Նախարարից՝ գլխավոր տնտեսագետ

Նախարարից՝ գլխավոր տնտեսագետ

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը տեւական ժամանակ է՝ պետական պաշտոն չի զբաղեցնում։ Նախարարի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղվում է խորհրդատվական գործունեությամբ՝ միջազգային կառույցներին խորհուրդներ է տալիս հայաստանյան տնտեսության հետ կապված հարցերի շուրջ։ Եվ, ըստ այդմ էլ, հաճախ է մեկնում արտերկիր։ Նա «ԱՎԱԳ սոլյուշնս» խորհրդատվական ընկերությունում գլխավոր տնտեսագետ է։ Թեպետ նրա աշխատանքն արդեն մասնավոր սեկտորում է, բայց խորհրդատվությունն ավելի շատ վերաբերում է պետական մակարդակով խնդիրների լուծմանը։ «Այսպես ասենք՝ ոչ թե բիզնեսներին եմ խորհուրդ տալիս, այլ կառավարություններին»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին նախարարը։ Նոր վարչապետ ունենք, որը նոր կառավարություն է ձեւավորում, իրեն առաջարկ չի՞ եղել նորից վերադառնալ գործադիր, որեւէ պաշտոն զբաղեցնել։ «Ոչ, չի եղել»։ Իսկ ցանկություն կա՞։ «Միակ ցանկությունս հիմա քիչ աշխատելն է»։ Հոգնե՞լ եք շատ աշխատելուց։ «Դե հիմա, հարց տվեցիք՝ պատասխանեցի. լավ էլ կստացվի՝ Ավանեսյանը հոգնել է աշխատանքից,-կատակեց նախկին նախարարը, հետո լրջացավ։- Իրականում ինձ դուր է գալիս այդ աշխատանքը, ինչով ես հիմա զբաղվում եմ, որովհետեւ այն թույլ է տալիս ինձ ավելի շատ ինքնուրույն կենտրոնանալ ավելի շատ քաղաքականությունների, տարբեր վերլուծական աշխատանքների վրա։ Դա հիմա, այս ժամանակաշրջանում, ավելի դուր է գալիս»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ