Հայաստանը և Ղարաբաղը երբեք չեն համաձայնի դրան․ Շարմազանովի արձագանքը՝ Լավրովին

Հայաստանը և Ղարաբաղը երբեք չեն համաձայնի դրան․ Շարմազանովի արձագանքը՝ Լավրովին

ԱԺ փոխնխաագահ Էդուարդ Շարմազանովըն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադաձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և հարցը դուրս բերել փակուղուց:



«Թուրքիան համանախագահ երկիր չէ, իսկ համանախագահը կարող է փոխվել միան կոնսենսուսով, իսկ դրան մենք դեմ ենք: Ինչո՞ւ ենք մենք դեմ, որովհետև Թուրքիան այս տարիների ընթացքում ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ երբեմն նաև հանցագործ դիրքորոշում»,-ի պատասխան Լավորի այս հայտարարության՝ ասաց ԱԺ փոխնախագահը։



Նրա խոսքով՝ Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին:



«Պարոն Լավրովն այդ ժամանակ նաև ասաց, որ Թուրքիայի գործելաոճը ոչ թե հարցի խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ին տված գնահատականի հետ լիովին համամիտ ենք: Այո, այս տարիների ընթացքում և քառօրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում, և Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որովհետև մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական լուծման»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։



Հարցին, ի՞նչ է նշանակում, երբ նման հայտարարություն է հնչում ՌԴ ԱԳ նախարարի շուրթերից, Շարմազանովն ասաց․ «Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի շուրթերից էլ հնչում է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի անելիք չունի: Մենք անկախ պետություն ենք և թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ և ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, որովհետև այդ երկիրը նախ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ և աբողջական կլիներ, որպեսզի միջազգային հանրությունը Թուրքիային ստիպեր կատարել իր կողմից ստանձնած ցյուրիխյան պարտավորությունները: Թուրքիան նաև պետք է ապաշրջափակի Հայաստանը»:



ՆՇարմազանովը նկատեց, որ Թուրքիան խաղացողներից մեկն է, այս հարցում, սակայն այն, որ նա անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործում, փաստ է:



«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան որևէ կերպ դերակատարում ունենա ԼՂՀ կարգավորման հարցում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ