Վեդու ջրամբարը կկառուցի «Սահակյանշին» ընկերությունը

Վեդու ջրամբարը կկառուցի «Սահակյանշին» ընկերությունը

Վեդու ջրամբարի շինարարության մասին կառավարությունը խոսում էր դեռեւս 2014 թվականից, երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն Արամ Հարությունյանն էր: Միաժամանակ 4 ջրամբարներ էին ծրագրում կառուցել Հայաստանում` Շիրակի մարզում գտնվող 25 մլն․ խմ ծավալով Կապսի ջրամբարը, ուսումնասիրություններ են ընթանում Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարների շուրջ, իսկ երեկ սկսվեց Վեդու ջրամբարի կառուցումը: Վեդի գետով տարեկան Արաքս է լցվում մոտ 30 մլն․ խորանարդ մետր ջուր: Վարարման շրջանը չի համընկնում ոռոգման շրջանի հետ, եւ ահռելի քանակության ջուր ուղղակի հոսում է դեպի հարեւան Թուրքիա: Ահա ինչու 29 մլն․ խորանարդ մետր ծավալով վարարաջրերի ամբարումն ապահովող այս ջրամբարն Արարատի գյուղերի բնակչության համար ոռոգման սեզոնին ուղղակի փրկություն կլինի: Երեկ, ահա, Ջրային կոմիտեի նոր պետ Արսեն Հարությունյանը, որը, ըստ լուրերի, գործում է բացառապես վարչապետի գլխավոր խորհրդական, Ջրպետկոմի նախկին ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի կուրացիայի ներքո, ազդարարեց Վեդու ջրամբարի շինաշխատանքների մեկնարկը: 



«Բուն շինարարական աշխատանքները կսկսվեն մարտ ամսից, երբ տաք եղանակ լինի,- պարզաբանեցին Ջրպետկոմից,- իսկ հիմա դեռ շինարարական տեխնիկայի անցկացման համար ուղիներ են մաքրում: Վատ եղանակային պայմանների պատճառով հիմա շինարարությունն սկսել հնարավոր չէ»: Այս ջրամբարում կհավաքվեն Վեդի ու Խոսրով գետերի վարարումների ջրերը, որոնք կուղղվեն Արարատյան հարթավայրի մոտ 3200 հեկտարը ոռոգելուն: Ծրագրի արժեքն 90 մլն․ եվրո է, որից 75 մլն․-ն վարկային միջոցներ են, Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրամադրված, իսկ 15 մլն․-ն տալիս է մեր կառավարությունը: Այսպիսով, այս ծրագիրը մեր պետական պարտքն ավելացնելու է 75 մլն․ եվրոյով: Երկու փուլով շինարարական կազմակերպության մրցույթ է անցել, որի արդյունքում ընտրվել է «Սահակյանշին» ընկերությունը, որը ՊԵԿ-ի պատվերով կառուցում էր սկանդալային շքեղությամբ հայտնի Դիլիջանի 5-աստղանի ուսումնական կենտրոնը, Մոնթե Մելքոնյան ճանապարհային հանգույցը, Մարմարիկի ջրամբարը․ Արզնի-Շամիրամ կանալը, Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղին, «CITADEL» բիզնես կենտրոնը եւ այլն։



Ջրամբարի շինարարական աշխատանքները կտեւեն 4 տարի: Մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն․ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով: Շահագործման ծախսերը եւ ջրի կորուստները, որոնք ներկայում մոտ 50 տոկոս են, կկրճատվեն մինչեւ 15-20 %: «Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18 մլն․/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³-ով, որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող եւս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը»,- հայտնում են կոմիտեից:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ