«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղում «գրանտային» անձրեւ է սպասվում

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղում «գրանտային» անձրեւ է սպասվում

Վահան Մարտիրոսյանը Վրաստանն Իրանի հետ կապող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը կառուցող չորրորդ նախարարն է։ Ծրագրի առաջին տրանշի վարկային համաձայնագիրը կնքվել է 2009 թվականի հոկտեմբերին, նախարար Գուրգեն Սարգսյանի օրոք։ Մանուկ Վարդանյանի ժամանակ երկրորդ տրանշը կնքվեց, մրցույթներ ու ժամանակացույցներ մշակվեցին, ավարտվեցին բանակցությունները միջազգային կառույցների, Ասիական բանկի հետ։ Բուն շինարարությունն իրականացվեց Բեգլարյանի ժամանակ։ Այս տարի 100 մլն․ դոլարի շինարարություն է ծրագրված։ Վահան Մարտիրոսյանին բաժին է ընկել ամենածանր հատվածը՝ բետոնալցման աշխատանքները։ Բայց գալով պաշտոնի, նա հրահանգել է դադարեցնել աշխատանքները։ «Այս տարի, ինչպես տեսաք, հոկտեմբերից ձյունը սկսեց գալ։ Բետոնապատման աշխատանքները կատարվում են 5 աստիճանից բարձր պայմաններում, իսկ հոկտեմբերից ջերմաստիճանն իջավ, եւ իմ կարգադրությունն էր չշարունակել, որպեսզի անորակ ճանապարհ չկառուցեն»,- բացատրում է նա, բայց շատ գաղտնիքներ չի բացում։ Խուսափում է կոնկրետացնել, թե ուր է հասնելու «Հյուսիս-հարավը» 2017 թ․։ «Կախված է եղանակային պայմաններից»։ Չի հստակեցնում նաեւ, թե ավտոմիջանցքի հատկապես որ հատվածներում են թերություններ եղել։ «Ես անձամբ եմ եղել այնտեղ,- ասաց նախարարը,- ցանկացած շինարարության մեջ կարող է լինել փոքր հատված, որը կատարվում է անորակ, բայց դրանք կոնկրետ քանդվել են, նորից են կառուցվել»։ Թե ինչ թերությունների մասին է խոսքը եւ այլ հետաքրքիր մանրամասներ բացահայտեց շինարարությանը մոտ կանգնած մեր ճշգրիտ աղբյուրը։ Ըստ նրա, ճանապարհի տեխհսկողությունն իրականացնող ֆրանսիական կազմակերպությունը որոշ հատվածներում ճաքեր է հայտնաբերել, նորմատիվային շեղումներ եւ պահանջել է շինարարներից իր հաշվին շտկել դրանք, ինչը եւ շինարարները բարեխղճորեն կատարել են։ «Հյուսիս-հարավն» առաջին կատեգորիայի ճանապարհ է, որն անվտանգության նորմատիվներ է ենթադրում։ Առաջիկայում նախատեսվում է ճանապարհին կից կառույցներ, անվտանգության գոտի, բենզալցակայաններ եւ սպասարկման այլ օբյեկտներ կառուցել, ինչը ենթադրելու է հողերի ազատում, բնակելի տարածքների վերանայում, բայց այս ամենը դեռ քննարկման փուլում է։ Հույսեր կան, որ այս տարի «Հյուսիս-հարավի» շինարարները վերջապես կհասնեն Հայաստանի ամենախարխուլ ճանապարհներին՝ Քաջարանից Ագարակ ընկած 36 կիլոմետրանոց հատվածին։ Մրցույթներն արդեն անցկացվել են։ «Մնում է ամփոփումը»,- ասում է մեր աղբյուրը։ Նախագծման եւ կառուցման մրցույթի նախաորակավորման փուլն անցկացվել է դեռեւս անցյալ տարվա հուլիսին։ Գարնանը կհայտարարվի հաղթողը։ 



Մեր տեղեկություններով, մրցույթին մասնակցում է հայտնի գերմանական ՇԹՐԱԲԱԳ (STRABAG) ընկերությունը, որը մեծ մասնակցություն ունի ռուսական շուկայում։ Արդյո՞ք սրա հետեւում էլ ինչ-որ օլիգարխի ականջներ են երեւալու, եւ կհաջողվի՞ Մարտիրոսյանին չեզոքացնել հայտնի մեխանիզմը, երբ մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, ապա գործը հանձնում հայկական ենթակապալառու ընկերությանը։ Օրինակ, «Հյուսիս-հարավի» շրջանակներում Շիրակ-Արգավանդ ճանապարհը կառուցելու մրցույթում փաստացի հաղթել է իտալական «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» ընկերությունը, սակայն այն կառուցում է Գագիկ Ծառուկյանը։ «Հյուսիս-հարավի» մի մասն էլ կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ-ն, որի անունը կապվում է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, տրանշ 2-ով նախատեսված Դավթաշեն-Աշտարակի մայրուղու հետ կապված էլ հնչում էր Թոխմախի Մհերի անունը։ Ժամանակին «Հյուսիս-հարավ» ծրագրի պատասխանատուներին շատ էին քննադատում այն բանի համար, որ շինարարական աշխատանքները սկսել են ոչ թե Հայաստանի սահմանամերձ շրջաններ տանող քանդուքարափ ճանապարհներից, ինչպիսին է, ասենք, Քաջարան-Ագարակ հատվածը, այլ համեմատաբար բարեկարգ Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատվածներից։ Պաշտոնապես սա բացատրում էին ֆինանսական պատճառներով՝ որ այս հատվածներում նախատեսված էր կատարել միայն ծածկի փոփոխման աշխատանքներ, ինչը նվազ ծախսատար էր։ Ըստ որոշ աղբյուրների էլ, պատճառը ոչ այնքան ֆինանսական, որքան քաղաքական էր։ Ասիական բանկը երկար ժամանակ չէր համաձայնում ֆինանսավորել դեպի Իրան տանող մայրուղու շինարարությունը, քանի որ Իրանը «սանկցիաների տակ» էր։ Այսօր Իրանի նկատմամբ սանկցիաներ չկան, այս երկրի համար կանաչ լույս է վառվել։ ԵՄ-ն այն նույնիսկ տարանցիկ ճանապարհ ճանաչեց, իսկ դա նշանակում է, որ 2017 թվականին Հայաստանը կկարողանա խոշոր գրանտային միջոցներ ստանալ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ