Խաղաղարար պլատֆորմ՝ թույլ օղակներից

Խաղաղարար պլատֆորմ՝ թույլ օղակներից

Ադրբեջանում քաղաքական ապաստան որոնող հայերի այսպիսի ալիք երբեք չէր եղել։ Հայաստան երկրից, արդարադատության մարմիններից, ոստիկանությունից դժգոհները հանկարծ որոշեցին, որ իրենց իրավունքները պաշտպանելու համար ամենահարմարն Ադրբեջանն է՝ ավտորիտար երկիր, ըստ ժողովրդավարացման բոլոր ընդունված սանդղակների։ Հայաստանը համարվում է անցումային երկիր, որն ավտորիտարից մեկ աստիճան բարձր է համարվում։ Իրավապաշտպան Freedom House կազմակերպության 2015թ. տվյալներով, Ադրբեջանում վատթարացել են քաղհասարակության վիճակը, դատական համակարգը։ Ադրբեջանի ժողովրդավարացման բալը 6.75 է մի սանդղակում, որի ամենավատ ցուցանիշը 7 բալն է։ Եվ ահա ստացվում է, որ առաջադեմ հայացքների տեր ինչ-որ մարդիկ մեկնում են այդ 7 բալանոց երկիրը, աշխատում են առավոտից երեկո Հայաստանի վրա կեղտ լցնող լրատվամիջոցներում, հարցազրույցներ են տալիս այն մասին, թե ինչ վատ երկիր է Հայաստանը, փորձում են «թույլ օղակների» հավաքագրումներ կատարել եւ այս ամենի անունը դնում են «խաղաղարար պլատֆորմ»։



Դիմումի ձեվ՝ Ադրբեջանից ապաստան խնդրողների համար



Դասախոս եւ երաժիշտ Սյուզան Ջաղինյանը գնում է ղարաբաղյան հակամարտության թեմաներով կոնֆերանսի ու մնում է Բաքվում, աշխատանքի է անցնում Haqqin.az կայքում եւ մի աղիողորմ նամակ է հրապարակում առ այն, թե ինչ է կատարվում Հայաստանում 2000 թվականից ի վեր։ Այս նամակը կարող է օրինակելի նմուշ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Ուրեմն, նախ գրում ես, թե ինչ վատ իրավիճակ է Հայաստանում դեմոկրատիայի առումով, ինչ խայտառակ դատական համակարգ ունենք, հետո անցնում ես քո անձնական պրոբլեմներին։ Կարելի է գրել, թե ինչպես ես մնացել անտուն, կամ որ քեզ, ինչպես, օրինակ, Սյուզի Ջաղինյանի դեպքում, պաշտոնապես համարել են մահացած։ Հետո, իհարկե, կարող է պարզվել, ինչպես Սյուզիի դեպքում, որ մայրը որդուն անտեր է թողել՝ հոր վզին, եւ մեկնել է Դուբայ ու Ստամբուլ, իսկ պապիկը թոռան խնամակալությունն ստանձնելու համար ստիպված է եղել ամեն ինչ անել, որպեսզի դատարանը երեխայի մորը մահացած ճանաչի։ Այս ամենն էական չէ։ Ստուգող չկա։ Եվրոպական երկրում հարյուրավոր փաստաթղթեր անհրաժեշտ կլիներ լրացնել, ապացույցներ ներկայացնել, որ սպառել ես ներպետական պաշտպանության բոլոր ատյանները, որ անհնարին է այլեւս ապրել Հայաստանում, որ քո կյանքն ու անվտանգությունը, աշխատելու իրավունքը վտանգված են։ Եվրոպացի պաշտոնյաներն անհավատ են, հազար ու մի հարցումներ են ուղարկելու Հայաստանի պետական մարմիններին, ստուգելու ու վերստուգելու են փաստերը, մամուլի հապարակումներ պետք է ներկայացնես քեզ ճնշումների ենթարկելու վերաբերյալ, մինչեւ որ տվյալ անձին երկրում բնակվելու իրավունք տան։ Իսկ Ադրբեջանում բավական է Հայաստանի դեմ մեկ-երկու հարցազրույց տալ, եւ դու ապահովված ես։



«Թույլ օղակները» տոտալ հսկողության տակ են



Ինչո՞վ եւ ինչպե՞ս են ապահովում Հայաստանից փախածներին։ Այս մասին ոչ մի հասանելի տեղեկություն չկա, սա գաղտնիք է՝ 7 կողպեքի տակ։ Օրինակ, ինչ աշխատավարձ է ստանում 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն ադրբեջանական ԶԼՄ-ում աշխատելով, որտեղ է ապրում, հայտնի չէ։ Պաշտոնական լեգենդի համաձայն, բնակվում է Օդեսայում եւ թղթակցում է haqqin.az-ին։ Բայց չի բացառվում, որ Ուկրաինայում չէ՝ նրան այնտեղ տարան, նկարեցին, բերեցին։ Պարզ է, որ նման մարդկանց երկրից բաց չեն թողնի, մինչեւ որ նրանք իրենց վրա ծախսած վերջին ցենտը «չաշխատեն»։ Ղարաբաղյան թեման, «իրավապաշտպան» բարձր անվանումը հարմար ատրիբուտներ են հանրությանը պարբերաբար ներկայանալու եւ հակահայկական թեման թարմացնելու համար։ Վահան Մարտիրոսյանը, Սյուզան Ջաղինյանը, Վահե Ավետյանը հանդես են գալիս որպես ինչ-որ «խաղաղարար պլատֆորմի» նախաձեռնության անդամներ։ «Հասել է հաշտվելու ժամանակը»․ սա է այդ «պլատֆորմի» հիմնական ուղերձը, բայց իրենց ելույթներում «պլատֆորմի» ներկայացուցիչները հակահայկական հայտարարություններ են անում։



Խաղաղություն՝ նշանակում է ատե՞լ հայերին



Նոյեմբերի 8-ին անցկացված հավաքում, օրինակ, որը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Վահան Մարտիրոսյանն իր ելույթում քննադատել է հայկական ԶԼՄ-ներին, խոսել է այն մասին, որ Հայաստանում չեն ցանկանում հաշտվել, «քանի դեռ այնտեղ կան մարդիկ, որոնք բռնի ուժով զավթել են երկրի իշխանությունը, ցեղասպանություն են իրականացրել Խոջալու քաղաքում եւ այսօր ցեղասպանության են ենթարկում սեփական ժողովրդին»: Ի՞նչ կապ ունի սա խաղաղության քարոզի հետ, անհասկանալի է։ Մեկ այլ «իրավապաշտպան»՝ Վահե Ավետյանը, որը Շվեդիայում տաքուկ նստած, համացանցում քննադատում է Հայաստանը, իր խաղաղարար առաքելությունն իրականացնում է Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ դնելով։ Անմեղ զոհը զոհ է, անկախ ազգությունից, սա հասկանալի է, բայց զոհին, մեղավորին եւ այս հասկացություններով սպեկուլյացիա անողին պետք է տարբերել իրարից։ «Ես խոսում եմ ադրբեջանական ԶԼՄ-ների հետ, քանի որ նրանք հետեւողականորեն տպում են Հայաստանի հասցեին քննադատությունները: Հայաստանի ծախված շները, լրագրողները, իրավապաշտպանները, իսկ հիմա արդեն կոնյունկտուրային «խաղաղապահները» դրամաշնորհների եւ կաշառքի հաշվին դա երբեք չէին անի»․ մեջբերում Վահե Ավետյանի «խաղաղարար քարոզից»։ Ի՞նչ է այս «խաղաղարար» հայերի պլատֆորմը։ Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, այն նպատակ ունի Ադրբեջանը որպես տոլերանտության երկիր ներկայացնել․ «Իրենք արդեն քանի տարի է՝ մեծ կոնֆերանսներ են անում, որի իմաստն այն է, որ Ադրբեջանը ցույց տան որպես մուլտիկուլտուրալ երկիր, որը կարող է իր տոլերանտությամբ օրինակ լինել ողջ աշխարհի համար: Բայց քանի որ հայատյացությունն այնտեղ ահռելի մասշտաբների է հասել, իրենք փորձելու են ցույց տալ, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ հայերը հանգիստ գնում-գալիս են»:



Կեղծ հավաքագրումը՝ նոր մեթոդ տեղեկատվական պատերազմում



Ադրբեջանական հատուկ ծառայությունները «կեղծ հավաքագրումների» տակտիկա են բանեցնում։ Նախ փորձեցին դավաճանի պիտակ կպցնել հայ պաշտոնաթող սպա Նորայր Մինասյանին։ Տաքարյուն սպան մեկնել էր Սոչի, ինչպես ինքն է բացատրում, Վահան Մարտիրոսյանին «դաս տալու»։ Վահանի հետ հանդիպելու համար նա ստիպված էր եղել ներկայացնել, թե ուզում է Ադրբեջան փախչել։ Մարտիրոսյանը շուտով հասկացել է «խաղը» եւ Մինասյանին վարկաբեկող նյութեր է սկսել տարածել։ Այժմ նա Սյունիք է վերադարձել եւ, անշուշտ, դեռ ստիպված կլինի բացատրություններ տալ ՀՀ հատուկ ծառայություններին։ Հաջորդ «զոհն» ակտիվիստ Արմեն Վիրաբյանն էր, որն արտագաղթել է Գերմանիա։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կայքերը լուրեր տարածեցին, թե նա էլ է որոշել միանալ «խաղաղարար պլատֆորմին», եւ տպագրեցին նրա հարցազրույցը Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Իսկ երեկ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը հրապարակեց նրա տեսաուղերձը, որտեղ վստահեցնում է, որ իրեն խաբել են, եւ որ պատրաստվում է դատի տալ haqqin.az կայքին։ «Ես պարզապես հանդիսացել եմ խամաճիկների, տականքների զոհ: Ոչ մի պլատֆորմի չեմ միացել եւ չեմ միանալու»,- ասում է Վիրաբյանը, սակայն չի ժխտում, որ շփվել է ադրբեջանական կայքի հետ, խոստովանելով, որ «թյուրիմացություն էր՝ կապվել haqqin.az-ի հետ»: Իր հարցազրույցում Վիրաբյանը քննադատել է ժողովրդավաության վիճակը Հայաստանում եւ որեւէ մտադրություն Ադրբեջան գնալու մասին չի հայտնել։ Խոսքի ազատության իրավունք նա ունի, իհարկե, բայց արդյո՞ք մեզ հետ պատերազմի մեջ գտնվող երկրի կայքի լրագրողի հետ խոսելով՝ նա նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Դավիթ Սանասարյանը չցանկացավ խոսել ընկերոջ մասին։ «Ես այդ թեման փակել եմ։ Ինձ հետաքրքիր չէ, թե ինչի համար է նա արել դա։ Ինքն իմ ֆեյսբուքյան ընկերն է։ Ես կարողացա իրեն եւ բոլորիս օգնել այս անիմաստ պատմության մեջ։ Չեմ հարցրել, թե ինչու է տվել հարցազրույց։ Ասել եմ, որ սխալ գործիք ես ընտրել, դա ոչ մի օգուտ չի բերելու մեր երկրին»,- ասաց «Ժառանգության» խոսնակը։ Ըստ քաղաքագետ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի, հերքումները բավարար միջոց չեն։ «Ընդդիմադիր երիտասարդ արեւմտամետ ակտիվիստներին եւ զինվորականությանը վարկաբեկելուն ուղղված քարոզչական գործողություններ են սրանք: Հերքումներն այդ համատեքստում հակազդելու բավարար միջոց լինել չեն կարող, քանի որ այդօրինակ լրատվական ապատեղեկատվության տարածմանը թե մեր, թե ադրբեջանական ողջ լրատվական դաշտն է մասնակցում՝ սոցցանցերը ներառյալ, իսկ հերքումներն անհամեմատ քիչ թվով ԶԼՄ-ների կողմից են հրապարակվում: Կարծում եմ, որ եթե նման նպատակ դրվի, ապա պատկան մարմինների համար դժվար չի լինի պարզել, թե արդյոք ադրբեջանցիներից բացի նման ապատեղեկատվության այլ պատվիրատուներ ե՞ւս կան»,- ասաց նա։



ՀԳ․ Պատկան մարմինները, տեղեկատվական պատերազմների պատասխանատուներն առայժմ հրաժարվում են այս թեմաների շուրջ արտահայտվել։ Հրահանգ կա անտեսել ադրբեջանական քարոզչական հնարքները եւ հայրենադավ եռյակին՝ Մարտիրոսյան-Ջաղինյան-Ավետյան, կարծես նրանք գոյություն չունեն։ Արդարացված կհամարենք, եթե եռյակն ապագայում քառյակ չդառնա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ