Regnum-ի՞ ինտրիգը

Regnum-ի՞ ինտրիգը

Ադրբեջան` Հռոմի պապի այցին ընդառաջ, ռուսական Regnum-ը հանդես է եկել խիստ ուշագրավ հրապարակմամբ, որտեղ, մասնավորապես գաղափար է զարգացնում, որ Լեռնային Ղարաբաղի «պետականությունը եւ եկեղեցին սկիզբ են առնում Կովկասյան Աղվանքից»: Ասվածը հիմնավորելու համար՝ հեղինակը մեջբերում է գործակալությանը տված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հարցազրույցի այս հատվածը.



«Մենք Արցախի պետականությունը հաշվում ենք V դարի առաջին կեսից, երբ վերացավ Հայկական թագավորությունը, իսկ արեւելյան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում եւ Կուրի ձախափնյակում ստեղծվեց Հայկական թագավորություն՝ իր թագավորով եւ կաթողիկոսոթվ: Այն, ինչ մի ժամանակ անվանվել է Կովկասյան Աղվանքի թագավորություն եւ Աղվանից կաթողիկոսություն»:



Ըստ Regnum-ի Գյուլիստանի պայմանագրից (1813թ.) հետո Աղվանից կաթողիկոսությունը դադարել է եւ վերափոխվել Հայ առաքելական եկեղեցու մետրոպոլիտության, իսկ հետո բաժանվել երկու՝ Ղարաբաղի եւ Շամախիի թեմերի:



«Այսօր նրա (Աղվանից կաթողիկոսության- Վ. Ա.) իրավահաջորդն Արցախի թեմն է: Ի դեպ, ի՞նչ իմանաս, ժամանակի հետ այն, ինչ փակվել է, կարող է վերստին բացվել»,- ամփոփում է Regnum-ը: (https://regnum.ru/news/polit/2181126.html)



Խոստովանենք, որ վերջին միտքը չափազանց ինտրիգային է հնչում: Ռուսական լրատվամիջոցը փաստացի չի բացառում, որ …Աղվանից կաթողիկոսությունը կարող է «ինչ-որ ժամանակ վերաբացվե՞լ»: Եւ այդ հարցը, հնարավոր է, Հռոմի պապի Ադրբեջան «այցի ընթացքում քննարկվելու՞ է»: Regnum-ի հրապարակումը կառուցված է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցչի՝ մամուլի ասուլիսին հնչած հարցադրման հիման վրա՝ արդյոք Հռոմի պապն անդրադառնալու՞ է Լեռնային Ղարաբաղի խնդրին:



Հնարավո՞ր է, որ Հռոմի պապն Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկի այն կտրվածքով, որ Արցախի հոգեւոր եւ քաղաքական անկախությունը սկիզբ է առնում Աղվանից կաթողիկոսությունից եւ թագավորությունից, ինչը փաստացի ասված է Regnum-ի հոդվածում: Օրերս Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Ասադովը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի «խնդիրը կրոնական հիմքեր չունի»:



Ինչու՞ են Ադրբեջանում հանկարծ հիշել այդ մասին, երբ տարիներ շարունակ հենց իրենք են հարցը դիտարկել իսլամական համերաշխության համատեքստում: Ադրբեջանի պատմագիտությունը երկրի պետականությունը նույնպես բխեցնում է Կովկասյան Աղվանքից: Արդյոք չի՞ մոտենում ժամանակը, որպեսզի այդ առասպելական Կովկասյան Աղվանքի իրավահաջորդ ճանաչվի նաեւ Արցախի հանրապետությունը:



Եւ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարո՞ղ է այս իմաստով քաղաքական քննարկումների սկիզբ դառնալ: Դա՞ է ակնարկում Regnum-ը: ԼՂՀ ԱԺ որոշ պատգամավորների կարծիքով՝ նոր սահմանադրությունը պետք է ամրագրի պետության «Արցախի քրիստոնեական հանրապետություն» պաշտոնական անվանումը: Այս նախաձեռնության եւ վերոհիշյալ ենթատեքստային շեշտադրումների միջեւ կապ կա՞:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ