Վստա՞հ եք, որ լիդերներն են ասել՝ գնա այդպես քվեարկի

Վստա՞հ եք, որ լիդերներն են ասել՝ գնա այդպես քվեարկի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացառում է, որ Վանաձորում իր եղբոր քաղաքապետ դառնալը տապալած չորս դավաճաններն իրենց կուսակցությունից են։ Նշենք, որ ԼՀԿ-ի հետ Վանաձորի ավագանի անցած եւ Քրիստ Մարուքյանի քաղաքապետությունը սատարելու մասին հուշագիր ստորագրած մյուս երկու ուժերը՝ «Հայկական վերածնունդն» ու ԲՀԿ-ն էլ են բացառում, որ իրենց անդամների միջից են այդ չորս հոգին։



«Դե հիմա, ժամանակը կգա, կտեսնենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ մենք չենք փնտրելու այդ մարդկանց։ Որտեղից որ կլինեն, իրենք իրենց կբացահայտեն, որ կուսակցությունից որ կլինեն, այդ կուսակցությունը, բնականաբար, քայլեր կձեռնարկի»,-ասաց պարոն Մարուքյանը։



Իսկ ո՞րն է լինելու պատիժն այդ չորս դավաճանների նկատմամբ։ Մարուքյանն ասաց՝ ամեն կուսակցություն ինքը կորոշի։



Մեր հարցին՝ եթե պարզվի, որ ոչ թե իրենցից, այլ մյուս երկու ուժերից են եղել այդ դավաճանները, իրենց քաղաքական գնահատականները՝ ուղղված այդ կուսակցություններին, ինչպիսի՞ն կլինեն, Մարուքյանն ասաց․ «Նախ պետք է իմանանք՝ ոնց է եղել, էդ մարդիկ ոնց են քվեարկել։ Դուք վստա՞հ եք, որ կուսակցության լիդերներն են ասել՝ գնա այդպես քվեարկի։ Կարող է էդ մարդիկ լոկալ ճնշման են ենթարկվել։ Երբ որ կբացահայտվի, թե ոնց է եղել, բնականաբար, մենք էլ մեր քաղաքական դիրքորոշումը կհայտնենք»։



Նշենք, որ Վանաձորի ավագանու ՀՎԿ, ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները որոշել են բոյկոտել ավագանու նիստերը, որով հույս ունեն բացահայտել իրենց միջի չորս դավաճաններին։ Բոյկոտի արդյունքում քվորում չի ապահովվի, եթե այդ չորս հոգին նորից ծառայություն չմատուցեն ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ