Տարվա հրաժարականները

Տարվա հրաժարականները

2016 թվականը հարուստ էր պաշտոնափոխություններով: Եղան մի շարք հրաժարականներ՝ Հայաստանում եւ աշխարհում: Հրաժարականների մեծ մասը կապված էր սկանդալների հետ, սակայն՝ ոչ Հայաստանում: Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու եկան-գնացին պաշտոնյաները: Հիշենք Հայաստանում եւ աշխարհում հայտարարված ամենաուշագրավ հրաժարականները:



12.01.2016թ. - Հրաժարական տվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Պատճառները չասաց, սակայն նրա զեկույցները քննադատության թիրախում էին հայտնվում, հատկապես՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի: Անդրեասյանը մտավ քաղաքականություն:



27.01.2016թ. - Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիանա Տոբիրան հրաժարական տվեց: Պատճառն այն է, որ պաշտոնավարման ողջ ընթացքում չկարողացավ անել որեւէ բան, որ ընդդիմությունը չքննադատի: Բանը հասել էր նրան, որ անգամ կառավարությունն էր քննադատում նրան:



29.01.2016թ. - Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշեւիչյուտեն հրաժարական տվեց: Պատճառն ուղիղ եթերում խոստովանությունն էր, թե տարիներ առաջ կաշառք է տվել բուժանձնակազմին:



03.02.2016թ. - Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարար Այվարաս Աբրամովիչը հրաժարական տվեց: Ղեկավարությունը չէր թողնում բարեփոխում անել:



12.02.2016թ. - Ճապոնացի պատգամավոր Կենսուկե Միյաձակին հրաժարական տվեց: Հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ հետ, այն ժամանակ, երբ նրա կինը պետք է ծննդաբերեր: Ի դեպ, նա առաջարկում էր նաեւ դեկրետ տղամարդկանց համար:



18.02.2016թ. - Հրաժարական տվեց ճապոնացի պատգամավոր Կաձույա Մարույաման: Նա ելույթում նշել էր, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ստրկական արյուն» ունի:
Ընդդիմությունն ասաց, որ նրա հայտարարությունը վնասում է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ հարվածի տակ է դնում մարդու հիմնարար իրավունքները։



26.02.2016թ. - Մոլդովայի գլխավոր դատախազ Կոռնելիու Գուրինը հրաժարական տվեց: Դա բացատրեց կառույցի բարեփոխման անհրաժեշտությամբ:



15.03.2016թ. - Բանգլադեշի կենտրոնական բանկի ղեկավար Ատիուր Ռահմանը հրաժարական տվեց, երբ ցանցահենները երկրի ոսկու եւ տարադրամի պահուստներից ավելի քան 100 մլն․ դոլար գողացան: Պարզվեց, որ նա դեպքը թաքցրել է 4 ամիս եւ կառավարությանը չի հայտնել: Քարտերը խառնեց մամուլը:



09.04.2016թ. - Պորտուգալիայի մշակույթի նախարար Ժուան Սուարիշը հրաժարական տվեց սոցցանցում իր գրառման պատճառով: Նախարարն ասել էր, որ պետք է գտնի երկու լրագրողներին, որոնք քննադատաբար են արտահայտվել իր աշխատանքի մասին, ու նրանց «անձնական ապտակ տա»:



11.04.2016թ. - Ղրղզստանի վարչապետ Սարիեւը հայտնեց հրաժարականի մասին: Պատճառը մեծ ավտոճանապարհի շինարարության մեջ չարաշահումներն էին:



03.04.2016թ. - Գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» (ICIJ) կազմակերպության հետ համատեղ հրապարակեց Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Կոստա Ռիկայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում եւ մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր՝ օֆշորային ընկերություններ կազմակերպելու հարցում մասնագիտացած Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11.5 մլն․ փաստաթղթերը, որում տեղեկություններ կան աշխարհի նախկին եւ ներկա առաջնորդների, բազմաթիվ պաշտոնյաների, 3 տասնյակ միլիարդատերերի մասին: Նրանք գումարների լվացման եւ հարկերից խուսափելու սխեմաներ էին կազմել: Փաստաթղթերն առնչվում են 200-ից ավելի երկրների: Բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տվեցին Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիան, Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյունլեյգսոնը: Թեեւ անգլիացիները պահանջում էին վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականը, սակայն նա ամիսներ անց հրաժարական տվեց բոլորովին ուրիշ առիթով: Մալթայում եւս բողոքի ցույցեր էին՝ վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հրաժարականի պահանջով։ Այս սկանդալը չշրջանցեց Հայաստանը: Ապրիլի 18-ին հրաժարական տվեց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը։



18.04.2016թ. - Հայտարարությունը, թե Իսրայելը պաղեստինցիներին վերաբերվում է այնպես, ինչպես նացիստները հրեաներին, Շվեդիայում բնակկոմունալ տնտեսության հարցերով նախարար Մեհմետ Կապլանի հրաժարականի պատճառ դարձավ:



09.05.2016թ. - Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Կլոդ Բարտոլոնը պաշտոնից ազատեց տեղակալ Դենի Բոպենին, որին ոտնձգությունների եւ սեռական ագրեսիայի մեջ էին մեղադրում իր անդամակցած Կանաչների կուսակցության մի խումբ կին պատգամավորներ:



31.05.2016թ. - Բրազիլիայի հակակոռուպցիոն նախարար Ֆաբիանո Սիլվեյրան հրաժարական տվեց: Petrobras նավթային պետական ընկերության 250 աշխատակից հրաժարվում էին աշխատանքի գնալ, քանի դեռ Սիլվեյրան նախարար է:



13.06.2016թ. - Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելեւիչսը հրաժարական տվեց, երբ թերթերից մեկը հրապարակեց, որ հնարավոր է նախարարը պետության հաշվին փոքրիկ վիրահատություն է արել Լատվիայի ուռուցքաբանական կենտրոնում, այն էլ՝ շրջանցելով հերթը:



15.06.2016թ. - Տոկիոյի քաղաքապետ Յոիտի Մասուձոեն հրաժարական ներկայացրեց, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյան պետական ավտոմեքենայով ամեն օր մեկնում է իր՝ քաղաքից դուրս գտնվող տուն։



11.07.2016թ. - Ռուսաստանի նախագահի երեխաների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Պավել Աստախովը հրաժարական տվեց: Երկու նավակ ու մեկ լաստ՝ Կարելիայի մանկական ճամբարի երեխաներով, ընկել էր փոթորկի մեջ Սյամոզերոյում: Հայտնաբերվել էր 13 երեխաների դի: Եվ ահա հանդիպելով փոթորկից փրկվածներին, Աստախովը հարցնում է. «Դե ինչ, ո՞նց լողացիք»:



24.07.2016թ. - Նեպալի վարչապետ Հադգա Փրասադ Օլին խորհրդարանի կողմից անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկությունից կարճ ժամանակ առաջ հրաժարական ներկայացրեց՝ վախենալով, որ կպարտվի:



04.08.2016թ. - ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց: Նա պատճառ բերեց առողջությունը, չնայած որ, ըստ բազմաթիվ հրապարակումների, հրաժարականի պատճառը հուլիսյան հայտնի դեպքերն էին՝ ՊՊԾ գնդում:



13.08.2016թ. - Շվեդիայի կառավարության պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը` 29-ամյա Աիդա Խադզիալիչը, հրաժարական տվեց այն բանից հետո, երբ ոստիկանները նրան բռնեցին ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս: Նա զբաղեցնում էր Շվեդիայի գիմնազիաների հարցով նախարարի պաշտոնը:



30.08.2016թ. - Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների նախարար Էմանուել Մակրոնը հրաժարական ներկայացրեց: Պատճառն այն է, որ նա հաճախ էր հակադրվում երկրի նախագահին ու վարչապետին: Ու մի օր էլ չդիմացավ…



08.09.2016թ. - Հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ»,- ասաց նա: Կառավարությունը մի շարք կադրային փոփոխությունների ենթարկվեց, ինչը զարմանալի էր:



01.11.2016թ. - Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Իյադ Մադանին հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հասցեին կատակը զայրացրեց այդ երկրի իշխանություններին: Մադանին սխալվել էր՝ Թունիսի նախագահին աս-Սեբսի կոչելու փոխարեն նշելով եգիպտոսցի առաջնորդ աս-Սիսիի ազգանունով: Սխալմունքը հարթելու համար ասել էր, որ վստահ է՝ նրա սառնարանում «ոչ միայն ջուր կա»: Մադանին ակնարկել էր Եգիպտոսի նախագահի հայտարարությունը, որը վերջերս նշել էր, որ «10 տարի իր սառնարանում ջրից բացի ուրիշ ոչինչ չի եղել»:



16.11.2016թ. - ԱՄՆ Վիրջինիա նահանգի ամենամեծ քաղաքի քաղաքապետ Բեւեռլի Ուելինգն ստիպված հրաժարական տվեց առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին Facebook-ում արված «բարձրակրունկներով կապիկ» գրառումը «լայքելու» համար:



19.11.2016թ. - ՀՀ ԴԱՀԿ պաշտոնյա, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց՝ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին համարելով ստախոս, որը հանրապետության նախագահին իրականությանը չհամապատասխանող փաստեր է ներկայացրել։ «Ես նրա ենթակայությամբ չեմ կարող աշխատել, նա ստախոս է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդում»,- ասաց նա մամուլին: Նրա դեմ ծառայողական քննություն էր սկսվել:



04.12.2016թ. - Ֆիլիպինների փոխնախագահ Լենի Ռոբերդոն հրաժարական տվեց, քանի որ դեմ էր նախագահ Դուտերտեի՝ թմրադիլերներին առանց դատարանի սպանելու քաղաքականությանը։



05.12.2016թ. - Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հրաժարական տվեց, քանի որ այդ մասին խնդրել էր կինը:



Իհարկե, կան նաեւ դեպքեր, երբ եղել է հրաժարականի պահանջ, բայց չեն տվել, եղել են դեպքեր, երբ կարեւոր պատճառներով հրաժարական են ներկայացրել, սակայն ղեկավարությունը չի ընդունել:



Սակայն հիմնականում այս հրաժարականներն ուսանելի են: Նմանատիպ դեպքեր մեզանում կատարվում են, բայց հրաժարական չի տրվում, բացի այդ, մեզանում չի պատճառաբանվում հրաժարականը, ու թվում է՝ նրան պաշտոն էր պետք, եկավ, ինչ-ինչ խնդիրներ լուծեց ու գնաց:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ