Սյունիքի նոր մարզպետը պարբերաբար զրուցում է Սուրիկ Խաչատրյանի հետ և տեղյակ է նրա շուրջ առկա պատմություններից

Սյունիքի նոր մարզպետը պարբերաբար զրուցում է Սուրիկ Խաչատրյանի հետ և տեղյակ է նրա շուրջ առկա պատմություններից

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց մարզում բարոյահոգեբանական մթնոլորտը գերազանց վիճակում է: «Բացարձակ ծանր մթնոլորտ մարզում չկա, նորմալ աշխատանքային մթնոլորտ է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատակիցների փոփոխությանը, պարոն Հակոբյանն ասաց, որ այս պահին մազպետարանի աշխատակիցների 90 տոկոսը չեն փոխվել և արդեն փոխվել են, հետագայում էլ կփոխվեն այն անձինք, ովքեր իրենց տեղում չեն և ոչ մասնագետ:
Հակոբյանն անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի պաշտոնից հեռանալու դեպքին՝ շեշտելով, որ Նիկողոսյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն:



Արդյոք կապ պահպանու՞մ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, նորանշանակ մարզպետն ասաց. «Մենք պարզապես զրուցում ենք, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, ինքն է զանգում, կամ ես եմ զանգում: Տարբեր բնույթի խնդիրների շուրջ ենք զրուցում, հրավիրում ենք միջոցառման, կարող է լինել այդ միջոցառումը Երևանում, ասենք ինչ-որ հուշարձանի բացում, կամ կարող է լինել Երկրապահի հետ կապված»:



Մարզպետը նաև նշեց, որ ինքը տեղյակ է Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու հետ կապված բոլոր պատմություններից, և հետաքրքրվեց՝ մեզ հատկապես ի՞նչն է հետաքրքրում։ Ասացինք, որ խոսքը այն կրիմինալ պատմությունների մասին է, որոնց մեջ ժամանակին հայտնվել են հայր և որդի Խաչատրյանները։ «Հետո՞»,-զարմացավ մարզպետն ու ավելացրեց․ «Դուք սխալ հասցեատեր եք ընտրել, իրավապահները, ես ինչքան գիտեմ, դրա գնահատականը տվել են»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ