Ես ունեմ կոնկրետ մեկ ձայն․ Ճոյտ

Ես ունեմ կոնկրետ մեկ ձայն․ Ճոյտ

Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ ցուցակով։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ դեռ չի որոշել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարություն չի արել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ․ «Երբ կլինի հայտարարություն, այդ ժամանակ հստակ կորոշենք։ ՀՀԿ ցուցակը երկբեռնված է և կարծում եմ, որ ՀՀԿ-ի ցուցակում ես տեղ չունեմ, ՀՀԿ-ում համախոհները ավելի շատ են, քան մյուս կուսակցություններում։ Միայն ռեյտինգայինով եմ փորձելու ես իմ ուժերը չափել և տեսնենք, թե որ կուսակցությունը ինձ հետ միասին կյանքի կկոչի իմ խիզախ ծրագրերը, որոնք ես ունեմ։ Եթե կարող են, բնականաբար, կփորձենք գնալ, եթե չեն կարող, ես չեմ գնա այն կուսակցության հետ, որը չի կարող իմ ծրագրերը իրականացնել»։



-Այդ ի՞նչ խիզախ ծրագրեր են։



Դա ծրագիր է, որի համաձայն` Հայաստանում կլինի մոտավորապես 2-5 միլիարդի ներդրում 2-3 տարվա ընթացքում և դրանից հետո ամեն տարի կես միլիոնից ավելի զբոսաշրջիկների հոսք կլինի Հայաստանում։ Այդ ծրագիրը ես վաղուց ունեի, պարզապես պետք ա քննարկենք և դա ներկայացնենք մեր պետությանը։ Դա մեկ տարվա ծրագիր չէ, քանի գնա, ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կներգրավվեն։



-Ինչ-որ կուսակցություններ կա՞ն, որոնց ներկայացրել եք այդ ծրագիրը։



Ոչ, կուսակցություններ կան, որոնց հետ ես հանդիպումներ եմ ունեցել, բայց նրանք այդքան մեծամասնություն չեն կարող կազմել, ես տեսնում եմ, որ այդ ծրագրերը կարող են կյանքի կոչվել 1-2 կուսակցությունների կողմից։



-Որո՞նք են այդ 1-2 կուսակցությունները։



Որոնք որ կլինեն մեծամասնություն, առաջին կամ երկրորդ տեղում գտնվող կուսակցությունները։



-Պարոն Հակոբյան, այնուամենայնիվ, մասնակցելու եք ընտրություններին, Էջմիածնում Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում։



Ես իմ շանսերը գնահատում եմ ժողովրդի տված ձայներով, եթե ժողովուրդը կվստահի, ձայն կտա, կուզի, որ ես լինեմ իրենց ներկայացուցիչը Ազգային Ժողովում, բնական ա, որ կգնամ և կաշխատեմ։ Եթե ժողովուրդը չի վստահում ինձ, հետագայում իրենց իրավունքները ԱԺ-ում պաշտպանելու համար, ես չեմ լինի։ Ես ունեմ կոնկրետ մեկ ձայն, որը որ կարող եմ ինքս ինձ ընտրել, մնացածի որոշողը ժողովուրդն ա։



-Այս տարիների ընթացքում ի՞նչ եզրահանգման եք եկել, Դուք ընտրողներ շա՞տ ունեք։



Շատ դժվար ա, երբ մարդը խոսում ա ինքը իր մասին, լավ կլինի սպասենք, քիչ ժամանակ ա մնացել, այդ ժամանակ կստանանք ժողովրդի գնահատականը, թե ինչպես են գնահատում իմ ապրածը, վստահում են ինձ, թե չեն վստահում։ Ինչ գնահատական կլինի, ես այդ գնահատականին համաձայն եմ։



-Պարոն Հակոբյան, սոցհարցում էիք արել՝ պարզելու մարդիկ որ կուսակցություններին են վստահում։



Քանի քարոզչությունը չի սկսվել, կոռեկտ չի լինի, որ ես դա հրապարակեմ։ Սահմանադրությամբ կարելի է և քարոզչություն անել, և հակաքարոզչություն, քանի որ մեկնարկը տրված չէ, այս ժամանակ ես ձեռնպահ կմնամ դա դարձնել հանրության սեփականությունը։ Երբ քարոզչության մեկնարկը լինի, այս ամիսների աշխատածը, որ ունենանք մեր ձեռքի տակ, կփորձենք ներկայացնել հանրությանը։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ