Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկերն էժանացվելու են

Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկերն էժանացվելու են

Երիտասարդ ընտանիքները եւ մինչև 30 տարեկան այն երիտասարդները, որոնք տուն չունենալու պատճառով չեն կարողանում ամուսնանալ, վաղուց էին սպասում, որ նոր վարչապետը վերջապես կանդրադառնա իրենց բնակարանային հարցին: Եվ ահա, վերջապես այդ օրը եկավ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հանձնարարեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին վերանայել «Մատչելի բնակարան» ծրագրի պայմանները, այն ավելի մատչելի դարձնելուն ուղղված առաջարկներ մշակել ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի հետ։



Ավելանալու է ծրագրի՝ ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը եւ նվազեցվելու է հիպոթեքի կանխավճարը։ Սա ընկալվում է որպես նախընտրական քայլ, որը պետք է բարձրացնի ՀՀԿ-ի եւ անձամբ վարչապետի վարկանիշը։ Տուն գնելու պայմանների վերջին «թեթեւացումը» տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի օրոք։ Բարձրացվեց ձեռք բերվող բնակարանների արժեքը և շահառուների տարիքային շեմը, երկրորդ գույքի գրավադրման պահանջ դրվեց՝ փոխարենը նվազեցնելով կանխավճարը։ Կոնկրետ ի՞նչ է փոխվելու այս անգամ, որքանո՞վ ավելի ձեռնտու կլինեն հիպոթեքի պայմանները երիտասարդ ընտանիքների համար, առայժմ հայտնի չէ։ Այս հարցով 2010 թվականից զբաղվող սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը թվեր չի նշում։ «Չեմ կարող թվեր հնչեցնել, որովհետեւ դեռ դրանք քննարկվում են։ Կարող եմ ասել, որ կանխավճարի փոքր նվազեցում պետք է կատարվի»։ Որոշ մանրամասներ փորձեցինք պարզել: 



- Ինչ-որ հստակություն կա՞, այնուամենայնիվ, կամ, ասենք, անցյալ անգամ, երբ պայմանները փոխեցիք, ի՞նչ արդյունք եղավ։



- Խոսքը կանխավճարի նվազեցման եւ ձեռք բերվող գույքի արժեքի շեմի բարձրացման մասին է։ Երկու դեպքերում էլ որոշակի ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եւ այս պահի դրությամբ, քանի որ հանձնարարականն այսօր ենք ստացել, եւ աշխատանքային խումբն էլ դեռ ի մի չի բերել հնարավոր առաջարկները, կարող եմ մեկ դիտարկում անել։ 2016 թվականին կատարված փոփոխությունն էապես փոխեց ծրագրի ընթացքը, ավելացրեց շահառուների քանակը։ Սովորաբար տարեվերջին, վերջին եռամսյակում միշտ պասիվություն էինք նկատում, իսկ կատարված փոփոխությունից հետո զգալի շարժ արձանագրվեց։ Այն մեծ ֆինանսական ռեսուրսներ տարավ։ Տարվա համար պլանավորված գումարը 350 մլն․ դրամ գերազանցել էինք։ Ուժերի լարման արդյունքում խնդիրները լուծեցինք, եւ ծրագիրը բնականոն շարունակվեց։ Հիմա էլ մտավախություն է առաջացել, որովհետեւ նման փոփոխությունների ժամանակ սովորաբար մեծ հոսք է սկսվում, եւ ֆինանսապես պետք է կարողանաս դիմանալ ու սպասարկել ծրագիրը։ Ամեն դեպքում, պետք է մեր ուժերը ճշգրիտ հաշվարկենք, բայց հանրապետության վարչապետի հանձնարարականները լավագույնս կկատարվեն, եւ ծրագիրը կբերվի այն տեսքի, որ մատչելիությունը թիրախային շեմի համար կբարձրանա։



- Խոսակցություններ կային 0 տոկոս կանխավճարի մասին։ Դրանք ռեա՞լ են։



- 0 տոկոս կանխավճար չի կարող լինել ոչ մի դեպքում։ 0 տոկոսը ոչ միայն ֆինանսական ռեսուրսի խնդիր է առաջացնում, այլեւ դա պատասխանատվության ամրագրում է շահառուի համար։



- Ե՞րբ կգործեն նոր հիպոթեքի պայմանները։



- Կարծում եմ՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք առիթ կունենանք կառավարության նիստում հաստատել համապատասխան փոփոխությունները։



Այսօրվա պայմաններն են՝ 10 տոկոս կանխավճար՝ մինչեւ 18 մլն․ դրամ արժեքով բնակարանի համար, եւ 30 տոկոս կանխավճար, եթե այն արժե մինչեւ 25 մլն․։ Մեր տեղեկություններով, գույքի գնի շեմը սահմանվելու է մինչեւ 27-30 մլն․ դրամ, իսկ կանխավճարը կլինի 15, կամ 20 տոկոս՝ Երեւանում, եւ 7 տոկոս՝ մարզերում։ Վարկի մարման ժամկետը մնալու է անփոփոխ՝ մինչեւ 20 տարի, իսկ վաղաժամ մարելու համար տույժ ու տուգանք չի սահմանվելու։ Հավանական է, որ հիպոթեքային վարկերը կտրամադրվեն առավելագույնը տարեկան 8 տոկոսով՝ Երեւանում, եւ 6 տոկոսով՝ մարզերում։ Մինչ օրս «Մատչելի բնակարան» ծրագրով բնակարան է ձեռք բերել մոտ 2 հազար 600 ընտանիք։ Եթե ֆինանսների նախարարությունը «ժլատություն» չանի եւ կանխավճարի էական փոփոխության գնա, ոչ թե ձեւական, ապա այս թիվը կտրուկ աճելու է։ Գաղտնիք չէ, որ երիտասարդ ընտանիքների համար, որոնք հազար ու մի հոգս ունեն, ցածր աշխատավարձ եւ գումար կուտակելու գրեթե զրոյական շանսեր, հիպոթեքի համար պահանջվող կանխավճարի ներկայիս չափն անհաղթահարելի է։ Կանխավճարը նրանց փոխարեն հաճախ վճարում են ծնողներն ու հարազատները, որոնք նույնպես ազատ գումարներ չունեն եւ, ինչպես ՀՀ քաղաքացիների մեծ մասը, կքում են վարկերի տակ։ Էժան հիպոթեքից կարողանում են օգտվել միայն այն երիտասարդ զույգերը, որոնք մարզերում 250 հազար դրամ, իսկ Երեւանում գոնե 350-400 հազար դրամ եկամուտ ունեն։ Իսկ այդպիսիք քիչ են։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ