Զորամաս՝ 5-աստղանի հյուրանոցի պայմաններով

Զորամաս՝ 5-աստղանի հյուրանոցի պայմաններով

Դիլիջանում ֆինանսների նախարարության շքեղ հանգստավայրը «Մոնթե Մելքոնյան» վարժարանին փոխանցելու մասին որոշումը գրեթե կայացված է։ Այս «ուսումնական կենտրոնը», որն ընդամենը 4 լսարան ունի, մնացածը լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտհրապարակներ ու բար-ռեստորաններ են, տալիս են ՊՆ-ին։



Այս «փոքր Վերսալն» արդեն երեք տեր է փոխել։ Կնքահայրը նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանն էր։ 2010-ին, լինելով Պետեկամուտների կոմիտեի նախագահ, նա գնեց Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տանը պատկանող 3,5 հեկտարը, որը հետագայում դարձավ 25 հա։ Երբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, շենքը հանվեց ֆիննախի հաշվեկշռից եւ փոխանցվեց ՊԵԿ-ին։ Չինովնիկական միջավայրում սա ընկալվեց որպես Գագիկ Խաչատրյանի դեմ արված քայլ, իսկ հանրությունը չընդունեց 33 տոկոս աղքատություն ունեցող երկրի պաշտոնյաների համար աստղաբաշխական գներով հանգստավայր կառուցելու միտքը։ Միայն շինմոնտաժային աշխատանքների համար մինչեւ 2015-ը ծախսվել է 10 մլրդ. դրամ։ Թեեւ իրազեկները նշում էին, որ իրական ծախսը մոտ է 20 մլրդ.-ին։ Թանկ շինարարությունն իրականացնելու համար բյուջեից նորանոր ներարկումներ էին արվում։ Շինկազմակերպություններն ընտրվում էին ոչ թե մրցույթով, այլ բանակցային գործընթացով, ինչը սովորաբար արվում է օպերատիվ ծախսերի դեպքում։ Չինովնիկների հանգստավայր կառուցելը Հովիկ Աբրահամյանի օրոք առաջին անհրաժեշտության ծախս էր համարվում։ Կենտրոնի համար գույք էին գնում լավագույն խանութներից, իսպանական եւ իտալական արտադրության շինանյութ, թանկ վարագույրներ, ջակուզիներ եւ այլն։ Անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց ՊԵԿ-ի հաշվեկշռում գտնվող Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանձնել պետգույքի կառավարման վարչությանը: Ըստ որոշման՝ Դիլիջանի Պարզ լճի 24/1 եւ 26/1 հասցեներում գտնվող 12 մլրդ․ 607 մլն․ դրամ հաշվեկշռային արժեքով անավարտ շինարարության օբյեկտը գույքով ՊԵԿ-ից հետ վերցվեց եւ անցավ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը: Լուրեր շրջանառվեցին, որ շուտով օլիգարխներից մեկը, գուցե հենց ինքը՝ Գագիկ Խաչատրյանը, կգնի բաղձալի շենքը, եւ այն կծառայի տուրիզմի զարգացմանը։ Բայց հինգաստղանի հանգստավայրի տերը դարձան «Մոնթե Մելքոնյան» վարժարանի կուրսանտները, որոնց մեծ մասն անապահով ընտանիքներից է։ Նրանք Վիգեն Սարգսյանի նախաձեռնության շնորհիվ գոնե սկզբնական շրջանում կհայտնվեն դրախտում, քանի դեռ շենքը չի թալանվել, չի կեղտոտվել, թանկ աթոռներն ու վարագույրները չեն փոխվել, ջակուզիները չեն թալանվել։



Այս որոշումը ոգեւորությամբ են ընդունել ռազմական մանկավարժները, զինվորականները։ Նրանք ասում են, որ սա արդար է, որ «Մոնթե Մելքոնյան» վարժարանի սաներն արժանի են ճոխ պայմանների։ Կուրսանտների մի մասը «Մոնթե Մելքոնյան» վարժարան է տեղափոխվել, քանի որ հանրակրթական դպրոցներում ուսման ցածր ցուցանիշներ են ունեցել եւ չեն կարողացել կամ չեն ցանկացել ավագ դպրոց գնալ։ Ռազմական վարժարանը, որտեղ տղաները նաեւ գիշերում են, եւ որը զորամասի կարգավիճակ ունի ու 3 տարվա ուսման ծրագիր, նրանց փրկում է փողոցից, գործազրկությունից, սնունդ եւ տանիք է տալիս, ինչպես նաեւ կյանքում արժանի տեղ գտնելու՝ սպա դառնալու եւ հայրենիքին ծառայելու հնարավորություն։



«Մենք ունենք լավ սպայական անձնակազմ, ստեղծեցինք ռազմական ակադեմիա, վերեւի օղակը փայլուն կայացել է, հիմա էլ սպայական կադրեր մատակարարող ավագ դպրոցների ցանց է ստեղծվում, դրանք կատարելագործվում են, եւ ռազմաուսումնական համակարգը դառնում է մի ամբողջություն, որում վարժարանն ու բարձրագույն հաստատությունը՝ զինվորական ակադեմիան, ներդաշնակ են»,- ասաց ակադեմիայի մանկավարժներից մեկը։ Բայց որքանո՞վ է մոտ հարկային տեսուչների եւ մաքսավորների 5-աստղանի հանգստավայրը զորամասի պայմաններին։ Հարկայինի աշխատակիցներն էլ ցավով են ընդունել կենտրոնը վարժարանին տալու որոշումը։ «Դա ամենամեծ սխալն է, ոնց որ բանակայինին տաս 5-աստղանի հյուրանոց, եւ հետո, գնալով խրամատներ, նրանք՝ ուզած-չուզած, կհամեմատեն խրամատի պայմաններն այդ հյուրանոցի պայմանների հետ եւ չեն ադապտացվի»,- ասաց համակարգին մոտ կանգնած մեր զրուցակիցը։ Նրանք չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն, քանի որ մեր երկրում առողջ ու բաց բանավեճ նման հարցերի շուրջ սովորաբար չի լինում։



Իսկ մենք ընդամենը հիշեցնենք, որ 2016-ին «Մոնթե Մելքոնյանը» մոտ 200 կուրսանտ ուներ, իսկ այժմ նաեւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների մի մասն է միանալու նրանց, եւ սաների ընդհանուր թիվը կլինի մոտ 250-300։ Դիլիջանի կենտրոնը 500-700 մարդու համար էր հաշվարկված, եւ մեծ է վտանգը, որ դրա ընդամենը մի փոքր մասը կօգտագործվի ուսումնական նպատակներով, հիմնական հատվածը՝ թենիսի կորտերով ու բար-ռեստորաններով, կդառնա ՊՆ բարձրաստիճան չինովնիկների եւ նրանց ընտանիքների հանգստավայրը։ Դրա օրինակն ունենք՝ կրկին Դիլիջանում։ Վազգեն Սարգսյանի օրոք պաշտպանության նախարարությանն անցավ Դիլիջանի հայտնի «Լեռնային Հայաստան» առողջարանը, որտեղ տարիներ շարունակ հանգստանում էին նախարարության չինովնիկները եւ նրանց ընտանիքների անդամները։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ