Կադրային ալեկոծում, լուրեր եւ իրականություն

Կադրային ալեկոծում, լուրեր եւ իրականություն

Կառավարության շենքում երեկ սպասողական տրամադրություն էր։ Կառավարության կայքէջում վարչապետի նկարը փոխվեց։ Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ նշանակվեց ամսի 13-ին, ինչպես եւ Հովիկ Աբրահամյանը՝ երկու տարի առաջ։ Բայց ոչ թե ապրիլի, այլ՝ սեպտեմբերի։ Ի՞նչ է սա նշանակում, գուցե նա էլ Աբրահամյանի նման կպաշտոնավարի մոտ 2 տարի։ Սա ապագայի հարց է, իսկ առայժմ նոր վարչապետի պաշտոնավարման առաջին օրն էր։ Կառավարության աշխատակազմի հետ նա դեռ չի հանդիպել։ Իր աշխատասենյակ է հրավիրել աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին եւ երկար առանձնազրույց ունեցել նրա հետ։ Աշխատակիցները նկատել են, որ Դավիթ Հարությունյանը մոտ 3 ժամ է անցկացրել



Կարեն Կարապետյանի աշխատասենյակում։ Հավանաբար, քննարկել են աշխատակազմի հաստիքացուցակը եւ նախապատրաստվել են կառավարություն-ԱԺ այսօրվա հարցուպատասխանին։ Կառավարության մամուլի հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ առայժմ աշխատակազմում փոփոխություններ չկան, որեւէ հրաման դեռ չի ստացվել։ Հրաժարական ներկայացնող միակ անձը Գոհար Պողոսյանն է եղել՝ Աբրահամյանի մամուլի քարտուղարը։ Վերջին օրերին լուրեր կային, որ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «գնացող» է, բայց երեկ «պրոգնոզը» փոխվեց։ Ըստ վերջին տեղեկությունների, նա շարունակելու է պաշտոնավարել։ 



Թերեւս, կմնա նաեւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, չնայած նրա հեռացման մասին համառորեն պտտվող լուրերին։ Նա եռանդուն նախարար է՝ մեկ տարի առաջ նշանակված, եւ այս առանցքային պաշտոնում արագ փոփոխությունները, որոնք անխուսափելիորեն ցնցում են համակարգը, ցանկալի չեն։ Կգնա՞ք, թե՞ կմնաք Ձեր պաշտոնին՝ հարցրինք նրան։ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց մեկ բառով՝ տեսնենք։ Հավանաբար, կմնան նաեւ մյուս երկու կանայք՝ Հրանուշ Հակոբյանն ու վարչակազմի հետ հարաբերությունները կարգավորած Հասմիկ Պողոսյանը։ Հաստատապես կմնան նորանշանակ դաշնակցականները՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։



Հիմնական հարցն այսօր Պնախարարի փոփոխությունն է։ Այն արդիական դարձավ Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման մասին հեղինակավոր ռուսական մամուլում տեղեկություններ շրջանառվելուց հետո։ Հնարավոր թեկնածուների անուններ են թվարկվում՝ Վլադիմիր Գասպարյան, Վիտալի Բալասանյան, Մովսես Հակոբյան եւ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյան։ Երեկ, օրվա ավարտին, առավել հաստատական էր Մնացականյանի անունը։ Նա չունի Վլադիմիր Գասպարյանի արտիստիզմն ու Բալասանյանի նման պահի տակ չի կարող դուրս գալ վերահսկողությունից։



Այս օրերին մամուլը փորձում է «կադրային» գուշակություններ անել։ Հեռացողները, ըստ հրապարակումների, լինելու են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գլխավոր ոստիկանապետը։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, որը լուրջ առողջական խնդիրներ ունի, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որի աթոռի «հավակնորդն» է համարվում «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար, հայտնի վնասվածքաբան Արմեն Չարչյանը։ Փոփոխություններ են լինելու նաեւ ֆիննախում։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հեռանալու մասին խոսվում է որպես կատարված փաստի։



Նրա գլխին ինչ-որ պահից կուտակված ամպերը ոչ մի կերպ չեն ցրվում։ Նրա անվան հետ կապվող «Մեգասպորտ», «Այ էլեկտրոնիքս» խանութների գործերը վատ են։ Երկու խանութներն էլ մեծ տաղավարներ ունեին «Երեւան մոլում»։ Այժմ «Մեգասպորտի» տարածքը փոքրացրել են, իսկ «Այ էլեկտրոնիքսի» տաղավարը շուտով կփակվի։ «Այո, մեր խանութում լիկվիդացիոն գներ են»,- պատասխանեցին «Այ էլեկտրոնիքս» խանութից։ 



Երեկ, կեսօրին, մեդիաշրջանակներում լուր տարածվեց Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հեռացման եւ նրա փոխարեն ռադիոյի նախկին տնօրեն, ներկայում խորհրդի անդամ Արմեն Ամիրյանի նշանակման հավանականության մասին։ Այս փոփոխությունը հնարավոր է, քանի որ նոր թիմը լրատվական քաղաքականության «բարեփոխման» կարիք է զգում։ Հենց այս նպատակով էլ Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, լուրերի համաձայն, բերելու են Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի օգնական։ Ալեքսան Հարությունյանը, սակայն, մեդիաոլորտ իր հնարավոր վերադարձի լուրերն անիրական է համարում եւ չի մեկնաբանում։ Արմեն Ամիրյանը եւս հերքում է դրանք։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ