Փող չունես՝ ՀՀ քաղաքացի չես

Փող չունես՝ ՀՀ քաղաքացի չես

Ընտրագրավ կոչվածը կամ պետք է հանել, կամ էլ պետք է նվազեցնել այնքան, որ դառնա մի սիմվոլիկ գումար: Մենք այսօր ականատեսն ենք այն բանի, որ ընտրագրավը նույնիսկ ազդում է ընտրությունների ելքի վրա: Արդյոք դա ժողովրդավարությո՞ւն է:



Մեր Սահմանադրության մեջ ասվում է, որ ընտրվելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, բայց չի ասվում՝ եթե ունեն ամենաքիչը այսքան փող՝ որպես ընտրագրավ: Նույնը վերաբերում է կուսակցություններին: Չի կարելի մտածել՝ այդ ի՞նչ կուսակցություն ես, որ մի քանի հազար դրամ չունես, որ ընտրագրավ դնես: Վանաձորում, ի դեպ, կոմունիստները հենց ընտրագրավի պատճառով է, որ ընտրություններին չեն մասնակցում:
Մի անգամ մեր գյուղ լարախաղաց էր եկել: Սովետի ժամանակների բան եմ պատմում: Ժողովուրդը հավաքվել էր ակումբի բակում եւ հիացած դիտում էր ներկայացումը: Ճոպանի տակ վազվզող ծաղրածուն, մի հին «ցիլինդր» թարս բռնած, անցնում էր մարդկանց շարքերով, որ մեջը փող գցեն: Մենք էլ երեխեքով հետեւում էինք նրա ծամածռություններին, կատակներին: Մեկ էլ այս ծաղրածուն իր ներկած դեմքով ու շարիկ քթով ծլեց Ալվարդ տոտայի առաջ ու «ցիլոն» դեմ տվեց: Անակնկալի եկած Ալվարդ տոտան այնպես ճչաց, որ դհոլ-զուռնի ձայնը խլացավ: Բոլորն այդ կողմն էին նայում.



- Դե անատակվի, բեմուրազ մայմուն, լեղիս կտրվեց…
Ծաղրածուն վախեցած հետ-հետ գնաց, բայց իրեն չկորցրեց.



- Ժողովո՜ւո՜ւո՜ւրդ, հլա էս կնգան նայեք, 100 կիլո քաշ ունի, մի մանեթ փող չունի՜ի՜ի՜…



- Հա, հա, հա,- մարդկանց միջից ծիծաղ լսվեց մի պահ, իսկ կարմրատակած Ալվարդ տոտան ավելի էր կարմրել ու ձեռքի ափով հով էր անում դեմքին…
Այս դեպքն եմ ամեն անգամ հիշում, երբ իմ ներկայությամբ մեկնումեկը հայտնվում է անհարմար դրության մեջ էդ անտեր փողի պատճառով, որը, ինչպես լավ օղին, միշտ քիչ է լինում: Խեղճ կոմունիստներ, 70 տարի իշխել են եւ այսօր փող չունեն, որ ընտրագրավ մուծեն:



Առաջարկում եմ հիշատակված ծաղրածուի պես չվարվել եւ մարդկանց ու կուսակցություններին չդնել անհարմար վիճակի մեջ: Եթե մարդն ասելիք ունի, ծրագիր ունի, խելք ունի՝ ինչո՞ւ չթողնել, որ մասնակցի ընտրություններին: Չէ՞ որ դրանից օգտվում է փող եւ սպոնսոր ունեցող ստախոսների մի ամբողջ բոլուկ, որ ամեն անգամ մտնում է ընտրապայքարի մեջ ու գլուխ արդուկոմ, թե պատրաստ է էս ու էն անել ժողովրդի համար: Ոմանք էլ այնքան փող ունեն, որ իրենցից բացի մի քանի պահեստային թեկնածու են գրանցում, որ սրանք փոշիացնեն արժանավոր, հազիվ ընտրագրավը ճարած հակառակորդի քվեները: Էս այլանդակությանը պետք է վերջ տալ, չէ՞:



Ահավասիկ՝ թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի ազգական, Արարատի մարզի Մխչյան համայնքի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ՝ մրցելով ինքն իր հետ եւ, անշուշտ, հաղթելով ինքն իրեն: Նրա մրցակիցը՝ անկուսակցական Ռոբերտ Նիկողոսյանը, որն ինքնառաջադրվել էր, ինքնաբացարկ է հայտնել: Փաստորեն, երիտասարդ գյուղապետի ճանապարհն ազատ է, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ինքնաբացարկ հայտնեց Մխչյանի երկարամյա գյուղապետ Աշոտ Իսաջանյանը: Սա Արարատի մարզի համայնքներում սպասվող ընտրություններում արձանագրված միակ ինքնաբացարկը չէ: Այլ համայնքներում նույնպես առաջադրված թեկնածուները հրաժարվել են պայքարից՝ որպես կանոն, մենակ թողնելով գործող համայնքի ղեկավարներին, որոնց մեծ մասը ՀՀԿ-ականներ են: Ինքնաբացարկ է արձանագրվել մասնավորապես Լուսառատում, Լուսաշողում, Ղուկասավանում (այս համայնքում երկար տարիներ պաշտոնավարում է Աղվան Վարդանյանի եղբայրը՝ անկուսակցական Արա Վարդանյանը), Զանգակատունում, Երասխում, Դիմիտրովում, Դաշտաքարում (թեկնածուն ԲՀԿ-ից էր), Արմաշում: Բաղրամյան համայնքում ինքնաբացարկ են հայտնել գյուղապետի հետ պայքարի ելած միանգամից երկու թեկնածուներն էլ, իսկ չորրորդ թեկնածուն ավելի վաղ էր ետ վերցրել փաստաթղթերը: Նշենք, որ ԿԸՀ-ն ինքնաբացարկ է արձանագրել նաեւ Վեդիում: Քաղաքապետի տեղակալ անկուսակցական Ալբերտ Սարոյանը, որը միայնակ է թողել գործող երկարամյա քաղաքապետ Վարուժան Բարսեղյանին»:



Ի՞նչ ասես՝ նորմա՞լ է: Իհարկե՝ ոչ: Մարդիկ հիմար չեն, որ ընտրակեղծիքների մեր դարում մտնեն ընտրապայքարի մեջ ու փող կորցնեն: Ասելիք ունեցող մարդիկ այսպես դառնում են ինքնամփոփ, քաշվում են պատյանի մեջ, լավագույն դեպքում՝ վերածվում բեսեդկայի համեստ ու խելացի զրուցակցի:



Ի՞նչ եք կարծում, ընտրագրավի վերացումն իրավիճակ կփոխի՞: Հարցն ուղղված է նաեւ ընդդիմադիր կուսակցություններին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ