Գիտնականները հարստացել են, բայց բոլորը դոկտոր չեն դառնա

Գիտնականները հարստացել են, բայց բոլորը դոկտոր չեն դառնա

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ անցյալ տարի իրականացրած ծրագրերից 42-ը ֆինանսավորել է պաշտպանության նախարարությունը։ 2016 թվականի համար ՀՀ բյուջեից գիտության ոլորտին հատկացվել է 14.2 միլիարդ ՀՀ դրամ, իսկ այս տարի 0,8 տոկոսով ավելի կհատկացվի։ Գիտպետկոմի նախագահն անհավանական թվեր հրապարակեց։ Ասաց, որ գիտության ոլորտում մոտ 6 հազար 700 աշխատողներ կան, որոնցից 1200-ից ավելին 200 հազար դրամից մինչեւ 450 հազար աշխատավարձ են ստանում, եւ որ Հայաստանում 400 բարձր եւ միջին ռեյտինգ ունեցող գիտնականներ կան։ «Մենք հասել ենք նրան, որ ակտիվ գիտնականը տարբեր ծրագրերից կարող է փող ստանալ»,- ինքն իրեն «գալոչկա» դրեց Սամվել Հարությունյանը։ Նա երեկվա ասուլիսում չխոսեց ձախողումներից։ Բանն այն է, որ Գիտպետկոմի նախագահը գիտության միաստիճան համակարգին անցնելու ջատագովն է, ըստ որի՝ վերացվում է գիտությունների թեկնածուականը, եւ մնում է միայն մեկ գիտական աստիճան՝ դոկտորի։ Սամվել Հարությունյանը նույնիսկ բարեփոխումների հայեցակարգ էր գրել, բայց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ի չիք դարձրեց այս ծրագիրը։ Տարեվերջյան ասուլիսում նա հայտարարեց․ ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով կգործի երկաստիճան համակարգ՝ գիտությունների թեկնածու (PHD, մասնագիտության դոկտոր) եւ գիտությունների դոկտոր, որը լրացուցիչ նկարագրության անհրաժեշտություն ունի: Օրինակ, շատ երկրներում դոկտորի աստիճանը չի պաշտպանվում, այն տրվում է ըստ իր վաստակի»։ Նախարարն ավելացրել էր նաեւ, որ, այնուամենայնիվ, համակարգը վերանայման եւ կարգավորման կարիք ունի. «Մասնագիտությունների խոշորացում, կոնկրետ մասնագիտությունների համար փոքր խմբերի ձեւավորում, հստակ չափանիշների սահմանում, բանակից խուսափելու համար գիտությամբ զբաղվելու բացառում եւ այլն»։ Սամվել Հարությունյանի մյուս ցանկությունը ԲՈՀ-ի գործառույթները Գիտպետկոմին փոխանցելն է։ Անցյալ տարեվերջին նա «Հրապարակին» ասել էր, որ այս տարբերակը քննարկվում է։ Համակարգում լուրեր են տարածվում, որ Հարությունյանը շատ է ցանկանում գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող հանձնաժողովը բաժնի կարգավիճակով մտցնել կոմիտեի մեջ։ Այս ծրագիրը, եթե հաշվի առնենք կառավարման մարմինների օպտիմալացման գործընթացը, այնքան էլ անհավանական չէ։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Գիտպետկոմը կառավարչական մարմին է, իսկ ԲՈՀ-ը՝ գործակալություն։ ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանն ասաց, որ ինքը նման ծրագրի մասին չի լսել։ Կրթության եւ գիտության նախարարությունից այս լուրերը եւս չեն հաստատում։ «Նման քննարկում չկա։ Եթե խոսենք օպտիմալացման մասին, ապա այս պահին ավելի դրված է նախարարության համակարգի օպտիմալացման խնդիրը»,- պատասխանեց Լեւոն Մկրտչյանի խոսնակը։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ