Եթե հանրակացարանի բնակիչ ենք, ուրեմն մա՞րդ չենք

Եթե հանրակացարանի բնակիչ ենք, ուրեմն մա՞րդ չենք

«Հրապարակ»-ի խմբագրություն այցելած Երեւանի Մոլդովական փողոցի բնակիչ Վարդուշ Ֆահլաբաշյանը պատմում է , որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին դիմում է գրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի իրեն եւ որդուն տրամադրեն հումանիտար օգնություն։ Տիկին Վարդուշը ասում է, որ առողջական խնդիրների պատճառով ինքը չի կարողանում աշխատանք գտնել, որդին էլ աշխատանք չունի։



«Պատասխան եկավ, որ Ձեր կարգավիճակին հասնում է սնունդ, կզանգահարենք, կգաք, կստանաք։ Մի երկու-երեք ամիս հետո զանգում եմ նախարարության այն բաժինը, որից ինձ համար էին տրամադրել։ Օրերով չէին վերցնում հեռախոսը, հետո հեռախոսով մի տարիքով մարդ, որի ազգանունը չեմ հիշում, հենց Մոլդովական փողոցի անունը լսեց, ոնց որ վանդակից փախած լիներ, հարձակվեց վրաս, թե՝ «կազարմա է, ինչ է, բոլորիդ պետք է օգնություն տա՞նք»։ Հետո ասաց, որ սնունդ չի մնացել, բայց երկուշաբթի զանգեմ, գնամ, մի բան կանեն, կտրամադրեն օգնություն։ Հետո նորից զանգեցի, չէր վերցնում, վերջապես մի անգամ վերցրեց հեռախոսը, ասաց, որ գնամ «Գայանե» հանրախանութի մոտ, որտեղ ավտոտնակի պես մի տեղ կա։ Երկու հարեւանի անուն էլ տվեց՝ Սյուզի եւ Հասմիկ, որ նրանց հետ գնամ։ Գնացինք երեքով, Սյուզիի հետ էլ երեխա կար։ Սյուզիին տալիս են հագուստ եւ սնունդ, ինձ ու Հասմիկին՝ միայն սնունդ։ 90-ականներին որ սնունդ էին ուղարկում՝ բրինձ եւ ոսպ, իրականում խոզի կերի պես էին, այդպիսի սնունդ տվեցին մեզ երկու տուփ։ Կողքն էլ մի արկղ կար դրած, Սյուզիին ասացին, որ միջի հագուստից ընտրի, վերցնի։ Ստորագրեցի, ստացա սնունդը, բայց հարցրեցի՝ «սա սնու՞նդ է, թե՞ խոզի կեր»։ Նա էլ ասաց՝ չես ուզում, մի՛ վերցրու, էդքան էլ, որ տալիս ենք, շնորհակալ եղեք։ Հարեւանիս էլ ասաց, որ հագուստը բերել են մանկատնից։ Ամբողջ հանրապետությունը մանկատներին է օգնություն ցույց տալիս, ինքը գնում, մանկատան հագու՞ստն է բերում՝ որպես օգնություն։ Կամ՝ եթե հանրակացարանի բնակիչ ենք, ուրեմն մա՞րդ չենք, որ վիրավորական խոսքերով, արհամարհական մեզ հանում է դուրս»,- պատմում է տիկին Վարդուշը։ Տիկին Վարդուշի ասելով՝ կան կազմակերպություններ, որ Մոլդովական փողոցի անունը լսում են, գիտեն, որ հանրակացարանի բնակիչներ են, մարդկանց վատ են վերաբերվում, իսկ կան կազմակերպություններ էլ, որոնք նորմալ օգնություն են ցույց տվել իրենց, որի համար երախտապարտ են նրանց։



ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օգնությունը չի իրականացվում պետական ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեից դրա համար չի հատկացվում որեւէ միջոց։
«Այն իրականացվում է նախարարության կողմից՝ որպես բարի կամքի դրսեւորում։ Տրամադրվող օգնությունը բարեգործական կազմակերպությունների կողմից Հայաստան բերված օգնությունն է։ Նախարարությունն ուղղակի միջնորդում է այդ կազմակերպություններին, որպեսզի սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին տրամադրվի օգնություն։ Այն քաղաքացիները, որոնք դիմում են նախարարություն, մենք փորձում ենք նրանց տրամադրել օգնություն։ Որպես օգնություն էլ տրամադրվում է այն ամենը, ինչ բերել են բարեգործական կազմակերպությունները։ Իսկ քաղաքացին ինքն է որոշում՝ իրեն բավարարու՞մ է տրամադրված օգնությունը, թե՞ ոչ, վերցնի՞ այն, թե՞ չվերցնի։



Ինչ վերաբերում է սննդին, ապա դրանք բոլորն ունեն լիցենզիա, կան համապատասխան փաստաթղթեր, որ դրանք արագ պատրաստված սնունդ են։ Քաղաքացիները հաճախ ավելին են ակնկալում, սակայն տվյալ պարագայում տրամադրվում է այն օգնությունը, որն ուղարկել են բարեգործական կազմակերպությունները։ Նույն ձեւով բարեգործական կազմակերպությունները տրամադրում են հագուստ, եւ քաղաքացին ինքն է ընտրում հագուստ իր եւ իր ընտանիքի անդամների համար»,- ասաց Անահիտ Մարտիրոսյանը։
Ի դեպ, Անահիտ Մարտիրոսյանը մեզնից վերցրեց Վարդուշ Ֆահլաբաշյանի տվյալները՝ նրա հետ կապ հաստատելու եւ իսկությունը իմանալու նպատակով։



Թագուհի Հակոբյան