափոխություն իրականացնող՝ բժիշկ է, Լյուդմիլա Մատվիենկոն, Մոսկվայից»,- ասել է նա «Շանթի» եթերում՝ հիմնավորելով քաղաքականություն մտնելու իր ցանկությունը։ Լավ է, որ Աշոտյանին էլ օրինակ չի բերել։



Հարցազրույցներում նա խոստանում է, որ այս անգամ ՀՅԴ-ն չի բավարարվելու «իր կայուն ընտրազանգվածով», եւ ՀՅԴ ձայները կրկնապատկվելու, եռապատկվելու են։ Հետաքրքիր է, որ երկրորդ համարը՝ սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի խորհրդական, անկուսակցական Սերգեյ Նազարեթյանը, ժամանակին ՕԵԿ անդամ է եղել։ 2012 թվականին ՕԵԿ համամասնական ցուցակում էր ներգրավված։ Նա ժամանակին ասել էր, որ եթե անգամ Լոմոնոսովի մեդալ ստանա, ավագանի չի ուզենա դառնալ, հիմա ումի՞ց է մեդալ ստացել, որ մտավ ցուցակ։ Գյումրեցիները հիշել են սա, որովհետեւ այս քաղաքում բոլորը բոլորին ճանաչում են եւ ոչինչ չեն մոռանում։ Բայց անգամ ամենատեղյակները տեղը չեն բերում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի անդամներին, ասելով․ «Դե, Նիկոլին գիտենք՝ հերիք է»։ Համամասնական ցուցակների բազմազանության մեջ նրանք կորցնում են գլուխը։ «Սբոռնի պունկտ է,- ասում են,- ի՞նչ ավագանի։ Չենք հասկանում, թե էդ ավագանին ինչ մի բան է, որ էդպես սպանում ու սպանվում են, ոչ ամոթ, ոչ աբուռ, գյումրեցոնց էս ո՞ւմ տեղն են դրել»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ