Դրայվը դեռ լավ է, մենք դրեյֆում ենք

Դրայվը դեռ լավ է, մենք դրեյֆում ենք

Այս օրերին կառավարությունում, ԱԺ-ում, նաեւ հայրենական մամուլում դրայվի պակաս չկա: Խոսքը մեր մեջ՝ դա նույնիսկ դրայվ էլ չէ, այլ ավելի շուտ՝ դրեյֆ: Թվում է՝ դրեյֆում են բոլորը: Դա այն է, երբ առագաստը կորցրած նավը հանձնվում է ալիքներին, եւ միայն ճակատագիրը, եթե ի վերուստ արդեն վճռված է, նրան մի տեղ ափ է հասցնում:



Մի խոսքով՝ Կարեն Կարապետյանի շուրջ կատարյալ դրեյֆ է: Դրեյֆողներն ինտելեկտուալ շնչավորներ են, իհարկե, հետեւաբար՝ ունեն ցանկություններ, մտորումներ, հաշվարկներ, հին հաշիվներ, նոր ծրագրեր, կախվել-մտնելու գործիքակազմ՝ վերջապես: Նրանցից շատերին դեռ չի լքել հույսը, որ Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, շատ տարբեր չէ մյուս հայերից ու մանավանդ՝ Հովիկ Աբրահամյանից, եւ կկարողանան ինչ-որ կերպ աչքի ընկնել, տեղավորվել նրա թեւերի տակ:



Հուսամ՝ այլմոլորակային բաներ չեմ ասում: Սա է մեր կյանքը, մեր էությունը, մեր այսօրվա դրայվը: Դեռ ոչ ոք հարց չի տվել, չէ՞, թե պարոն Կարապետյան, արդեն քանի օր է՝ վարչապետ ես, մի խելոք բան արած կա՞ս: Չէ, սպասում են:



Փոխարենը՝ մտնելու փորձեր՝ որքան ուզեք: Այս առումով ինձ ավելի շատ զայրացնում է հայրենական մամուլը: Կարելի է նույնիսկ շատ կոպիտ հարց տալ՝ դո՞ւք ինչու եք մտնում, այ հայրենական մամուլի ներկայացուցիչներ: Եվ եթե իշխանական մամուլի մուտքը դեռ հնարավոր է բացատրել քաղաքական դրդապատճառներով, վերջին հաշվով՝ Կարապետյանին իշխանությունն է դրել կառավարության գլխին, ապա միանգամայն անհասկանալի են ընդդիմադիր, կիսաընդդիմադիր եւ ազատ մամուլի մտնումները:



Վերջիններիս առանձին լրագրողներ իրենց ֆեյսբուքյան տարածքներում այնպես ճարպկորեն են մտնում կառավարության նոր ղեկավարին, ասես թե չեն մտնում: Ընդհուպ չափածո խոսքով են ներկայացնում պատգամավորների, նախարարների, այլ պաշտոնյաների քծնանքն առ նոր վարչապետը, որ վերջինս իրեն լավ զգա, արագ ընկալի իր պաշտոնի առավելությունները: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ նոր վարչապետն այսքան օր դեռ ծիտիկ նկարելով է զբաղված, դեռ ըմբոշխնում է իր պաշտոնակալման առիթով հայկական քաղաքական դաշտում եւ մասմեդիայում սկսված էյֆորիան:



Հովիկ Աբրահամյանի ժամանակ ջրերն արդեն հասցրել էին պարզվել: Հայտնի էին մամուլի աշխարհում նրա լյուբիմչիկները եւ նրա կողմից մերժվածները, հայտնի էր, թե որ թերթն ու կայքն ինչ հոդվածով էր հանդես գալու առավոտյան, ինչ էր գրելու կառավարության մոտ վերջին բողոքի ցույցի մասին, ինչպես էր մեկնաբանելու կառավարության հերթական նիստը: Այսօր ամեն ինչ խառնվել է իրար: Պետական աջակցությունից ու գովազդից զուրկ լրատվամիջոցները լրիվ ուրիշ մտահոգություններ ունեն, եւ մեկը չգրեց, թե՝ այ նորընծա վարչապետ, ախր, բազմամարդ ցույց էր կառավարության առջեւ, ինչո՞ւ չիջար մարդկանց տեսնելու, հարցնելու, թե ինչու են հավաքվել: Նույն պատկերն էր՝ մարդիկ մի 5-րդական ակնոցավոր պաշտոնյայի էին բռնել ու նրանից իրենց տները, աշխատավարձերը, գործատեղերն էին պահանջում: Բա գրեք այս մասին, հարգելի կոլեգաներ, ինչո՞ւ եք լռում, գրեք, որ նորընծա վարչապետն արհամարհեց հասարակ մարդկանց: Չէ, ի՞նչ կարիք կա այդքան շուտ բացահայտվելու:



Ավելի լավ է գրեն, որ վարչապետն այնքան քաջ է, որ աթոռին մեկ-երկու օր չնստած՝ նկատողություն է արել Հասմիկ Պողոսյանին եւ Արծվիկ Մինասյանին: Գոնե էակա՞ն էին այդ նկատողությունները: Ասացեք խնդրեմ, վարչապետը կին նախարարին ասել է՝ առավել հակիրճ ներկայացրեք ասելիքը: Չհասկացանք, դեռ չեկած՝ այդքան շտապո՞ւմ է:
Գրում են՝ վարչապետն առաջին հանձնարարականներն է տվել՝ հարկային ստուգումներ սկսել խոշոր ձեռնարկություններում, բայց այնպես, որ նրանց գործին չխփեն: Սրանից դժվար չէ հասկանալը, որ Կարեն Կարապետյանը փորձելու է հարկային մահակով ինքնահաստատվել: Բայց այդ մասին թերթերը չեն գրում, չեն գրում, որ այդպես նա կրկնապատկելու, եռապատկելու է, եղած մի քանի ձեռնարկություններն էլ փակելու, վաճառելու, Հայաստանից հեռանալու ռիսկերը: Փոխարենը Կարեն Կարապետյանին ոգեւորում են՝ այսինչն այսպես խոնարհվեց, այնինչը ժպտաց, երրորդի երեսից ք… էր թափվում…



Դժգոհությունը Հովիկ Աբրահամյանից ու նրա կառավարությունից քիչ չէր: Մանավանդ՝ Ֆեյսբուքում, եթե շունը պոչը շարժեր, մի քանի դժգոհի կկպչեր: Այսօր լրատվամիջոցների ամենասիրած գործը ֆեյսբուքյան ստատուսչիկներին իրենց էջերում տեղ տալն է: Իրենց բերանով, իրենց ստորագրությամբ որեւէ վատ բան չեն գրում հեռացած վարչապետի մասին: Ամաչում են գրել, որովհետեւ Հովիկ Աբրահամյանն այսպես կամ այնպես նայել է իրենց: Իսկ այսպես հարմար է՝ ֆլան օգտատերն իր էջում գրել է… Ջառին չի գրել, ջանդամին է գրել, ինչո՞ւ եք դա կոխում Կարեն Կարապետյանի աչքը, Կարեն Կարապետյանը ձեր ի՞նչն է:



Մարդն ինչի՞ց է փչանում: Այսպիսի բաներից: Ո՞վ գիտի, գուցե նորընծա վարչապետը նկատի իրենց ջանքը եւ մի գեղեցիկ օր հարցնի՝ ամսական քանի՞ փարա կուզես թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար:



Ասածս այն չէ, որ մամուլն արդեն այսօրվանից պետք է «թռնի» վարչապետի դեմքին: Բայց առնվազն կարելի է այսօրվանից ճիշտ կոորդինատներ տալ նրան, որպեսզի նա էլ չհայտնվի սխալ դրայվի, այն է՝ դրեյֆի մեջ: Չպետք է մոռանալ նաեւ, թե որտեղից է եկել Կարեն Կարապետյանը, եւ ինչ կարող է տեղի ունենալ, եթե, Աստված մի արասցե, պարզվի, որ նրա մեջ ռուսահպատակությունը, ռուսալեզությունը, ռուսապաշտությունը խորը արմատներ են ձգել:



Մենք այդպիսի քի՞չ հայերի ենք ճանաչում: Իսկ Կարեն Կարապետյանն իր անձնական ողջ ունեցվածքով եւ ֆինանսական կարողությամբ պարտական է միայն ու միայն Ռուսաստանին, ավելի կոնկրետ՝ ռուսական «Գազպրոմին»: Եվ երբ նա իր առաջին քայլով հարկային մահակն է բարձրացնում հայկական խոշոր բիզնեսի վրա, ակամա մտածում ես, որ լավ էլ «քինդեր սյուրպրիզ» է նոր վարչապետը:
Հիմա ի՞նչ, գրո՞ւմ ենք, թե՞ դեռ շարունակում ենք դրեյֆել վարչապետի շուրջը: Ամեն դեպքում, մտահան չանեք, որ մամուլն այլ առաքելություն ունի, քան պարապ թրեւ գալն է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ