ՄԱՊ-ի Ալիկը կդառնա խաչքավոր

ՄԱՊ-ի Ալիկը կդառնա խաչքավոր

Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում հոկտեմբերի 9-ին, ժ.12:30-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1716-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:



1713, 1714, 1715-րդ խաչերի խաչքավորներ ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը 1716-րդ խաչը կփոխանցեն 1716-րդ խաչի խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի 1716-րդ խաչի օծման արարողությունը: Այնուհետեւ օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով կբարձրացվի և խաչքավորի ձեռամբ կամրացվի Սուրբ Խաչին:



Հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1716-րդ խաչի օծման արարողությունից հետո կսկսվի համաժողովրդական տոնախմբություն, որին կմասնակցեն եւ իրենց կատարումներով ժողովրդին կոգեւորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Ելույթ կունենան նաեւ Ապարանի տարածաշրջանի երաժշտական և գեղարվեստական խմբերը: Հույսի Խորանի աշխարհիկ բեմում, Արագածի լանջին կթեւածեն հայկական երգն ու երաժշտությունը: Այնուհետեւ ժողովրդի մասնակցությամբ Միասնության շուրջպարը կօղակի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը:



Տեղի կունենան նաեւ մատաղի օրհնության արարողություններ: Համաժողովրդական տոնախմբությանը կմասնակցեն հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ քաղաքացիներ: Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանի հասցեն է` Արագածոտնի մարզ, Երեւան-Ապարան մայրուղու 33 կմ:Ավտոշարասյունը շարժվելու է Երևան, Հասրաթյան 13 հասցեից (Շանթ պաղպաղակի գործարան):