Հայրենադարձության 70-րդ տարելիցի եւ իշխանությունների ազգադավության մասին

Հայրենադարձության 70-րդ տարելիցի եւ իշխանությունների ազգադավության մասին

Իշխանությունը եւ նույնիսկ որոշ ընդդիմադիր ուժեր համառորեն շարունակում են իրականացնել սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձության քարոզչություն, երբ ՀՀ բնակչությունը ՀՀԿ-ի դիկտատուրայի պատճառով զանգվածաբար լքում է Հայաստանը։ Եթե ժամանակին ՀՀ խորհրդարանն ընդուներ օրենք՝ «ՀՀ իշխող կուսակցությունը կամ կոալիցիան, որը չի կարողանում ադրբեջանահայերով բնակեցնել ազատագրված հայկական տարածքները եւ կանխել արտագաղթը, հրաժարական է տալիս», ապա գրեթե լուծված կլիներ արցախյան հիմնահարցը։ Չէին ավերվի հայկական պատմական տարածքներում ադրբեջանական բնակավայրերը, ռազմական ավարը յուրացնելու փոխարեն այն կտրամադրվեր այդ բնակավայրերն ադրբեջանահայերով վերաբնակեցնելուն, իսկ հետո վերաբնակիչները հանրաքվեով կմիանային Արցախին։ Խոսք չէր գնա տարածքներ հանձնելու մասին, կստեղծվեր իրեն պաշտպանել կարողացող պետություն, նկատելիորեն կկանխվեր արտագաղթը, չէր լինի քառօրյա պատերազմը, թուրքերը չէին գրավի «800 հեկտար» տարածք եւ կարեւորագույն դիրքեր, չէին զոհվի 100-ից ավելի պատանիներ, եւ չէր ծնվի «հազար դրամի մասին» ամոթալի օրենքը։ Այդպես են ստեղծում պետությունն ու պետական մտածողությունը եւ ոչ թե Արցախյան պատերազմի ռազմավարը թալանելով։ Գուցե հենց այդ նպատակով էլ մեր «հեռատես» պետական այրերն ու «փառապանծ» գեներալներն ավերել են տվել բնակավայրերը։
Ազատագրված տարածքներն ադրբեջանահայերով չբնակեցնելու վտանգները գնալով ահագնանալու են։ ՀՀ դիվանագիտության ժամանակավոր թվացյալ հաջողությունները պայմանավորված են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ փակուղի տանող «պանթուրքիզմին» նպաստ դիվանագիտությամբ, ինչից առայժմ օգտվում է Ռուսաստանը։ Իսկ եթե առաջինը բացի սահմանը, իսկ երկրորդը ճանաչի Արցախի անկախությունը, պատկերացնում ենք, թե ինչ վտանգավոր կարգավիճակում կհայտնվեն Արցախը, Հայաստանն ու Հայկական հարցը։ Նախկինում հայությունը չլսեց Լորիս-Մելիքովի, հետո՝ Պողոս Նուբարի, Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ՀՅԴ-ի հորդորներն այն մասին, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ծրագրում նախատեսված չէ անկախ ու միացյալ Հայաստանի ստեղծումը, որ պայքարը պիտի ուղղվի Արեւմտյան Հայաստանում կամ Կիլիկիայում հայկական անկախ պետություն ստեղծելուն։ Գոնե այժմ հայությունը, հատկապես սփյուռքահայությունը, պիտի հստակ գիտենա, որ Հայկական հարցը Թուրքիայի մասով պետք չէ պայմանավորել Արեւելյան Հայաստանի եւ Ռուսաստանի աջակցությամբ, այլապես այն հայերի հաշվին կշարունակեն ծառայեցնել ռուս-թուրքական, ինչպես Արցախի հիմնահարցը՝ ռուս-ադրբեջանական շահերին։ Այժմ պիտի մտածել նշված տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծման ուղղությամբ։
Սփյուռքահայերի նոր հայրենադարձության ջատագովները փորձում են դասեր քաղել 1946-1948 թթ․հայրենադարձությունից, ինչը սխալ է, քանզի այն, անկախ դրա տնտեսական, ժողովրդագրական եւ մշակութային նշանակությունից, հիմնականում խաբկանք է եղել։ Այն նախ պայմանավորված էր հայության տարածքային իրավունքներն իր երկրի ներսում ոտնահարող ԽՍՀՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ հայկական որոշակի տարածքների չհիմնավորված, սակարկման ենթակա պահանջով եւ ԽՍՀՄ-ի հետպատերազմական շահերով։ Օրինակ՝ ԽՍՀՄ-ը պատրաստ էր հայրենադարձների բնակեցման համար իբր նախատեսված Կարսի, Արդահանի եւ Արդվինի տարածքների պահանջից հրաժարվել, եթե Թուրքիան փոխարենը նեղուցների շրջանում իրեն տրամադրեր ռազմական հանգրվանի տարածք, իսկ եթե հրաշքով այդ տարածքները ԽՍՀՄ-ին տրվեին, ապա դրանց մեծ մասը Ստալինը նախատեսել էր նվիրել խորհրդային Վրաստանին։



Սփյուռքահայերի հայրենադարձության քարոզչություն է իրականացնում նաեւ Հ3 հեռուստաընկերության «Խոսքի ուժը» հաղորդաշարը՝ Կարինե Հակոբյանի հեղինակությամբ, որին մասնակցեցի նոյեմբերի 2-ին։ Հաղորդումը, ըստ իս, նպատակին չծառայեց, քանզի դրանում զգալի տեղ հատկացվեց եգիպտահայ հայրենադարձ Գառնիկ Սվազլյանի պատմությանը եւ խնդրո թեմային չվերաբերող հարցերին։ Հաղորդման ժամանակ «Խոսքի ուժն» ուղղվեց խոսքի ազատության դեմ, պատահական չէ, որ իմ խոսքը ներկայացվեց աղճատված տեսքով, մինչդեռ խոսքի ուժ ուներ ներգաղթի կողմնակից Քնարիկ Ավագյանը՝ Գառնիկ Սվազլյանի թոռնուհին։ Ի դեպ, Հ3-ը կարող է առանձին հաղորդում նվիրել Գ․ Սվազլյանին, չէ՞ որ նա նպաստել է Երկրորդ աշխարհամարտում երկրորդ ճակատի բացմանը։ Այդ մասին ահա թե ինչ է գրում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «սփյուռքագետ» Ք․Ավագյանը․ «Նա գաղտնի պատրաստել եւ հայերի ու հատկապես անգլիացի եւ ամերիկացի զինվորների շրջանում ձրի տարածել է Սովետական Միության խորհրդանիշերով արծաթյա կրծքանշաններ՝ «Soviet Union Good» («Սովետական Միությունը լավն է»), ասելով՝ իր նպաստը բերել դաշնակից տերությունների կողմից համաշխարհային պատերազմում 2-րդ ճակատի բացմանը։ Մատնությամբ եգիպտական իշխանությունները բռնագրավել եւ ոչնչացրել են 300 կրծքանշան, իսկ հեղինակին՝ որպես «չեզոք մտքեր պղտորող», կրկին ձերբակալել տվել։ Հետո պարզվեց, որ Սովետական Միությունը վատն է․ հայրենադարձների զգալի մասին աքսորեց Սիբիր։



Հ3-ը եթե ընդդիմադիր է, պիտի խոսի ոչ թե հայրենադարձությամբ Հայկական հարցի լուծման հիմնական երաշխիքի՝ Սփյուռքի համայնքների քայքայման, ինչպես 70 տարի առաջ արեց Ստալինը, այլ ուժեղացման, ադրբեջանահայերի իրավունքները պաշտպանելու, ազատագրված տարածքներում նրանց բնակեցնելու, արտագաղթը կանխելու, Հայաստանում օրինականություն հաստատելու, ընտրակեղծիքներով ընդունված Սահմանադրությունն ու ժողովրդին կուսակցականացնող՝ նրա ընտրական իրավունքը ոտնահարող Ընտրական օրենսգիրքը փոխելու մասին։ Այսօր, նախընտրական Հայաստանում, սրանք են «ընդդիմադիր» հասկացությունը բնորոշող հիմնական չափորոշիչները։



Համաշխարհային պատմությունն այնպիսի նախադեպեր չունի, ինչպիսիք ստեղծեցին ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունները։ Օրինակ, տարածքների ու դիրքերի, մեծաթիվ զոհերով ուղեկցվող կորուստը համարել հաղթանակ։ Կամ ազատագրել հայկական տարածքներն ու հայ փախստականներով չբնակեցնել։ Եթե առաջինը քարոզչական նպատակ է հետապնդում, ապա երկրորդը հանցանք է։ Եթե ՀՀ վարչախմբերը (թե՛ ՀՀՇ, թե՛ ՀՀԿ) 25 տարվա ընթացքում, իրենց կոալիցիոն գործընկերներով (ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ) հանդերձ, չեն կարողացել կամ չեն ցանկացել, կամ վախեցել են, կամ Ռուսաստանը թույլ չի տվել բնակեցնել Ադրբեջանից ազատագրված տարածքները, չեն բարձրացրել Հայկական հարցն ու դրա բաղադրիչը կազմող Նախիջեւանի հիմնահարցը եւ Մինսկի խմբի համանախագահներին չեն ներկայացրել Արցախի բուն հիմնահարցը, չեն կարողացել կանխել արտագաղթը եւ կազմակերպել արցախահայերի ներգաղթը, պետականորեն չեն ճանաչել Հայերի ցեղասպանությունը (ավելին, ՀՀ երեք նախագահներն էլ տարբեր առիթներով հայտարարել կամ ակնարկել են, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի), նշանակում է, որ ՀՀ վարչախմբերին անվարան կարելի է մեղադրել ազգադավության մեջ։ Հետեւաբար ու բնականաբար, նրանք բարոյական իրավունք չունեն մնալու ՀՀ իշխանության ղեկին։ Չէ՞ որ Ադրբեջանը վաղուց է բնակեցրել հայկական տարածքները։ Ինչ է, Հայաստանից տեղափոխված ազերիներն ավելի հայրենասեր են, քան Ադրբեջանից բռնագաղթած հայե՞րը։ Հայ ժողովուրդն ի Հայաստան, ի Սփյուռս չպիտի հանդուրժի նման դավաճանություն։ Վերոհիշյալի համար ե՛ւ ՀՀՇ-ն, ե՛ւ Նժդեհի գաղափարները գործնականում աղավաղող ՀՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՀ նախագահները վաղ թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջեւ, եթե գոնե այժմ չձեռնարկեն արդեն դժվար ու ծանր, բայց ազգային անվտանգության տեսանկյունից հույժ կարեւոր՝ ազատագրված անվտանգ տարածքներն ադրբեջանահայերով բնակեցնելու գործը։ Ահա թե ուր պիտի ուղղորդել Գագիկ Ծառուկյանի «անսպառ» հնարավորությունները եւ հեռուստաընկերությունների քարոզչությունը։ Սա է իսկական հայրենասիրությունը եւ ոչ թե կոմպրադորությունը կամ ընտրաներկայացումների ուղղությամբ ծախսումներ կատարելը։



Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆ