Դատապարտյալները նոր հիվանդանոց կունենան

Դատապարտյալները նոր հիվանդանոց կունենան

Անցյալ շաբաթ կառավարությունը հաստատեց քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների արդիականացման հայեցակարգը: Ըստ դրա, կալանավորների եւ դատապարտյալների բուժսպասարկման ոլորտում կտրուկ փոփոխություններ են կատարվելու, որոնք դեռ վերջնական տեսքի չեն բերվել: Ի՞նչ է լինելու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարությունում հայտարարեց, որ հնարավոր է այն փակվի: Իսկ մենք տեղեկություններ ունենք, որ հիվանդանոցը շարունակելու է գործել, բայց փոխվելու է վերջինիս ենթակայությունը, այն փոխանցվելու է այլ կազմակերպության: Պարզաբանման համար դիմեցինք արդարադատության նախարարություն եւ հետեւյալ պատասխանն ստացանք․ ««ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգով, հիվանդանոցային ձեւով բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով, առաջարկվում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։ Առաջինը՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնության տրամադրումն իրականացնել միայն քաղաքացիական հիվանդանոցներում՝ տարածքային տեղակայումից ելնելով, եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Երկրորդը՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» եւ այն վերափոխել որոշակի մասնագիտական (այդ թվում՝ հոգեբուժական, վերականգնողական, խնամքի) հիվանդանոցային ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության, իսկ մասնագիտացված բուժօգնության հիմնական մասը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում: Դիտարկվել է նաեւ երրորդ տարբերակը՝ օտարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքն ու կից հողամասը եւ ստացված գումարով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել (կամ վերակառուցել) նոր հիվանդանոց: Որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ՝ դիտարկվել է նաեւ օպտիմալացման ենթակա քաղաքացիական հիվանդանոցներից մեկը որպես քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար նախատեսված հիվանդանոց վերակազմակերպելու հնարավորությունը»: Կավելանա՞ արդյոք քաղաքացիական հիվանդանոցներում բուժվող դատապարտյալների թիվը: Ի՞նչ կարգով է որոշվելու դատապարտյալներին այդ հիվանդանոցներ տեղափոխելու հարցը: Պատասխանը կապված է այն մոդելի հետ, որը կընտրվի կառավարության կողմից քրեակատարողական համակարգի հիվանդանոցային ծառայությունների արդիականացման ընթացքում: Նախարարությունից հայտնում են, որ քաղաքացիական հիվանդանոցներում դատապարտյալների թվի ավելացման վերաբերյալ այս փուլում հստակ գնահատական հնարավոր չէ տալ: Բայց սկզբունքը լինելու է այն, որ ՔԿՀ-ում գտնվող անձը պետք է ստանա նույն ծավալի եւ որակի բուժօգնություն, ինչ ստանում է համայնքում ապրող ցանկացած անձ: «Այս սկզբունքից ելնելով՝ հայեցակարգի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը պետք է հիվանդանոցային ծառայություններ ստանա այն բժշկական հաստատությունում, որը կկարողանա ապահովել պատշաճ որակի եւ ծավալի բուժօգնություն: Ըստ այդմ, պատիժը կրող եւ կալանավորված անձը, ըստ անհրաժեշտության, բուժումը կստանա քաղաքացիական բուժհաստատություններում: Ինչ վերաբերում է քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու գործընթացին, հայեցակարգի համաձայն, պետք է ստեղծվեն այնպիսի օրենսդրական բազա եւ մեխանիզմներ, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձի հոսպիտալացման հարցի վերաբերյալ որոշում կայացնի բացառապես որակավորված բժշկական անձնակազմը՝ բացառապես բժշկական ցուցումներից ելնելով»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ