Samsung Galaxy Note 7-ը անցանկալի է ԱՄԷ ազգային ավիաընկերության օդանավերում

Samsung Galaxy Note 7-ը անցանկալի է ԱՄԷ ազգային ավիաընկերության օդանավերում

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղավիացիայի գլխավոր վարչությունն արգելել է ազգային ավիաընկերությունների ինքնաթիռներում միացնել կամ լիցքավորել Samsung Galaxy Note 7 մակնիշի հեռախոսներ, հաղորդում է էմիրաթական The National հրատարակությունը: 



Հեռախոսի այդ մոդելն արգելվում է նաև որպես ուղեբեռ հանձնելը: Այս միջոցառումն իրականացվում է թռիչքների անվտանգության նկատառումներով: Ընդ որում՝ Samsung Galaxy Note 7 հեռախոսը կարելի է ինքնաթիռ տանել ձեռքի ուղեբեռում, սակայն անջատված վիճակում:



Ավելի վաղ նմանատիպ որոշման մասին հայտարարել էր երկրի խոշորագույն Emirates ավիաընկերությունը, որի մասնագետները խորհուրդ չէին տվել այդ հեռախոսները ինքնաթիռի սրահում տեղավորել վերևի խցիկներում, որտեղ դրանք կլինեին տեսադաշտից դուրս:



Հետաքրքիր է, որ հարավկորեական Samsung ընկերությունը ևս կոչ էր արել իր օգտատերերին անջատել Galaxy Note 7 սմարթֆոնները և, հնարավորինս արագ դրանք փոխարինել նորերով:



Նշենք, որ Samsung Galaxy Note 7-ի վաճառքն սկսվել է աշխարհի 10 երկրներում՝ 2016թ. օգոստոսի 19-ից: