Քաղաքականության ու իրավաբանության արանքում

Քաղաքականության ու իրավաբանության արանքում

Հոկտեմբերի 12-ին Գյումրու ավագանու երեք ընդդիմադիր ուժերը՝ ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն եւ «ԳԱԼԱ»-ն, մինչեւ գիշերվա «հազարը» վարչական դատարանում փորձում էին ԿԸՀ անդամներին ու դատարանին համոզել, որ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը սխալ է ամփոփել ընտրության արդյունքները։ Մասնավորապես, մանդատների բաշխման մեխանիզմը, որն արտացոլված է Ընտրական նոր օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, հակաօրինական է. ըստ նրանց՝ «Բալասանյան դաշինքին»` իր 34 տոկոսից քիչ ավելի ձայներով, չէր հասնում 33 մանդատների բացարձակ մեծամասնությունը՝ 17 մանդատը։ Ուստի պահանջում էին, որ անվավեր կամ առոչինչ ճանաչվի ԸԸՀ որոշումը։
Բայց սա միակ պահանջը չէր։ Նրանք այլ հարցերում էլ էին խորացել։ Օրինակ՝ Բալասանյանը, որպես դաշինքի, այլ ոչ թե կուսակցության առաջին համարի թեկնածու, պետք է քաղաքապետ ընտրվեր փակ-գաղտնի քվեարկությամբ, որ գուցե դաշինքի մաս կազմող ուժերի ավագանու անդամները չէին ցանկանում, որ Բալասանյանը դառնա քաղաքապետ։ Խորացան նաեւ ԸԸՀ-ի նիստին ոչ պատշաճ ծանուցել կամ, առհասարակ, չծանուցելու մասով։ Բացի այդ, ընդդիմադիր ուժերի փաստաբանը՝ Մակար Եղիազարյանը, ով այդ օրն ընդամենը 2 ժամ առաջ էր ներգրավվել գործի մեջ, վերջին պահին Ընտրական օրենսգրքում մի դրույթ էր գտել՝ 144-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ներկայացված են նոր ԸՕ-ի անցումային դրույթները։ Եվ դրա վրա հիմնվելով՝ հայցի լրացում արեց, ըստ որի՝ «Գյումրու եւ Վանաձորի ընտրությունների դեպքում նոր ԸՕ 141-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2017 թ. սեպտեմբերի 1-ից»։



Իսկ ի՞նչ է ասում 2016-ին ընդունված նոր ԸՕ-ի այդ դրույթը. «Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրի եւ Վանաձոր համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ՝ սույն օրենսգրքով նախատեսված համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ չեն անցկացվում: Մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի եւ Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում եւ անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից»։ Այդ դրույթի վրա հիմնվելով՝ հայցվորի ներկայացուցիչները՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Հովհաննես Մարգարյանն ու փաստաբան Մակար Եղիազարյանը պնդում էին չեղյալ համարել արդյունքների ամփոփումը։ Պատասխանող կողմից ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչպես է ստացվել, որ «Բալասանյան դաշինքին» տրվել է 17 մանդատ, իսկ մյուս երեք ուժերից երկուսի մանդատներն ինքնաբերաբար պակասել են, բայց Մարգարյանը չէր ընդունում նրա փաստարկները։



Մարգարյանը սա մեկնաբանում էր քաղաքական տրամաբանությամբ, քաղաքական շահերով եւ քաղաքական հարթության մեջ, իսկ ԿԸՀ անդամը՝ իրավական հարթության մեջ։ Դժվար է ասել՝ վերջում հայցվոր կողմն ընդունե՞ց այդ հաշվարկի սխեման, թե՞ ոչ։ Ի դեպ, երկար բանավեճ ծավալվեց նաեւ «բացարձակ մեծամասնություն» հասկացության շուրջ, ինչն իրականում շատ պարզ է՝ բացարձակ մեծամասնությունը տվյալ մարմնում առկա անդամների քանակի 50%+1 քանակն է։ Բայց քանի որ «երեւան եկած» նոր հանգամանք կար՝ 144-րդ հոդվածը, հետեւաբար՝ քաղաքական հարթության մեջ «օրինականության հաստատման» պայքարի նոր ճակատ բացվեց։



Հայցվորն ասում է, որ օրենքի խախտում է թույլ տրվել, ուժի մեջ չմտած օրենքով է հաշվարկ կատարվել։ 2011 թ. օրենսգրքում Գյումրու եւ Վանաձորի համամասնական ընտրությունների մասին դեռ խոսք չկար, միայն Երեւանի քաղաքապետի ընտրություններն էին անցկացվում համամասնական ընտրակարգով՝ ավագանու միջոցով։ Իսկ նոր Սահմանադրության մեջ եւ օրենսգրքում արդեն հստակ նշված է՝ Գյումրու եւ Վանաձորի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ինչն էլ ենթադրում է համապատասխան հաշվարկ։ Եվ որպեսզի 2017-ից ուժի մեջ մտած օրենքներից հրաժարվելով՝ կազուս չառաջանա օրենքում, եւ ԸԸՀ-ն կարողանա համամասնականին հարիր արդյունքների ամփոփում իրականացնել, 144-ի 3-րդ մասի երկրորդ պարբերության վերջում մեկ տողով նշված է. «...ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից»։ Այսինքն՝ սրանով մատնանշվում է այն մեխանիզմը, որով հնարավոր է ամփոփել համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները, այն է՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրինակով։ Իսկ դա նույն օրենքն ու մեխանիզմն է, որն ամրագրված է 2017-ից ուժի մեջ մտնող 141-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով։



Բայց ընդդիմադիր երեք ուժերը ցանկանում էին այս դրույթը վիճարկել։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից, թե արդյոք օրենքների կազուսի խնդիր կա՞ այս հարցում։ Մուկուչյանը, սակայն, այս փուլում հրաժարվեց մեկնաբանել որեւէ բան՝ պատճառաբանելով հետեւյալ կերպ. «Նկատի ունենալով, որ դատարանը խորհրդակցական սենյակում է, ես ձեռնպահ կմնամ այս թեմայով որեւէ բան ասել։ Թող դուրս գան, վճիռը հրապարակեն, հետո, խնդրեմ, կխոսենք։ Եթե մեկնաբանեմ, կստացվի, որ ես հայցն եմ մեկնաբանում, ինչը կոռեկտ չէ։ Մեր ներկայացուցիչն այնտեղ եղել է եւ ամեն ինչ ասել է։ Հիմա իմ կողմից որեւէ գնահատական տալը բացարձակապես սխալ է»։ Իսկ դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։



Դիմեցինք Հովհաննես Մարգարյանին՝ ցիտելով 144-րդ հոդվածի՝ արդյունքների ամփոփումը Երեւանի ավագանու ընտրությունների ամփոփման օրինակով անցկացվելու հատվածը։ Պարզվեց, որ իրենք այս հատվածը նկատել էին. «Հա, ճիշտ է, բայց ԸԸՀ-ն հղումը պետք է կատարեր 144-ի վրա, դա է ամբողջ խնդիրը»։ Հիմա իրենք այս լրացված պահանջով ի՞նչն են վիճարկում։ «Լրացված պահանջով ասում ենք, որ նաեւ սխալ հղում է կատարվել։ Հղում է կատարվել մի հոդվածի վրա, որը պետք է գործի 2017 թվից»,-ասաց ԱԺ պատգամավորը։ Նա նաեւ պնդեց, որ եթե դատարանն անվավեր ճանաչի թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը, իրենք հետո պետք է պահանջեն, որ մանդատները բաշխվեն այնպես, ինչպես իրենք նախապես ներկայացրել էին՝ 15 մանդատ «Բալասանյան դաշինքին», 18 մանդատ էլ՝ ընդդիմադիր 3 ուժերին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ