19-րդ դարը հայկական դար էր, 20-րդը՝ վրացական, 21-րդը՝ արդեն թուրք-ադրբեջանական

19-րդ դարը հայկական դար էր, 20-րդը՝ վրացական, 21-րդը՝ արդեն թուրք-ադրբեջանական

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար, ծնունդով Թբիլիսիից Գագիկ Աղաջանյանը, ով լայն կապեր ունի Վրաստանում, հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրները բաժանում է մի քանի խմբի։



«Կա Ջավախք, այնտեղ ունենք մենք խնդիրներ, կա գործարար միջավայր Վրաստանում, որտեղ հայկական կապիտալն է ներթափանցում, կան հայ-վրացական միջպետական հարաբերություններ, կան ավանդույթներ, որոնք ձեւավորվել են դարերի ընթացքում հայերի եւ վրացիների միջեւ, կա արտաքին աշխարհ, որը թելադրում է խաղի այլ կանոններ, նույնիսկ մեր հարաբերություններում, կան հարեւան պետություններ, որոնք իրենց ներկայությամբ, իրենց կապիտալով եւ քաղաքական կշռով ազդում են նույն Վրաստանի վրա Հայաստանի հետ հարաբերությունների մասով»,-ասում է նա՝ նկատելով, որ այս ամբողջ կծիկը դժվար է մի քանի բառով ներկայացնել։ Նա նաեւ նկատում է, որ սրանք իրականություններ են, իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել, բայց եւ ամեն ինչ պետք է գնահատել եւ հստակ պատկերացնել, որպեսզի ճիշտ առաջնորդվենք մեր գործողություններում։ Աղաջանյանի խոսքով՝ ժամանակին, օրինակ, Ջավախքում սոցիալական, էներգետիկ, կոմունիկացիոն եւ այլ խնդիրներ կային, այսօր այդ խնդիրները լուծվել են։ Բայց այժմ էլ կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել ու գտնել դրանց լուծման մեխանիզմները։ Օրինակ՝ հայկական դպրոցների խնդիրը Թբիլիսիում, հայկական եկեղեցիների հարցը Վրաստանի տարածքում եւ այլն։ Ըստ նրա՝ պետք է անպայման փորձել լուծումներ գտնել ոչ միայն պատմական ճշմարտության հենքի վրա։



- Այս իմաստով մի քանի առաջնահերթություններ կարո՞ղ եք թվարկել, որոնք լուծման ենթակա են միջպետական մակարդակով՝ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ։



- Նախ դիվանագիտական հարաբերությունների հետ կապված ասեմ՝ աշխարհի բոլոր երկրները դատապարտված են կամ ձգտում են լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ աշխարհի այլ խոշոր խաղացողների հետ։ Բայց, ի տարբերություն այդ բոլոր երկրների, Հայաստանը նաեւ ճակատագրով պարտավորված է ունենալ համապատասխան լավ հարաբերություններ Վրաստանի հետ։ Չափազանց կարեւորվում են վրացիների մոտ անձնական հարաբերությունները, եւ հաճախ հնարավոր է որեւէ մեկն իր անձնական կապերով շատ ավելի մեծ միջպետական հարցեր լուծի Վրաստանում, քան մեր դիվանագիտական կորպուսը։



- Հիմա հայ-վրացական միջպետական հարաբերությունները նաեւ դիվանագիտական դաշտում, այդ թվում՝ դեսպանի աշխատանքը, ի՞նչ մակարդակի վրա են, ինչպե՞ս կգնահատեք։



- Ե՛վ միջխորհրդարանական, ե՛ւ միջկառավարական, ե՛ւ դիվանագիտական հարաբերությունները պետք է լինեն անհամեմատ ավելի ակտիվ։ Մեր երկրի պատասխանատուները, որոնք Վրաստանի հետ հարաբերություններ են կառուցում, պետք է հասնեն նրան, որ այդ շփումները լինեն անհամեմատ ավելի հաճախակի։ Իմ աշխատասենյակի հեռուստացույցին միացած է հինգ վրացական հեռուստաալիք։ Եվ Ձեզ ասեմ՝ Հայաստանի մասին ինֆորմացիան այնքան նվազ է, այնքան քիչ են նրանք հետաքրքրված Հայաստանով, որ նույնիսկ վիրավորական է։ Բայց մենք էլ պետք է, չէ՞, մի բան անենք, որ նրանք հետաքրքրված լինեն ու կարեւորեն մեզ մոտ տեղի ունեցած իրադարձությունները (նկատենք, որ վրացական ԶԼՄ-ներն այս տարի հիմնականում հետաքրքրվեցին Հայաստանով ՊՊԾ գնդի գրավման օրերին)։
Եթե շատ կարճ ասեմ, ապա 19-րդ դարը դասական հայկական դար էր Թիֆլիսում կամ Վրաստանում։ 20-րդ դարը դարձավ վրացական, 21-րդն արդեն թուրք-ադրբեջանական է։ Սա մեզ համար լուրջ վտանգ է։ Եվ մենք այս ուղղությամբ մտածելու շատ բան ունենք։ Իզուր չէ, որ նույնիսկ վրացիներն են ասում՝ Սաքարթվելոն դարձավ Sokarթվելո (Սաքարթվելո-ն վրացերեն նշանակում է Վրաստան, Sokar-ն էլ ադրբեջանական խոշոր նավթային ընկերություն է, որը գրավել է վրացական շուկայի մեծ մասը)։ Այսինքն՝ դրա վտանգն արդեն իրենք՝ վրացիներն են տեսնում, եւ այստեղ մեր շահերը համընկնելու են։



- Փաստ է, որ երբ խոսում ենք հայ-վրացական հարաբերություններից, անմիջապես մատնանշում ենք խնդիրները։ Իրականում ո՞րն է խնդիրը՝ հայերի գոյությունը Վրաստանո՞ւմ, թե՞ Վրաստանի վարած քաղաքականությունը։



- Իհարկե դրական է, որ մեր հայրենակիցներն ապրում են Վրաստանում։ Եկեք չմոռանանք, որ մայր հայրենիքում հայ ժողովրդի բարգավաճման մեջ չափազանց մեծ նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ Հայաստանից դուրս, մասնավորապես՝ Վրաստանում, բավականին մեծ թվով հայեր պատսպարվել եւ պահպանվել են որպես էթնոս, որոնք մինչ օրս էլ Հայաստանին սնուցում են հայ ազգաբնակչությամբ։ Չմոռանանք նաեւ, որ այդ պետությունները մեզ իրոք ընդունել են, օրրան են տվել, եւ մենք ապրել ենք։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ, որ վրացիների հետ հարաբերություններում, եթե կան ճշմարտություններ, որոնք հարաբերություններ ձեւավորելու մեջ կարող են ունենալ շատ կարեւոր նշանակություն, մենք, մեր ամբիցիաներից ելնելով, փորձում ենք այդ մասին չբարձրաձայնել։



- Խոսքը պատմակա՞ն ճշմարտությունների մասին է։



- Թեկուզեւ։ Մենք գիտենք Անիի ազատագրման մեջ վրացական բանակի դերն ու նշանակությունը։ Բայց, երբ Վրաստանի անկախության օրը ողջույնի խոսքեր են ասում տարբեր երկրների պատվիրակներ, անգամ ԱՄՆ-ի ոմն գեներալ սկսում է գովերգել վրացական բանակը, հայկական պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակի մակարդակով, ոչ մի խոսք չի ասում։ Գուցե արարողակարգով դու խոսքի տեղ չունեիր, բայց կա մամուլ, որով կարող էիր քո խոսքն ասել ու բարձրաձայնել, որ վրացական բանակը մեզ համար հարազատ է եղել, դա պատմական փաստ է, ի վերջո։ Այդ համակրանքները, այդ մի նախադասությունն այնպիսի էֆեկտ կարող են բերել մեզ, որը չի կարող բերել միլիոնների ներդրումը։



- Գուցե դա նրանից է, որ վրացիներն էլ չեն ուզում բարձրաձայնել իրենց հանդեպ ցուցաբերած մե՞ր օժանդակության մասին, որոնք եւս պատմական փաստեր են։



- Միգուցե իրենք չեն ուզում, բայց դո՛ւ արա առաջին քայլը, ի՞նչ խնդիր կա։ Վերջին հաշվով, տարօրինակ բան է, եւ ցանկացած պատմաբան Ձեզ կասի, որ հազարամյակներով իրար հետ կողք կողքի ապրող ժողովուրդներն ընդամենը մի անգամ են իրար հետ կոնֆլիկտ ունեցել՝ 20-րդ դարի սկզբներին, այն էլ՝ պարտադրված. ոչ ոք վրացիների դեմ ոչինչ չուներ։



- Լավ, այդ դեպքում ո՞րն է խնդիրը. մենք բարեկամ երկրներ ենք, Վրաստանում ունենք մեծ հայ համայնք, որը, ըստ էության, լուրջ խնդիրներ չունի այնտեղ, թեպետ երբեմն լեզվի, մշակույթի հետ կապված խնդիրներ են բարձրաձայնում, ուստի գլոբալ խնդիրը ո՞րն է։



- Կա հայկական գործոնի սպառնալիքը, կա դառը ճշմարտություն իրենց համար, եւ կա օբյեկտիվ իրականություն։ Դառը ճշմարտությունը հետեւյալն է. ունենալով իրենց տարածքում ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակչություն՝ նրանք տարածքներ են կորցրել. Աբխազիան ու Օսեթիան՝ փայլուն օրինակ։ Հայաստանն այլ ճամբարում է հայտնվել, որը հարեւան պետությունից, ինչպես իրենք են նայում, կոմպակտ բնակչությամբ տարածքը միացրել են իրենց երկրին։ Այստեղ կա օբյեկտիվ իրականություն, որը փաստ է, եւ այստեղ մեր շահերը պարզապես չեն համընկնում։ Կա նաեւ Ջավախք՝ նույնպես իր կոմպակտ հայկական բնակչությամբ, Ջավախքն անհամեմատ ավելի ակտիվ է, քան մյուս ազգային փոքրամասնությունները Վրաստանում։ Թեպետ ես կարծում եմ, որ ադրբեջանցիները, օրինակ, անհամեմատ ավելի վտանգավոր են Վրաստանի համար, բայց նրանք ավելի լոյալ են ներկայանում։ Մենք ընկել ենք շոգեքարշից առաջ, շրջանային մակարդակով հարցեր ենք քննարկում եւ փոխանակ բարձրաձայնենք կոնկրետ խնդիրներ, սկսում ենք քննարկել հայոց լեզվին ստատուս տալու հարցը կամ Հայոց ցեղասպանության հարցը եւ այլն։



- Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, արդյունքում կրկին երեք հայ պատգամավորներ ունեցանք, երեքն էլ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից։ Նրանցից երկուսը՝ Հենզել Մկոյանն ու Ռուսլան Պողոսյանը, նախկին պատգամավորներ են։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց վերընտրվելն ու աշխատանքն այս տարիներին։



- Նախ սկսենք նրանից, որ ցավալի է, որ մեր պատգամավորները բավականին պասիվ են եղել։ Ես այսքան հետեւում եմ եւ դեռ չեմ հիշում, որ հայ պատգամավորին տեսնեմ ամբիոնից խոսելիս։ Բայց անմիջապես հարց է առաջանում՝ ինչպե՞ս խոսել, եթե դու լեզվին չես տիրապետում։ Հիմա սա վրացիների՞ խնդիրն է, թե՞ մեր խնդիրն է։ Այսինքն՝ մենք մեր խնդիրների մասին բարձրաձայնող չունենք այնտեղ։ Հետեւաբար, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Փառք Աստծո, այդ երեք պատգամավորներից գոնե մեկը՝ Ռուսլան Պողոսյանը, ե՛ւ լեզվին է տիրապետում, ե՛ւ երիտասարդ է, ե՛ւ բավականին կրթված է, որից ես ավելի մեծ ակնկալիքներ ունեմ, քան նախորդներից կամ մյուս գործողներից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ