Երևանը «զարգանում է» խորհրդային տարիների ասֆալտով ու վերելակներով

Երևանը «զարգանում է» խորհրդային տարիների ասֆալտով ու վերելակներով

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ի տարբերություն քաղաքապետարանում ձևավորված մոտեցումների, չի գնում քննադատությունների տրամաբանությունը «ջրելու» ճանապարհով։ Օրինակ՝ նա չի փորձում մեզ համոզել, որ այսինչ հարցում հնչած քննադատություններն անհիմն են, որովհետև «քաղաքապետարանն աշխատում է գրեթե իդեալական, իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, և մենք, առկա իրավիճակում, դժգոհելու տեղ չպիտի ունենանք»։ Ավելին, նա անգամ տեղ-տեղ մասնակի համաձայնում է մեր բարձրաձայնած խնդիրների ճշմարտացիության հարցում և հավանություն տալիս մեր հարցադրումներին։ Թեպետ, ներկայացուցչական ծախսերի հարցում՝ կոնյակի թանկարժեք բաժակներ, անհասկանալի ճոխ միջոցառումներ և այլն, նրա կարծիքը միանշանակ է՝ դրանք պետք է լինեն բարձր մակարդակի և վերջ, հատկապես, երբ այդ փողը դրսից եկած հյուրերին պատվելու վրա է ծախսվում։ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նա լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ վերելակների խնդրին։ Այդ մասին կրկին հիշեցինք, քանզի օրերս նորից հերթական հնամաշ մի վերելակի անսարքության պատճառով կրկին մարդ էր տուժել։ Նա չհերքեց, որ այստեղ իրենք լուրջ խնդիր ունեն, բայց և հստակ կամ հուսադրող որևէ լուծում այդպես էլ չմատնանշեց։



Պարոն Արեյանի կարծիքով՝ սա իրենց ամենացավոտ կողմերից մեկն է, որը համակարգային լուծում է պահանջում։ Մայրաքաղաքում խորհրդային տարիներին կառուցված մոտ 5 հազար բազմաբնակարան շենք կա, որոնցում 4651 վերելակ է հաշվեգրված։ Դրանց գերակշիռ մասի վիճակը քաղաքապետարանին անհանգստացնում է։ «Իհարկե, սպասարկումն իրականացվում է, տեխնիկական զննումն իրականացվում է, սարքավորումների, պահեստամասերի սապասրկում, փոխարինում, ճոպանի, մյուս կարևորագույն մասերի ամենօրյա սպասարկում կա, բայց տեխնիկապես և բարոյապես արդեն մաշված է այս համակարգը»,-սրտի հոգոցով փաստում է փոխքաղաքապետը։
Իսկ ո՞րն է դրա լուծումը, ինչու՞ չեն փորձում լուծել։ Արեյանն ասաց, որ ոչ թե ցանկություն չունեն, այլ համակողմանի լուծում է հարկավոր, ինչի ուղղությամբ մտածում են իրենք։



Իսկ հաշվե՞լ են՝ որքան ծախս կպահանջի, որ այդ 4651 վերելակներն ամբողջությամբ փոխարինվեն նորերով, Արեյանը ստույգ թիվ չնշեց՝ միայն ասելով, որ այսօր տարբեր ներդրողներ և կառույցներ են դիմել քաղաքապետարան, որոնք ցանկություն ունեն վերելակների արտադրություն սկսել Հայաստանում կամ ներկրել այստեղ հավաքել։



Բայց մենք պիտի շուտափույթ լուծենք իրավական խնդիրը։ Ներդրողի հետ բանակցելիս երաշխիք է ուզում՝ դնել և հետ բերել, կառավարելի դարձնել։ Այն մեր խորհրդային «լիֆտյորին» պետք է փոխարինի կառավարողը, պետք է մեկ կենտրոնից կառավարվի»։



Իսկ մինչև այս բարդ ու խուճուճ «ռեֆորմին» հասնելը՝ հնարավոր չէ՞ ուղղակի գնալ նախևառաջ պարզ ճանապարհով՝ փոխել հին վերելակները նորերով և լուծել ամենակարևոր՝ անվտանգության խնդիրը, հետո մտածել համակարգային «թիթիզությունների» մասին։



«Ես Ձեզ հասկացա։ Բայց եթե մեր բյուջեն ունենար հնարավորոթյուն... Դուք ամենակարճ ճանապարհը նշեցիք, բայց մենք օրենքի լրջագույն խնդիրներ ունենք։ Հիմա ստեղծված է աշխատանքային խումբ, գրվում է նոր օրենք բազմաբնակարան շենքի կառավարման մասին։ Այդ իրար մեջ դրված, երկու իրար կրկնող օրենքները պետք է փոխարինվեն մեկ օրենքով։ Եվ մենք, իսկապես, իրավական դաշտով խնդիր ունենք»,-ասաց Արեյանը՝ թեման նորից պրագմատիկ դաշտից տեղափոխելով դեկլարատիվ բարեփոխումների տիրույթ։



Վերելակներից զատ՝ պարոն Արեյանը մեկ այլ ցավոտ խնդիր էլ առանձնացրեց՝ տրանսպորտը։ Այստեղ, սակայն, դրական միտումներ են նկատվում, քաղաքապետը հայտարարել է միասնական տրանսպորտային հանգույց ստեղծելու, միկրոավտոբուսներից ձերբազատվելու, երթուղային ցանցը թարմացնելու, արդիականացնելու մասին, և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են։



Բայց այդ տրանսպորտի հետ մեկ այլ կարևոր խնդիր է շաղկապված՝ ճանապարհների որակը։ Ամեն անգամ Հայաստանից դուրս այլ երկրներում գտնվելիս, անգամ հարևան Վրաստանում, առաջինը մեզ գրավում են ճանապարհները, որոնց ասֆալտի որակին և կահավորանքին էապես զիջում են ինչպես ողջ Հայաստանի, այնպես էլ մայրաքաղաք Երևանի ճանապարհները։ Մեր անորակ, փոսառատ, նույնիսկ թարմ «փռած» ասֆալտի դեպքում խորդուբորդ ճանապարհները երևի թե ուրախացնում են միայն «խոդովիկներին», իսկ նրանց մշտական հաճախորդներն ամեն Աստծու օր «հիշում են» ասֆալտ փռողներին։



Ուստի հետաքրքրվեցինք Կամո Արեյանից՝ ե՞րբ է Երևանը վերջապես որակյալ ասֆալտապատ ճանապարհ ունենալու, և ինքը՝ որպես երևանցի, գո՞հ է մայրաքաղաքի ասֆալտի որակից։ «Մենք ունենք բավականին որակյալ ասֆալտ, և համեմատության մեջ չի զիջում Ձեր ասած քաղաքների ասֆալտին (որպես օրինակ՝ նշել էինք Թբիլիսիի, Բեռլինի և Մոսկվայի ճանապարհները), և այն, ինչ որ իրականացվում է քաղաքում, իրականացվում է ըստ անհրաժեշտության՝ ճանապարհի վիճակից ելնելով։ Դա ինքնանպատակ չէ»։



Ըստ նրա՝ մեր մատնանշած Բեռլինի ճանապարհաշինարարությունն ընթացել է այլ նորմատիվներով, Երևանի ճանապարհաշինությունն ընթացել է խորհրդային նորմատիվներով. «Գրունտի վիճակը, խորությունը, խիճը, ասֆալտի հաստությունը, խտությունը, այդ նորմատիվները եղել են խիստ տարբեր։ Մերը խորհրդային պրոդուկտ է»։ Իսկ ի՞նչն է խանգարում ձերբազատվել այդ խորհրդային պրոդուկտից և ժամանակակից, եվրոպական մեթոդներով ասֆալտաշինության անցնել։ «Ձեր հարցադրումը մասամբ իրավացի կհամարեմ, երբ որ մենք իրականացնում ենք գրունտից նոր ճանապարհի շինարարությունը։ Բայց մեր հիմնական նորոգումները գնում են տասնամյակների պատմություն ունեցող ճանապարհների վրա։ Շատ ժամանակ ստիպված մենք շրջում ենք ամբողջ աստառը, հասնում ենք մինչև հողային պաստառի»,-բացատրեց պարոն Արեյանը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիաներով ասֆալտ ունենալը թանկ հաճույք է։ Հետևաբար, ըստ փոխքաղաքապետի, այնտեղ, որտեղ պետք է անեն փոսային նորոգում, վերանորոգում, բնականաբար պետք է անեն եղածի վրա, իսկ որտեղ կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ են, գոնե այդտեղ կարողանում են ապահովել երկարակեցություն։



«Ինչ մնում է Ձեր ասած դասական մոդելին, այո՝ նոր ճանապարհաշինությունը պետք է իրականացվի այնպես, ինչպես որ Դուք թվարկեցիք՝ նոր տեխնոլոգիաներ, նոր գործարաններ, բայց այդ ամեն ինչը թանկ հաճույք է ցանկացած երկրի համար։ Բայց մեզ համար կոնկրետ Երևանում մենք հասանք մի արդյունքի, որ կարծես թե ստաբիլ վիճակ ապահովել ենք»,-նշեց նա՝ համաձայնելով մեր դիտարկմանը, որ թանկից էժանը չկա սկզբունքը թերևս ձեռնտու է այս պարագայում, որ մի անգամ որակյալ ճանապարհ կառուցեն ու մի քանի տարի դրան էլ ձեռք չտան։ «Ուրեմն այն, ինչ նոր են կառուցում, համամիտ եմ Ձեզ հետ, թող լինի թանկ ու որակյալ։ Ավելի լավ է՝ երկար ծառայի, քան թե ամեն տարի կարկատենք, վրան տասնապատիկ ինքնարժեքից մեծ ծախսեր անենք։ Բայց մենք եկել ենք մի իրավիճակի, որ ընդամենը ընթացիկ, փոսային նորոգումներով կարողանում ենք իրավիճակը պահպանել։ Այն խայտառակ վիճակը՝ փլված, նստած, փոսային, եթե նկատել եք՝ չկա քաղաքում»-եզրափակեց պարոն Արեյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ