Հայաստանը հայերի տունն է, ոչ թե առեւտրի կենտրոն

Հայաստանը հայերի տունն է, ոչ թե առեւտրի կենտրոն

Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, որը ծնունդով Քեսաբից է, հետեւում է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքին եւ իր կազմակերպության ուժերի չափով փորձում է ներազդել հայրենակիցների խնդիրների լուծմանը։ Երեկ նա պատասխանեց մեր հարցերին։



- Վերջերս Սիրիայի խորհրդարանը քննարկել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ի՞նչ մասնակցություն է ունեցել Ձեր լիգան այդ գործում։



- Մենք դիմումագիր ու փաստաթուղթեր ներկայացրեցինք Սուրիո խորհրդարանի ժողովին` հոկտեմբերի 3-ին, նաեւ այցելեցինք այնտեղ` խոսելու Հայոց ցեղասպանության մասին։ Հանդիպման ընթացքում խորհրդարանի նախագահին՝ դոկտ. տիկին Հտիե խալաֆ Ապասիին պաշտոնապես հանձնեցինք թղթածրար եւ խնդրեցինք, որ ընդգրկեն ամենամոտ նիստին՝ քննարկելու մեր կողմից ներկայացված պահանջքները։ Ցեղասպանության ճանաչման իրականության փաստի վկան հանդիսանում են սուրիական հողերը, դրան լավատեղյակ է Սուրիո ժողովուրդը։ Զրույցը երկար տեւեց, տիկին Հտիե խալաֆ Ապասին խոստացավ, որ թղթածրարը կուղարկի խորհրդարանի տարբեր հանձնախումբերին՝ իրենց կարծիքը ներկայացնելու, եւ որ մի հարմար առիթով նիստերից մեկին կդրվի խորհրդարանի անդամների քննարկմանը եւ քվեարկությանը։



- Ի՞նչ փուլում է հիմա այդ գործընթացը։



- Այս հարցին հետեւում ենք, որ պատշաճ ձեւով ավարտվի։ Հաջողության դեպքում Սուրիան պիտի լինի առաջին իսլամական երկիրը, որ քաջորեն կճանաչի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանության փաստը, եւ սա կարեւոր կլինի նաեւ իսլամական ժողովուրդների հետ մեր ապագա հարաբերություններում, եւ մարդկանց մտքից կհանվի հային «կավուր» անվանումը, որ թուրքը մինչ օրս օգտագործում է՝ փորձելով թշնամություն սերմանել մեր մեջ, իմանալով, որ ոչ արաբը, ոչ ալ իսլամը կապ չունեն թուրքերի կողմից հայերի դեմ ծրագրած հանցագործության հետ։ Սա նաեւ նոր ուղի պիտի ցույց տա այլ երկիրների հպատակությունը կրող հայերին՝ դիմելու՝ իրենց երկիրներում պահանջատիրության գործընթաց ձեռնարկելու։



- Պարոն Մահշիկյան, հիմա ի՞նչ է կատարվում սիրիական քաղաքներում` Հալեպում, Տումայում, հայ բնակչության վիճակն ինչպե՞ս է։



- Սուրիական պետության կառույցը լիարժեք գործում է։ Տագնապի շրջաններում մի քիչ դժվարությունների է հանդիպում, բնականաբար, բայց Սուրիայի ժողովուրդը մեծ հուսով է, որ մոտ է գարունը։ Կարծում եմ՝ Սուրիո տագնապն իր վերջին օրերը կապրի, եւ երբ խաղաղությունը տիրի, Հայաստանի ու հայության համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն՝ տարբեր ոլորտներում համագործակցելու, եւ Հայաստանի տնտեսությանը եւս զարկ կտրվի։ Կարող ենք համարել, որ Հալեպի հարցը վերջնականապես լուծված է, եւ կշեռքը պետության կողմն է։ Նաեւ մյուս տագնապ ապրող շրջանների համար բանակցությունները վարում է Ռուսաստանի ստեղծած հատուկ հանձնախումբը՝ խաղաղ միջոցներով հաշտության հասնելու եւ պետական կարգը հաստատելու։



- ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Եվ սպասվում էր, որ Թուրքիայի պահվածքը եւս կփոխվի։ Փոխվե՞լ է, թե՞ ոչ։



- Այո, փոխվել է։ Կան կուլիսներում լուրջ բանակցություններ ընդդիմադիր «Ջումհուրիեթ» կուսակցության ղեկավարների միջնորդությամբ, բայց նրանք սուրիական իշխանություններին իրենց ուզածն են փորձում պարտադրել։ Իսկ Սուրիայի պահանջը հողային ամբողջականությունն ու Սուրիայի ինքնիշխանությունը հարգելն է, չմիջամտելն է պետության ներքին հարցերին՝ առանց իշխանությունների թույլտվության, եւ ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելուց հրաժարվելն է։ Այս նոր պայմանները լավագույն առիթն ստեղծեցին հայերի համար՝ ռուսների, Սուրիո ու արաբներուն միջեւ դերակատարություն ունենալու իմաստով։ Երկու ժողովուրդների բարեկամը լինելով՝ մեր առաջ տնտեսական ոլորտում դռները լայնորեն բացվեցին, ահա ինչու մենք աշխատանք ենք տանում՝ Հայաստանի եւ Սուրիայի միջեւ մշտական կամուրջ ստեղծելու։



- Տեղյակ եմ, որ սիրիական կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ օդային հաղորդակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Լաթակիայի օդանավակայանը ծառայելու է այդ նպատակին։



- Նոյեմբերի կեսերին խորհուրդը բանակցել էր Սուրիայի Արաբական Հանրապետության տրանսպորտի եւ զբոսաշրջության ընկերության հետ՝ Հայաստանից Սուրիա եւ հակառակը տուրիստական խմբերի կանոնավոր ավիափոխադրումներ մեղմ գներով կազմակերպելու հարցում։ Մեզ պատասխանեց սուրիական քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն ճարտարապետ Մուհամադ Իյադ Զեյդան։ Հայտնեց, որ տեղի կունենա տուրիստական խմբերի` թե ձմռանը, թե ամռանը, ինքնաթիռներով կանոնավոր տեղափոխում Հայաստանից դեպի «Բասիլ Ասադի» միջազգային օդանավակայան եւ հակառակը, որ օդանավակայանը լիարժեքորեն պատրաստ է ընդունելու օտար երկիրներից ժամանող ինքնաթիռներ, ինչպես նաեւ ունի գիշերելու կացարանի հնարավորություններ, բարձրակարգ օդանավակայանների մակարդակի համաձայն, Սուրիո քաղաքացիական ավիացիայի կողմից եւ ընդունված օրենքների եւ միջազգային ենթաօրենսդրական ակտերի կիրառմամբ:



- Դուք ի՞նչ ինֆորմացիա ունեք Լաթակիայի օդանավակայանի մասին, հիմա այնտեղով թռչո՞ւմ են քաղաքացիական օդանավերը, թե՞ դա դեռ ապագայի հարց է։



- Այսօրվա տվյալներով, Լաթակիայի միջազգային օդանավակայանը կատարելապես պատրաստ է ընդունելու ամեն տեսակի եկող օդանավեր։ Սուրիացիները մեծ ցանկություն ունեն Հայաստան գալու, բայց Հայաստանի իշխանությունները չեն համաձայնում։ Կարելի է ասել, որ լուրջ աշխատանք է տարվում երկու երկիրների ժողովուրդների միջեւ մերձեցման համար, բայց Հայաստանի արտաքին դիվանագիտությունը միշտ թերանում է նման քայլերին նպաստելու՝ ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովուրդի գերագույն շահերի։



- Ինչո՞ւ։



- Նրանք կղզիացած, մարդկանցից հեռու են ուզում մնալ, որ իրենք չանհանգստանան։ Օրինակ, Դամասկոսի դեսպանը՝ Արշակ Փոլադյանը։ Մինչ օրս նա զբաղվում է համայնքի մակարդակի վրա, ոչ պետական մակարդակով։ Երկրի գերագույն շահերը հետապնդելով՝ մարդը 10 տարի նստած է, զբաղված է միայն բարիքներ քերելով ինքն իր համար։



- Ի՞նչ է անում։



- Նախ չի ուզում, որ հետս հանդիպի եւ չի ուզում զանգերիս անգամ պատասխանել։
Սուրիական պաշտոնյաների հետ հանգիստ կարող եմ հանդիպել, բայց ոչ մեր դեսպանի։ Մի խոսքով, խղճալի է վիճակը։ Առաջին դեսպանին՝ Դավիթ Հովհաննիսյանին հարգում եմ, այս մարդը հիմնեց հարաբերությունները, իսկ հաջորդները՝ ողբամ քեզ, Հայաստան։ Սուրիան կարեւորագույն երկիր է Հայաստանի համար՝ որպես բարեկամ երկիր։ Հայերից բացի շատ սիրիացիներ են փափագում գալ Հայաստան եւ աշխատել Հայաստանում, գործ դնել: Իմ դիտողություններն անում եմ, որովհետեւ ես էլ եմ կրում Հայաստանի քաղաքացիությունը, ոչ միայն հայ լինելու հանգամանքով։ Մեր խորհուրդը զբաղվում է հայկական հարցով եւ Հայաստանի ու հայ ժողովուրդի շահերը պաշտպանելով, բայց արդյո՞ք հարցնող կա մեր ծավալած գործունեության մասին։ Ես շատ հիասթափված եմ Հայաստանի իշխանություններից։



- Ի՞նչ կարծիքի եք մեր սփյուռքի նախարարության մասին։ Չի՞ օգնում ձեզ։ Դիմե՞լ եք։



- Սփյուռքի նախարարին հանդիպեցի անցյալ տարի՝ իր գրասենյակում։ Երկու ժամ խոսեցինք, բացատրեցի, ծանոթացրեցի խորհրդին եւ մեր նպատակներին։ Շատ լայն ժպտալով՝ ընկալեց ամենը, բայց հոն խոսեցանք՝ հոն թաղեց ու վերջ։ Սփյուռքի նախարարությունը պետություն է ներկայացնում, ոչ թե բարեսիրական կազմակերպություն, բայց ձայն բարբառո անապատի։ Հայաստանն ինչո՞ւ կա, եթե չի զբաղվելու հայության ճակատագրով։ Մի քանիսի առեւտրի կենտրոն է։ Հայաստանը հայերի տունն է եւ ոչ թե առեւտրական կենտրոնի վաճառականների։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ