Մի քիչ մրոտ աշխատանք է, մի քիչ ձեռներդ սևանում են, մի քիչ շատ ենք քրտնում

Մի քիչ մրոտ աշխատանք է, մի քիչ ձեռներդ սևանում են, մի քիչ շատ ենք քրտնում

Այժմ շատ մասնագիտություններ գտնվում են անհետացման վտանգի տակ, պատճառն այն է, որ երիտասարդությունն հակված է ընտրել «մոդայիկ» մասնագիտություններ: Օրինակ` այսօր քչերը ցանկություն ունեն զբաղվել դարբնությամբ, նոր սերնդի մեջ դարբիններ չես գտնի:



Անհետացող այս մասնագիտության մասին զրուցել ենք դարբին Աշոտի հետ: 30 տարի առաջ Աշոտ Գալստյանը այլ արհեստ ուներ. աշխատում էր որպես ֆրեզող բանվոր, հետո խառատ: Դարբնության նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ ականատես էր եղել, թե ինչպես է Վահագն Թումանյանը, որը հետագայում դարձավ նրա ուսուցիչը, աշխատում կրակի և երկաթի հետ. «Առաջին ուսուցիչս՝ Վահագն Թումանյանը, մեծ դերակատարություն է ունեցել իմ դարբին դառնալու մեջ, թեև 20 տարի է` ինչ նա հեռացել է կյանքից, բայց այսօր էլ հոգեպես ներկա է իմ աշխատանքային գործունեության մեջ: Նրա յուրաքանչյուր տված խորհուրդ առայսօր օգնում է ճիշտ որոշումներ կայացնել իմ աշխատանքում»:



Դարբին Աշոտն ասում է, որ յուրաքանչյուր մասնագիտություն, այդ թվում` դարբնի աշխատանքն ունի իր դժվարությունները: Սակայն դարբին դառնալու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ անգամ դժվարությունների ծանր բեռը չի խանգարել Վարպետ Աշոտին դարբնի արհեստը ուսերին առնել: «Եթե մարդ արհեստ է ընտրում, ուղղակի ինքն էդ արհեստը չի սիրի, չի էլ սովորի, ինքը չի հասնի մի առավելագույն մակարդակի, որ ասեն՝ էս մարդը արհեստավոր է: Եթե աշխատանքը առանց սիրելու անես, չի կարող վերջնահաշվարկում էնքան գեղեցիկ բան ստացվի, որ բոլորի դուրը գա: Հա, մի քիչ մրոտ աշխատանք է, մի քիչ ձեռներդ սևանում են, մի քիչ շատ ենք քրտնում, բայց էդ չի նշանակում, որ էդ աշխատանքը չպիտի անենք: Այսօր երիտասարդները ձգտում են ավելի հեշտ ճանապարհով փող վաստակել ,և շատ քչերն են պատրաստ դարբնի աշխատանքով ընտանիք պահել: Այս տարիների ընթացքում ուզել եմ դարբիններ պատրաստել, բայց երիտասարդները չեն ուզել: Չորս երիտասարդ մի որոշ ժամանակ սովորեցին՝ երկու հատ երկաթ խփեցին, իմացան, թե երկաթը ոնց է ծռվում, տեսան, որ աշխատանքը ծանր է, դժվարությամբ կարող են փող վաստակել այդ արհեստով, և կիսատ թողեցին հեռացան»:



Այս պահին դարբինն ընդամենը մեկ աշակերտ ունի: Աշոտն իր տղային էլ է դարբնություն սովորեցրել, բայց քանի որ տղան ևս սեր չունի դարբնության նկատմամբ, այլ կրթություն է ստացել և այլ աշխատանքով է զբաղվում: Փոքրիկ արհեստանոցում վարպետի ամենօրյա աշխատանքի շնորհիվ ստեղծվում են տարբեր գործիքներ` դարպասներ, պարիսպներ, բազրիքներ, բուխարու պարագաներ և այլ աշխատանքներ:



Դարբին Աշոտը վստահեցնում է, որ եթե հնարավորություն ունենար նորից մասնագիտություն ընտրելու, ապա կընտրեր դարբնի աշխատանքը: «Իմ աշխատանքում ամենահետաքրքիր այն է, որ արդեն լրիվ վերջացրել ես աշխատանքը, նստում ես, որ հանգստանաս, նայում ես աշխատանքիդ ու ինքդ քեզ ասում ես՝ էս ինչ սիրուն բան եմ սարքել»: Վարպետի արհեստանոցում իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում նրա առաջին աշխատանքը: Նա դա համարում է իր թալիսմանը, 30 տարվա վաղեմության աշխատանքը անավարտ մոմակալ է, որը պատրաստելիս Աշոտը, մուրճից բացի, ոչ մի ուրիշ գործիք չի օգտագործել:



Մերի Սարգսյան