Միհրան Պողոսյանի «Պանամայի բարդույթը»

Միհրան Պողոսյանի «Պանամայի բարդույթը»

Սովորաբար, քրեական գործ կարճելու մասին որոշումները հրապարակում են իրավապահ մարմինները։ Եթե, ասենք, ՀՔԾ-ն կարճում է օֆշորային ընկերությունների եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ վարույթը, ապա հենց այս մարմինն էլ հաղորդագրություն է տարածում այդ մասին։ Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այնքան է ուրախացել, որ օֆշորային գոտում՝ Պանամայում իր գրանցած 3 ընկերությունների բաժնետեր լինելու վերաբերյալ քրգործը կարճվել է, որ չի էլ սպասել ՀՔԾ-ին։ Նրա գրասենյակը երեկ ռմբակոծում էր մամուլը գործի ավարտն ավետող հաղորդագրություններով։ Սա վկայում է այն մասին, որ Միհրան Պողոսյանը հատուկ հիվանդություն է ձեռք բերել վերջին 10 ամսում՝ Պանամայի բարդույթ։ Նա ջանում է ապացուցել բոլորին, որ ինքն օֆշորային գեներալ չէ եւ չի զլացել համագործակցել իրավապահների հետ։ «Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների եւ Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական «LGT» բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետեւաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստիեւ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»,- տարածել է Պողոսյանի գրասենյակը։ ՀՔԾ-ն մեր հարցմանն ի պատասխան մանրամասներ չբացահայտեց, ընդամենը հայտնեցին․ «Ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել քրեական գործում վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»։ Հանրությունն այս մասին գիտի վաղուց՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված գործը հարուցելուց մի երկու-երեք շաբաթ էր անցել, բայց Միհրան Պողոսյանին հարցաքննությունների չէին կանչում։ Նաեւ լուրեր տարածվեցին, որ քննիչները լուրջ բացահայտումներ են արել, բայց դրանց ընթացք տալու հրահանգ չկա։ Այնպես որ, Քեթրինի Միհրանին պատժված տեսնելու հույսեր ունեցող միամիտներ չկային, իսկ հանրությունը բավարարվեց նրա երկար սպասված հրաժարականով, որն այս պատմությունից ի սկզբանե ակնկալվող միակ «պլյուսն» էր։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ